Մաքուր երկաթի գործարանը պարտվել է արհմիութենականին

Մաքուր երկաթի գործարանի տնօրենությունն արհմիությանը ճնշելու, այն փակելու փորձերը սկսել է 2021-ից։

The post Մաքուր երկաթի գործարանը պարտվել է արհմիութենականին first appeared on Epress.am.

Մաքուր երկաթի գործարանի արհմիության նախագահն, ում ղեկավարությունը 2023-ից արգելում է մտնել գործարանի տարածք, հաղթել է դատարանում. օգոստոսի 2-ից արհմիութենականը գործարան ազատ ելումուտ կունենա։

Չնայած արհմիության ղեկավարն իր հայցում պահանջել էր առանց սահմանափակման 24 ժամ գրաֆիկով ելումուտ Մաքուր երկաթի տարածք, Երևանի առաջին ատյանի քաղաքացիական դատարանն արհմիության նախագահի հայցը բավարարել է մասամբ։ Ըստ որոշման վերջինս կարող է լինել ընկերության տարածքում առավոտյան 9-ից մինչև երեկոյան 6-ը՝ բացառությամբ հանգստյան և տոն օրերի:

Գործարանի ղեկավարությունը դատարանում նշել էր, որ իրենք աշխատում են առավոտյան 9-ից մինչև երեկոյան 6-ը, ինչը, սակայն, փաստերի խեղաթյուրում է, քանի որ նման գործարաններն աշխատում են 24 ժամյա ռեժիմով։

Դատարանը նաև վճռել է` Մաքուր երկաթի գործարանից հօգուտ Ալեքյանի գանձել 10 հազար դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։

Մաքուր երկաթի գործարանի տնօրենությունն արհմիությանը ճնշելու, այն փակելու փորձերը սկսել է 2021-ից։ Նախ Մաքուր երկաթը հրաժարվել է արհմիության հետ կոլեկտիվ պայմանագիր կնքել։ Այնուհետև աշխատողներին ստիպել է դուրս գալ արհմիության շարքերից, ինչի պատճառով միությանն անդամակցոողների թիվն ահագին կրճատվել է։ Հետո էլ աշխատանքից ազատել է արհմիության ղեկավարին։

«Դիմեցինք դատարան: Դատարանը պարտադրեց փոխհատուցել մեկ տարվա ամբողջ աշխատավարձը», – Epress.am-ին պատմել էր Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների ճյուղային արհմիության ղեկավար Էդուարդ Փահլևանյանը, հավելելով, որ Մաքուր երկաթի ղեկավարությունը մշտապես խոչընդոտել է ուսումնասիրել աշխատողների անվտանգության հետ կապված միջադեպերն ու պատահարները։

Դատարանի որոշումից զայրացած՝ գործարանի ղեկավարությունն արգելել է արհեստակցական կազմակերպության ղեկավարին մտնել գործարանի տարածք։

Գործարանի հետ կապված խնդիրներն այսքանով չեն ավարտվում։ Մաքուր երկաթի գործարանի մոտ 400 աշխատողներ արդեն երեք ամիս է հարկադրված պարապուրդի մեջ են, ղեկավարությունը նրանց ստիպում է ազատման դիմումներ ստորագրել։ Գործարանից պատճառաբանում են, թե վերամշակելու հումք չունեն, քանի որ Զանգեզուրի կոմբինատը մոլիբդեն չի մատակարարում։ Կոմբինատը, սակայն, պնդում է՝ Երկաթի գործարանը ի՛նքն է հրաժարվել մասնակցել մոլիբդենի գնման վերջին մրցույթին։ Աշխատողներին գործարանը փող չի տալիս։

Ճյուղայինի ղեկավարը լավատես է։ «Վստահ եմ, այս վճռից հետո արհմիությանն անդամակցող աշխատողների թիվը կավելանա», – ասել է Փահլևանյանը։

The post Մաքուր երկաթի գործարանը պարտվել է արհմիութենականին first appeared on Epress.am.

Читайте на 123ru.net