«Տղաս մահացած, Վարդենիսի ռազմականում ինձ ծաղրում են»

Սարգիսի մարմինը դեռ դիահերձարան չտարած՝ Քննչական կոմիտեն նրան արդեն ինքնասպան էր հայտարարել

The post «Տղաս մահացած, Վարդենիսի ռազմականում ինձ ծաղրում են» first appeared on Epress.am.

Հուլիսի 2-ի լույս գիշերը դիրքերում մահացած Սարգիս Խաչատրյանի մայրը որդու ինքնասպանության վարկածին չի հավատում։ Forrights.am-ի հետ զրույցում Թամարա Գասպարյանը պատմել է՝ Սարգիսը Վերին Շորժայում է եղել, կես տարի պարտադիր ժամկետային ծառայությունից հետո նա պայմանագիր էր կնքել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով, 2-ի փոխարեն 5 տարի պետք է ծառայեր։ Մահվանից ժամեր առաջ՝ երեկոյան 7-ի սահմաններում, տղան զանգել է մորը, ուրախ է եղել․ «Իմացավ, որ կոմպոտ եմ փակում, ասաց՝ փակի, որ գամ խմեմ, գնամ ատեստավորման»։ Ընտանիքը օրական մի քանի անգամ խոսել է որդու հետ, վերջին անգամ դեպքից 5 օր առաջ էին տեսել։ Որևէ խնդիր չուներ։

Սարգիսի մարմինը դեռ դիահերձարան չտարած՝ Քննչական կոմիտեն նրան արդեն ինքնասպան էր հայտարարել։

«Վարդենիսի Ռազմական ոստիկանությունում ասում եմ՝ իրենց պատասխանատուն ո՞ւր է, ասում է՝ դա դրեք մի կողմ։ Հարցնում եմ՝ իմ տղան վերջին անգամ ո՞ւմ է հետ է խոսել, որ ասում եք ինքնասպան է եղել, ասում է՝ այդ հարցն էլ դրեք մի կողմ։ Ես այդ պահին գժված, ցնորված էի։

Հարցնում եմ՝ վերջին զանգը ե՞րբ է եղել, ինձ ձեռք են առնում, ասում են՝ դպրոցի վերջին զանգի մասին է խոսքը։ Իմ տղան մահացած, Վարդենիսի ռազմականում ինձ ծաղրում են։ Դա ասելու բա՞ն է։ Իրենց համար զինվորը զրո է։ Իմ տղան միակը չէ։ Հունվարից սկսած 16 դեպք է եղել, իմ տղան 16-րդն է ու սաղ ինքնասպա՞ն եղան», – Forrights-ին ասել է մայրը։

Ռազմականից նա որդու համազգեստն է խնդրել, ասել են՝ քանի որ ինքնասպան է եղել, չենք տա։

Սարգիսի հարազատները վստահ են՝ տղային սպանել են։ Դիրքերում բարդակ է, դեպքի ժամանակ պոստում ոչ պատասխանատու է եղել, ոչ հրամանատար։ Սարգիսի համածառայակիցները, երբ իջել են դիրքից, նույնիսկ չեն եկել զոհված ընկերոջ ընտանիքին ցավակցելու։ Թամարա Գասպարյանը կարծում է, որ եթե թաքցնելու բան չունենային՝ չէին էլ թաքնվի։

Դեպքի օրը, ըստ նրա, տղայի մարտական դիրքը փոխել են, «իր ընկերների հետ չի եղել, էլի Վերին Շորժայում է եղել, բայց իր մշտական պոստում չի եղել»։

Ինքնասպանության թույլ հիմնավորված վարկածը պատճառաբանելու համար արդեն կեղծ վարկածներ են սկսել շրջանառել, թե իբր Սարգիսը ֆինանսական խնդիրներ է ունեցել, ընկերուհուց է բաժանվել և այլն։

