Ձախերը հաղթեցին Ֆրանսիայում, ուլտրաաջերը երրորդ տեղում են
Ֆրանսիայում «Նոր ազգային ճակատ» ձախական կուսակցությունների կոալիցիան հաղթել է ընտրությունների երկրորդ փուլում։ Ձախական ալիանսը նոր խորհրդարանում 182 տեղ կունենա, հայտնում է երկրի Ներքին գործերի նախարարությունը։
Երկրորդ տեղում գործող նախագահ Էմանուել Մակրոնի ցենտրիստական «Միասին» կոալիցիան է (168 տեղ)։ Մարին Լե Պենի և Ժորդան Բարդելլայի ուլտրաաջ «Ազգային միավորում» ալիանսը երրորդ տեղում է (143 տեղ)։
Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 66,63%֊ը։
Քաղաքական ուժերից ոչ մեկին չի հաջողվել մեծամասնություն ունենալ խորհրդարանում։ 577 պատգամավորներից բաղկացած խորհրդարանում մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ է նվազագույնը 289 տեղ։
Գործող վարչապետ Գաբրիել Աթալը պետք է հրաժարական ներկայացնի` հնարավորություն տալով ընտրված ուժին ձևավորել երկրի նոր կառավարությունը։ Հուլիսի 7-ին այս մասին հայտարարելիս, Աթալն ակնարկել է, որ պատրաստ է շարունակել պաշտոնավարումը, եթե ստեղծված անորոշության պայմաններում առաջին երկու տեղերը զբաղեցրած ուժերը որոշեն համագործակցել։
Ընտրությունների առաջին փուլի արդյունքներով «Ազգային միավորումը» առաջին տեղում էր։ Կուսակցության ղեկավարությունը հույս ուներ հաղթել նաև երկրորդ փուլում։ Առաջին փուլի արդյունքներից հետո փորձագետներն ակնկալում էին, որ «Ազգային միավորումը» երկրի նոր խորհրդարանում ի վերջո կունենա շուրջ 300 պատգամավոր։ Ձախական «Նոր ազգային ճակատը» և Մակրոնի «Միասին» կոալիցիան պայմանավորվել էին երկրորդ փուլում համագործակցել ընդդեմ ուլտրաաջերի։ Տեղամասերում երրորդ տեղը զբաղեցրած քաղաքական գործիչները հանում էին իրենց թեկնածությունը ի օգուտ երկրորդ տեղում գտնվող թեկնածուի։ Մարին Լե Պենը հայտարարել էր, որ դա իրենց չի անհանգստացնում։ Երկրորդ փուլից հետո, սակայն, «Ազգային միավորման» վարչապետի թեկնածու Ժորդան Բարդելլոն իրենց պարտության մեջ մեղադրել էր ձախերի ու ցենտրիստների «անպատիվ համագործակցությանը» ։ Քաղաքագետները Լե Պենի կուսակցության պարտության մեջ նաև այլ պատճառներ են տեսնում։ Ֆրանսիայում աջական ուժերը պատմականորեն իշխանություն չեն ունենում, քաղաքացիները դեմ են ծայրահեղ աջ գծին։ Փորձագետների կարծիքով, ընտրությունների առաջին փուլում «Ազգային միավորման» հաղթանակը ստիպել է երկրորդ փուլում ընտրությունների գնալ աջական կոալիցիային դեմ նույնիսկ այն քաղաքացիներին, ովքեր պատրաստվում էին քվեարկությանը չմասնակցել։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրում արտահերթ ընտրություններ (նախատեսվածից 3 տարի ավելի շուտ) հայտարարել էր հունիսի սկզբին` Եվրախորհրդարանի ընտրություններում ֆրանսիական ուլտրաաջերի հաղթանակից հետո։
Հուլիսի 7-ի երեկոյան` ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների հաշվարկի ընթացքում արդեն, հազարավոր քաղաքացիներ հավաքվել էին ֆրանսիական քաղաքների հրապարակներում։ Տոնում էին «Նոր ազգային ճակատի» հաղթանակը։ Փարիզի Հանրապետության հրապարակում տոնակատարության խաղաղ ակցիան վերածվել էր բախումների։ Գրանցվել են մեքենաների, աղբամանների ու փողոցներում կայանված հեծանիվների հրդեհման դեպքեր։ Որոշ քաղաքներում հավաքվածների դեմ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել։
Եվրոպական երկրների առաջնորդները ողջունել են Ֆրանսիայում ձախական ուժի հաղթանակը։ Մարին Լե Պենի «Ազգային միավորման» հաջողության դեպքում Ֆրանսիան կդադարեր օգնություն ուղարկել Ուկրաինային։
The post Ձախերը հաղթեցին Ֆրանսիայում, ուլտրաաջերը երրորդ տեղում են first appeared on Epress.am.