Ռուսաստանը մեկ օրում 42 մարդ է ոչնչացրել, այդ թվում` 10 երեխա

Հրթիռակոծվել է Կիևի «Օխմատդետ» մանկական հիվանդանոցը։

The post Ռուսաստանը մեկ օրում 42 մարդ է ոչնչացրել, այդ թվում` 10 երեխա first appeared on Epress.am.

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այսօր քննարկվելու է Կիևի «Օխմատդետ»  («охрана материнства и детства»`«մայրության և մանկության պաշտպանություն») մանկական հիվանդանոցին ռուսական հարվածների հետևանքները, գրում է Reutersը։ Նիստը հրավիրվել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Էկվադորի, Սլովենիայի և Միացյալ Նահանգների կողմից։

Հուլիսի 8-ի վաղ առավոտյան ռուսական զինված ուժերը զանգվածային հրթիռակոծության են ենթարկել ուկրաինական մի քանի քաղաքներ։ Վերջին տվյալներով նվազագույնը 42 մարդ զոհվել է, այդ թվում` 10 երեխա, 190-ը վիրավորվել։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։

«Ընդհանուր առմամբ տուժել է շուրջ 100 օբյեկտ՝ մանկական հիվանդանոց, բնակելի տներ, մանկապարտեզներ, ծննդատուն, քոլեջ, բիզնես կենտրոն»,- ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ամենաշատը տուժել են Կիև և Կրիվոյ Ռոգ քաղաքները։ Ուկրաինայի մայրաքաղաքում ավիրվել է երկրի խոշորագույն «Օխմատդետ» մանկական հիվանդանոցի տոկսիկոլոգիայի մասնաշենքը։ Հիվանդանոցի վերակենդանացման և վիրահատական բաժանմունքների շինությունները ևս մասամբ փլուզվել են։ Բուժհաստատությունում գտնվող հիվանդներին տարհանել են երկրի այլ հիվանդանոցներ։ 

Կիևի տարբեր թաղամասերում ռմբակոծության արդյունքում խոշոր հրդեհներ են բռնկվել։ Այրվել է մեկ բիզնես կենտրոն, բնակելի շենքերի ամբողջական շքամուտքեր։ Դնեպրովսկի թաղամասում մասամբ քանդվել է բժշկական կենտրոնի շենքը։ Պայթյուններ են լսվել նաև Դնեպր, Պոկրովսկ, Կրոպիվնիցկի և Կրիվոյ Ռոգ քաղաքներում, ինչպես նաև Դոնեցկի մարզի մի շարք բնակավայրերում։

Օդային հարվածներն արձակել են Կասպից ծովի ջրատարածության ռուսական մարտավարական ռմբարկուները։ Կիրառվել են նաև բալլիստիկ հրթիռներ։ Ուկրաինայի ողջ տարածքում տագնապ էր հայտարարվել։ Հակաօդային պաշտպանությանը հաջողվել է որսալ 38 հրթիռներից 30-ը։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հերքում է քաղաքացիական օբյեկտների թիրախավորման մեղադրանքները։ Գերատեսչությունը պնդում է, որ «հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարվածներ են հասցվել» բացառապես ռազմական արդյունաբերության օբյեկտներին և զինված ուժերի ավիացիոն բազաներին։ Քաղաքացիական ենթակառուցվածքները, ըստ պաշտոնական Մոսկվայի, տուժել են քաղաքի ներսում զենիթահրթիռային համակարգից արձակված ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռի անկման հետևանքով։ 

Ուկրաինայի հատուկ ծառայությունները հայտարարել են, որ մանկական հիվանդանոցի տարածքում գտել են ռուսական X101 հրթիռի բեկորները: Ռուսական տեխնիկան հնարավոր է եղել նույնականցնել նաև դեպքի վայրում արված տեսանյութերում։

The post Ռուսաստանը մեկ օրում 42 մարդ է ոչնչացրել, այդ թվում` 10 երեխա first appeared on Epress.am.

Читайте на 123ru.net