Պատժից խուսափած նախկին ոստիկանապետը հիշեց Փաշինյանին դավաճանած կոլեգային

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գապարյանը, նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը, բարձրաստիճան ևս երկու նախկին ոստիկաններ մեղավոր են ճանաչվել պետական միջոցները վատնելու, յուրացնելու և պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածներով։ Նրանցից ոչ մեկը պատասխանատվություն չի կրի։

Մեկուկես տարվա դատաքննությունից հետո Գասպարյանը մեղավոր է ճանաչվել երկու դրվագով, բայց և ազատվել է քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետները լրանալու հիմքով։ Երկու այլ դրվագով նախկին ոստիկանապետը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 6 տարի ժամկետով ազատազրկման, բայց համաներմամբ ազատ է արձակվել։ Որպես դատական ծախս Գասպարյանից կգանձվի 200 հազար դրամ։

Նույնը՝ Երանոսյանի դեպքում։ Նախկին փոխոստիկանապետը մեղավոր է ճանաչվել երկու դրվագով, սակայն կրկին ազատվել է պատասխանատվությունից՝ վաղեմության ժեմկետները լրանալու հիմքով։ Մեկ այլ դրվագով նա դատապարտվել է 5 տարվա ազատազրկման և համաներմամբ ազատ արձակվել։ Երանոսյանն, ի դեպ, անցած ամիս մեղավոր էր ճանաչվել նաև 2018-ի ցույցերի ժամանակ խաղաղ ցուցարարների դեմ«Զարյա» լուսաձայնային նռնակներ գործադրելու համար, և ինչպես այս դեպքում՝ համաներմամբ ազատվել էր պատժից։

Ըստ իրավապահների՝ 1997-2011 թվականներին Վլադիմիրի Գասպարյանը Ռազմական ոստիկանության վարչության պետի, հետագայում էլ՝ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոններում մի քանի զինծառայողի թույլ է տվել իրենց պարտականությունները կատարելու փոխարեն երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանի մոտ վարորդ աշխատել, իսկ երկու այլ զինծառայողներ էլ եղել են նախկին նախագահի մյուս եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահները: Իրավապահների գնահատմամբ, այս ապօրինի ծառայությունների դիմաց զինծառայողները պետբյուջեից ընդհանուր առմամբ ստացել են 54 միլիոն դրամ աշխատավարձ:

Գասպարյանը մեղադրվում է նաև 2011-2018 թվականներին, երբ արդեն ոստիկանապետ էր, Ոստիկանության հաշվեկշռում գտնվող 15 միլիոն և 10 միլիոն դրամ արժողությամբ անշարժ գույքերը սեփականության իրավունքով Ոստիկանության ծառայողներին, այդ թվում՝ իր դստեր պրոդյուսերին հատկացնելու համար: Խոսքը Վովա Գասպարյանի դստեր՝ երգչուհի Անգելինա Գասպարյանի մասին է։ 

Գասպարյանի մյուս դուստրը՝ Յուլիան, 2022-ին մեղադրվում էր պետական միջոցները վատնելուն օժանդակելու մեջ։ Թեև նա չէր ընդունում մեղքը, բայցև համաձայնել էր վերականգնել պետությանը պատճառված վնասը՝ մոտ 9 միլիոն դրամ։ Դատախազությունը պնդում էր, որ Գասպարյանն իր դստերը պաշտոնի է նշանակել ոստիկանության զորքերում։ Ըստ թղթերի՝ այդ պաշտոնը նա զբաղեցրել է 2015-ից մինչև 2018 թվականները, աշխատավարձ, արձակուրդային և պարգևավճարներ է ստացել, բայց մեկ օր անգամ աշխատանքի չի գնացել։ Համանման գործով էր անցնում նաև նախկին ոստիկանապետի կինը՝ Սուսաննա Գասպարյանը․ ամուսինը նրան գնդապետի հատուկ կոչում է շնորհել և վարձրատրել չկատարած աշխատանքի համար։

Նախկին ոստիկանապետի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը դատական նախորդ նիստին՝ հուլիսի 8-ին, դրվագ առ դրվագ անդրադարձել է մեղադրանքներին՝ տեղի ունեցածը բնութագրելով որպես «աննորմալ», բայց և «ոչ հանցավոր» երևույթ։ Ըստ նրա, այսօր էլ վեցերորդ վարչության ծառայողները և կարմիր բերետավորները, շրջանցելով իրենց օրինական պարտականությունները, զբաղված են պաշտոնյաների թիկնապահությամբ։ Օրինակ՝ ապահովում են Ազգային ժողովի նախագահի և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակների անվտանգությունը, թեև դա իրենց օրինական պարտականությունների մեջ չի մտնում։

Ինչ վերաբերում է օտարված անշարժ գույքերին, նախկին ոստիկանապետի փաստաբանը պնդում էր, որ այդ «հատկացումները» ոչ թե Գասպարյանին մերձավոր մարդկանց բնակարանային պայմանների բարելավման համար են արվել, այլ որպես խրախուսանք լավ ծառայության համար։ Կոչուբաևը հերքեց, որ ոստիկանության ծառայողը, որին ավելի քան 10 միլիոն արժողությամբ գույք է նվիրվել, Գասպարյանի դստեր պրոդյուսերն է եղել։

Վլադիմիր Գասպարյանն էլ հայտարարեց, թե անմեղ է, և պնդեց, որ իր դեմ ցուցմունք տվողների շարքում է եղել նաև իր նախկին աշխատակից Վալերի Օսիպյանը, որը 2018-ի իշխանափոխությունից հետո ոստիկանապետ էր նշանակվել և գեներալի կոչում ստացել, իսկ ավելի ուշ՝ պաշտոնանկ արվել և միացել ընդդիմությանը։ 

«Պարոն Օսիպյանը ոնց դավաճանեց համակարգին, նենց էլ դավաճանեց էն մարդուն, ով իրան ոստիկանապետ նշանակեց և գեներալի կոչում տվեց: Հիմա էլ փորձում ա ընդդիմություն խաղալ: Տեսակն ա տենց մարդկանց», – հայտարարել էր Վովա Գասպարյանը:

The post Պատժից խուսափած նախկին ոստիկանապետը հիշեց Փաշինյանին դավաճանած կոլեգային first appeared on Epress.am.

Читайте на 123ru.net