Մարիո Վարգաս Լյոսայի եւ հայ օգտատերերի «բանավեճը»
Մեդիամաքսը հայաստանյան շատ լրատվամիջոցներից տարբերվում է նրանով, որ ունի մեծ քանակի բովանդակություն, որը «չի հնանում» եւ կարող է ընթերցվել նորից եւ նորից: Ամռան ամիսներին, երբ որոշակի «տեղեկատվական սով» է սկսվում, երբեմն սոցիալական ցանցերի միջոցով տարածում ենք այդ նյութերը:
Այդպես վարվեցինք նաեւ այս շաբաթ առաջարկելով հատվածներ կարդալ գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարիո Վարգաս Լյոսայի հարցազրույցից, որը նա 2018 թվականի մարտին տվել էր իսպանական El Pais թերթին եւ որը մենք թարգմանաբար ներկայացրել էինք 6 տարի առաջ:
Մեդիամաքսի ֆեյսբուքյան էջում տեղադրել էինք Լյոսայի խոսքի այս հատվածը.
«Ազգայնականությունն ու ազատությունն անհամատեղելի են: Պարզապես հարկավոր է քերծել մակերեւույթը՝ տեսնելու համար, որ ազգայնականությունը ռասիզմ է պարունակում: Եթե դուք հավատում եք, որ որոշակի երկրի, ազգի, ռասայի կամ կրոնի պատկանելն առաջնահերթություն է, արժեք է ինքնին, ուրեմն դուք հավատում եք, որ ավելի բարձր եք ուրիշներից»:
Ընթերցողներից մեկի թողած այս մեկնաբանությունն անսպասելի չէր.
«Տատիկս ասում էր, որ աշխարհի մարդիկ հայից են առաջացել»:
Ինչպես եւ մեկ ուրիշի արձագանքը.
«ճիշտ էր տատիկը ասում»:
Այս մեկն ավելի «բովանդակային» էր.
«Ես ոչ թե հավատում եմ, այլ համոզված եմ, որ իմ երկիրը, ազգը, ռասան կամ կրոնը չպետք է ոտնահարվեն ուրիշ երկրի, ազգի, ռասայի կամ կրոնի կողմից։ Էս մոտեցումը ժամանակակից աշխարհում պոպուլիստների կողմից համարվում է ազգայնականություն։ Հարց չկա, թող ինձ անվանեն ազգայնական, մենակ թե չկպնեն իմ ազգին, երկրին, արժեհամակարգին... Մեդիամաքս, ձեր վերջին հարցազրույցները, հյուրերը, ընտրված թեմաները հարցեր են առաջացնում...»:
Ենթադրում եմ, որ օգտատերն ակնարկում է զրույցս պատմաբան Ռոնալդ Սյունիի հետ: Զարմացած չեմ, քանի որ այդ զրույցի համար արդեն ահագին «թուք ու մուր» կերել եմ:
Ընդ որում, գրեթե համոզված եմ, որ մեկնաբաններից եւ ոչ մեկը զրույցը սկզբից մինչեւ վերջ չի դիտել: Բայց դա մի կողմ դնենք: Այն մասին, որ մեր հասարակությունը կործանվում է դոգմատիզմի ճիրաններում, սյունակ էի գրել 2023-ին եւ ավելացնելու բան չունեմ:
Եւս մի «մեկնաբանություն» մեջբերեմ (հեղինակի ոճական, ուղղագրական եւ կետադրական «առանձնահատկությունները» պահպանված են).
«ես օրինակ էս մարդու (խոսքը Մարիո Վարգաս Լյոսայի մասին է-հեղ.) հետ համաձայն չեմ։ սա սուտ մտքեր է մտքեր է տալիս։ եթե ես պատկանում որոշակի ազգի, ռասայի, կրոնի էտ չի նշանակում որ ես ինձ բարձր եմ դասում մյուսներից։ էտ նշանակումա որ ես գիտակցություն ունեմ որ բանական մարդ եմ։ մնացած դեպքերում ես կկորցնեմ ինքնությունս ու գորշ զանգվածի մի հյուլե։ ներողություն արտահայտությանս նման մարդիկ նմանվում են կովի որ ուտում և թրքում է ուրեմն ամենինչ լավա։ խորհուրդ եմ տալիս չհավատալ մասսոնականներին ու գլոբալիզտներին։ հենց դրանց պատճառով ենք էս օրին»։
Իսկ ես համոզված եմ, որ «էս օրի» ենք նման մեկնաբանություններ գրողների պատճառով:
Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։