Շառլ Միշելը վերսկսել է միջնորդական ջանքերը, գրում է Politico-ն
Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելը վերսկսել է միջնորդական ջանքերը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն հաստատելու նպատակով, գրում է Politico պարբերականը:
Politico-ի հետ զրույցում երկու բարձրաստիճան դիվանագետներ հաստատել են, որ Լոնդոնում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Շառլ Միշելը առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ:
Հոդվածի համաձայն, Միշելը նաեւ նամակ է գրել նրանց՝ կոչ անելով վերադառնալ բանակցությունների սեղանին եւ «ավարտին հասցնել խաղաղության պայմանագիրը»՝ առաջընթաց ապահովելով չլուծված հարցերի վերաբերյալ:
Նշվում է, որ չնայած Միշելի հետ հանդիպումներին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Լոնդոնում հանդիպելու հնարավորություն չգտան՝ դրանում մեղադրելով միմյանց:
«Կողմերը պետք է դադարեցնեն խաղերը եւ համաձայնության գան, քանի որ նախագահ Միշելն արել է ԵՄ-ից կախված հնարավոր ամեն ինչ՝ խաղաղ պայմանագրին հասնելու համար», - ասել է Եվրոպական Խորհրդին նախագահին մոտ կանգնած բարձրաստիճան դիվանագետը: