Հայաստանը ներկայացնող ուսանողական թիմը 3-րդ տեղն է գրավել ինքնավար մեքենաների մրցույթում

 Հայաստանը ներկայացնող ուսանողական թիմը 3-րդ տեղն է գրավել ինքնավար մեքենաների մրցույթում

ԳՆԿԿ (CSIE) եւ ՀԱՊՀ համագործակցության շրջանակում օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնում ձեւավորված ուսանողական թիմը` գիտաշխատող Աստղիկ Հակոբյանի գլխավորությամբ, մասնակցել է «American Control Conference 2024» գիտաժողովի ընթացքում «Quanser» ընկերության կողմից կազմակերպած ինքնավար մեքենաների մրցույթին եւ զբաղեցրել պատվավոր երրորդ հորիզոնականը։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը  հայտնել է, որ սա առաջին անգամ է, երբ Հայաստանը ներկայանում էր կառավարման համակարգերի ոլորտում հեղինակավոր «American Control Conference 2024» գիտաժողովին, որին մասնակցում էին հեղինակավոր գիտնականներ ողջ աշխարհից։

Մրցույթին մասնակցել է աշխարհի առաջատար համալսարանները ներկայացնող 39 թիմ, միայն 8-ն է հաղթահարել առաջին փուլը եւ ներկայացել Կանադայում։

«Չնայած բարդություններին՝ հայկական թիմը կարողացավ հենց առաջին փուլից հայտնվել լավագույն եռյակում եւ հնչեցնել Հայաստանի օրհներգը նման պատվավոր գիտաժողովի ընթացքում»,- Ֆեյսբուքում գրել է նախարարը:

Մրցույթի ընթացքում ուսանողները ուսումնասիրել են ավտոմատ կառավարման առաջատար մեթոդներ եւ կիրառել համակարգչային տեսողության ալգորիթմներ՝ լուծելով իրենց առջեւ դրված խնդիրները։ Առաջին փուլի ընթացքում մշակված ալգորիթմները ներդրվել են «Quanser» ընկերության «QLab» վիրտուալ միջավայրում՝ «QCar» վիրտուալ ռոբոտի վրա եւ գրանցել են առաջադրված երթուղու վազանցը 31 վայրկյանի ընթացքում։ Այնուհետեւ արդեն Կանադայում երկրորդ փուլի ընթացքում նույն ալգորիթմը կիրառվել է իրական ռոբոտի վրա։ Երթուղով անցնելիս ռոբոտի վրա կիրառված ալգորիթմն ամբողջովին ավտոնոմ կերպով պահպանել է երթեւեկության բոլոր կանոնները՝ մնալով երթեւեկելի գոտում։

Читайте на 123ru.net