«Ռազմականն ինձ ասաց, որ իր ընկերուհին փախել է, ընկերուհու պատճառով է եղել, իբր իր հետ դիտակետում կանգնածը լսել է, որ հեռախոսով է խոսում, տպավորություն է ստացել, որ աղջկա հետ է խոսում։ Սկզբից էս վարկածն էր, բայց իրականություն չէ։ Հետո ասում էին, որ իր սաղավարտն ու ժիլետը տվել է ծառայակցին, ասել է՝ գնում եմ զուգարան ու հետ չի եկել, բայց ես չեմ հավատում իրենց վարկածին։ Ինքը իր կամքով իրեն չէր խփի, կամ իրեն դրդել են, կամ դիվերսիա է եղել, ուրիշ բան չեմ պատկերացնում», – ասել է զոհված զինծառայողի եղբայրը՝ Նարեկ Խաչատրյանը։

Սարգիսը Սոթք գյուղից էր՝ 20 տարեկան, տան ավագ զավակը, երկու եղբայր և մեկ քույր ուներ։ Սոթքի համայնքապետն ավելի վաղ պատմել էր՝ հայրը երեք տարի առաջ մահացել է, ինքն էլ մորն օգնելու համար «Պաշտպան հայրենյաց» է գրանցվել և գնացել պայմանագրային զինծառայության։ 

Նրա հրազենային վիրավորումը, ըստ Քննչական կոմիտեի, եղել է կզակի հատվածում։ Մահը անմիջապես ինքնասպանություն է որակվել, քրեական գործ է հարուցվել 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ զորամասում կամ զինվորական ծառայության կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում:

Թամարա Գասպարյանը պատմել է՝ մինչ այժմ իրենց տուժողի իրավահաջորդ չեն ճանաչել, դիահերձարանում մահվան վկայական չեն տվել, որտեղ պետք է նշված լինի կյանքի հետ անհամատեղելի վնասվածքի նկարագիրը։ Ինչի փաստերի կամ ապացույցների վրա է հիմնվում պաշտոնական վարկածը՝ պարզ չէ։

***

Տարեսկզբից Հայաստանի Զինված ուժերում առնվազն 22 զինծառայող է մահացել։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանձորի գրասենյակի տվյալներով, նրանցից 17-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում։ 

Մահերից 3-ը ինքնասպանություն է որակվել (Միքայել Դանիելյան, Արտակ Ավալյան, Սարգիս Խաչատրյան), 5-ը՝ սպանություն (Ավագ Զաքարյան, Գոռ Ասատրյան, Կարեն Կարապետյան, Արմեն Գասպարյան և Դավիթ Ներսիսյան), 1-ը՝ դժբախտ պատահար (Բենիամին Մանուչարյան), 5-ը՝ ավտովթար (4 զինծառայող զոհվել է Մեղրիում անսարքի «ՈՒԱԶ»-ի վթարման հետևանքով, ևս 1-ի մասին ոչինչ հայտնի չէ), 1-ը՝ հրդեհ (Արթուր Գրիգորյանի), 2-ը՝ ինքնաթիռի վթար։

Հուլիսի 11-ին ավտովթարից նաև երկու զորացրված զինծառայողներ են զոհվել․ քանի որ նրանք բանակից տուն էին վերադառնում քաղաքացիական տաքսիով, պաշտպանության նախարարությունը սա ծառայության հետ կապ չունեցող դեպք է որակել։

Վերջին տարիներին իրավապաշտպանները ահազանգում են բանակային միջադեպերի էական աճի մասին, որը պատճառաբանում են բարձիթողի վիճակով, ոչ կանոնադրային հարաբերություններով և պատշաճ վերահսկողության բացակայությամբ։ Խնդիրներ կան նաև բուժզննության հետ կապված և պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող ավտոմեքենաների անսարքության հետ կապված։

The post «Տղաս մահացած, Վարդենիսի ռազմականում ինձ ծաղրում են» first appeared on Epress.am.

Читайте на 123ru.net