Վարչապետը փախավ, բանգլադեշցիներին արդարություն է խոստանում գեներալը

11 հազար մարդ ձերբակալվել է։

The post Վարչապետը փախավ, բանգլադեշցիներին արդարություն է խոստանում գեներալը first appeared on Epress.am.

Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան հրաժարական է ներկայացրել ու փախել երկրից` շարունակական բողոքի ցույցերի ու բախումների ֆոնին։

Տեղական լրատվամիջոցները գրում են, որ Հասինան կրտսեր քրոջ հետ Հնդկաստան է գնացել ռազմական ուղղաթիռով, որից հետո նրա նստավայր են ներխուժել ցույցերի մասնակիցները։ Վարչապետը նախատեսում էր ժողովրդին ուղղված կոչ ձայնագրել հեռանալուց առաջ, բայց դրա հնարավորություն չի եղել։

Արյունալի բողոքի ցույցերի մասնակիցները Հասինայի հրաժարականը պահանջում էին հենց ամենասկզբից, իսկ այսօր զինվորականները նրան 45 րոպե ժամանակ էին տվել` պաշտոնը թողնելու համար։

Վարչապետի փախուստից հետո Բանգլադեշի բանակի գլխավոր հրամանատար Ուոքեր-ուզ-Զամանը հանդիպում է ունեցել երկրում գործող կուսակցությունների ղեկավարների հետ։ Քննարկումից հետո նա հայտարարել է, որ ժամանակավոր կառավարություն են ձևավորել, և որ բողոքի ակցիաների ժամանակ տեղի ունեցած բռնության մեղավորները պատժվելու են։ Ուզ-Զամանը ցուցարարներին կոչ է արել կանգ առնել։

Նույն ժամանակ մայրաքաղաք Դաքքայում հազարավոր մարդիկ երթով շարժվում էին դեպի քաղաքի կենտրոն։ Ցուցարարների մեջ մեծ թիվ են կազմում կանայք։

Օգոստոսի 3-4-ը Դաքքայում ընթացող ակցիաների ընթացքում սպանվել է նվազագույնը 95 մարդ։ Հայտնի է, որ դրանցից 18-ը կառավարամետ ակտիվիստներ էին, 14-ը՝ ոստիկան, 1-ը՝ լրագրող։ Զոհերի մեծամասնության ինքնությունը հստակեցված չէ։ Հարյուրավոր մարդիկ հոսպիտալացվել են։

Բանգլադեշում ընթացող բողոքի ցույցերը սկսվել են ուսանողական ակցիաներից։ Երկրի անկախության համար կռված վետերանների հարազատներն աշխատանքային քվոտաներ ունեն մինչ օրս։ Առանց այն էլ փոքր աշխատաշուկայով և մեծ գործազրկությամբ երկրում, ուսանողների պնդմամբ, նման քվոտաները խանգարում են աշխատանք փնտրելու առանց այն էլ բարդ պրոցեսում։ Այսպիսի կետային պահանջով սկսված բողոքի ալիքն աստիճանաբար մեծացել ու վերածվել է հակակառավարական ցույցերի։ Դրան նպաստել է ոստիկանական բռնությունը, որ գործադրվում էր ուսանողների նկատմամբ։ Քվոտաների մասին օրենքն ի վերջո դատարանի որոշմամբ չեղարկվել է։ Հուլիսյան բողոքի ակցիաների ժամանակ ուժայինների հետ բախումների արդյունքում 200 մարդ է սպանվել։

Ներկայիս ցույցերի մասնակիցները պահանջում էին վարչապետի հրաժարականը։ Շեյխ Հասինան պաշտոնը զբաղեցնում էր արդեն 15 տարի` չորս ժամկետ։ Ցուցարարները հարձակվում էին կառավարական շենքերի, պատգամավորների տների ու ոստիկանական բաժանմունքների վրա։ Նախապես հայտարարել էին, որ իշխանությունների հետ ոչ մի տեսակի համագործակցությունների գնալ չեն պատրաստվում։ Ակցիաների մասնակիցները քաղաքացիներին կոչ էին անում չգնալ աշխատանքի և չվճարել հարկերն ու կոմունալ ծառայությունների վճարները։

Պրոտեստային անկարգությունները կանգնեցնելու համար Բանգլադեշի իշխանությունները մայրաքաղաք Դաքքայում և այլ շրջաններում պարետային ժամ են հայտարարել, բջջային ինտերնետը չի գործում։ Ցույցերի մեկնարկից ի վեր ձերբակալվել է ավելի քան 11 հազար մարդ։

The post Վարչապետը փախավ, բանգլադեշցիներին արդարություն է խոստանում գեներալը first appeared on Epress.am.

Читайте на 123ru.net