«ՊՆ-ն սուրբ է և արդար»․ տարվա 16-րդ մահը «խաղաղ» պայմաններում
Ոչ մարտական պայմաններում այսօր ևս մեկ զինծառայող է մահացել՝ 16-րդը տարվա սկզբից։
Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ դեպքը Վերին Շորժայում է եղել։ Քննչական կոմիտեի վարկածը՝ ինքնասպանություն։
«Հուլիսի 3-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, զորամասի պահպանության տեղամասում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Սարգիս Արթուրի Խաչատրյանը», – հաղորդել են ռազմական գերատեսչությունից։
Ավելի ուշ Քննչականից տեղեկացրել են՝ Սոթքի բնակիչ, 21-ամյա պայմանագրայինը «դիտորդի պարտականությունները կատարելիս ինքն իրեն հրազենային վնասվածք է պատճառել՝ կզակի հատվածում»։ Զինծառայողին հոսպիտալ են հասցրել, բայց կյանքը փրկել չի հաջողվել։
Դեպքի վայրի զննություն արդյունքում քննիչները հայտնաբերել են զինծառայողին ամրակցված ինքնաձիգը։ Ըստ ՔԿ-ի, դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Համագյուղացիների խոսքով, Սարգիսը տան ավագ զավակն էր, իրենից փոքր 2 եղբայր և 1 քույր ուներ։ Հայրը մահացել էր, մորը օգնելու համար տղան «Պատիվ ունեմ» ծրագրով մեկնել էր պայմանագրային զինծառայության։
Սարգիս Խաչատրյանը՝ աջից, աղբյուրը՝ սոցցանցեր
«3 զինվորի մահ 18 օրում։ Ոչ մի փոփոխություն բանակում, զինվորները շարունակում են կյանքից զրկվել խաղաղ պայմաններում։ Մոտ մեկ շաբաթ առաջ մահացած զինծառայող Դավիթ Ներսիսյանը, ըստ ՊՆ-ի հաղորդագրության, մահացել է 20 րոպեի ընթացքում։ Շարքում կանգնած ինքնազգացողությունը վատացել է և 20 րոպե հետո մահացել։ Խայտառակ հաղորդագրություն։ ՊՆ-ն սուրբ է և արդար, հատկապես Պապիկյանի օրերում։ Զոհվածների ընտանիքներին ստիպում են լռել զինկոմիսարիատների խիստ հսկողության ներքո, իսկ եթե մեկը ձայն հանի՝ վարչապետի և Պնախարարի մակարդակով հրապարակային մեղադրանք սպառնալիք է իջեցվում ընտանիքի հասցեին։ Հիշեք ձնարբուքից մահացած զինվորի դեպքը։ Դեռ զինվորին հողին չհանձնած ընտանքը մեղայական խոսքերի փոխարեն լսում էր մեղադրանքներ ու սպառնալիքներ Ազգային ժողովի ամբիոնից։ Ոչ պատասխանատվություն, ոչ էլ սովորական մարդկային կարեկցանք։ Պետությունն է պատասխանատու զինվորի կյանքի համար», – գրել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսյանը։
մահերի չնվազող վիճակագրություն
Տարեսկզբից Զինված ուժերում առնվազն 20 զինծառայող է մահացել։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանձորի գրասենյակի տվյալներով, նրանցից 15-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում։ Պաշտպանության նախարարությունը որպես կանոն ոչ բոլոր դեպքերի մասին է հընթացս հաղորդում։
Մահերից 3-ը ինքնասպանություն է որակվել (Միքայել Դանիելյան և Արտակ Ավալյան, Սարգիս Խաչատրյան), 5-ը՝ սպանություն (Ավագ Զաքարյան, Գոռ Ասատրյան, Կարեն Կարապետյան, Արմեն Գասպարյան և երեկ մահացած Դավիթ Ներսիսյանը), 1-ը՝ դժբախտ պատահար (Բենիամին Մանուչարյան), 6-ը՝ ավտովթար (4 զինծառայող զոհվել է Մեղրիում անսարքի «ՈՒԱԶ»-ի վթարման հետևանքով, ևս 2-ի զոհերի մասին ոչինչ հայտնի չէ), 1-ը՝ հրդեհ (Արթուր Գրիգորյանի)։
Վերջին տարիներին իրավապաշտպանները ահազանգում են բանակային միջադեպերի էական աճի մասին, որը պատճառաբանում են բարձիթողի վիճակով, ոչ կանոնադրային հարաբերություններով և պատշաճ վերահսկողության բացակայությամբ։ Խնդիրներ կան նաև բուժզննության հետ կապված, ըստ ահազանգների՝ զինկոմիսարիատները հակված են պիտանի ճանաչել նաև առողջական խնդիրներ ունեցող զինվորներին։
The post «ՊՆ-ն սուրբ է և արդար»․ տարվա 16-րդ մահը «խաղաղ» պայմաններում first appeared on Epress.am.