Ucom-ի աջակցությամբ արեւային կայան է տեղադրվել Ծաղկավանում
Արեւորդի հասարակական կազմակերպության եւ Ucom ընկերության համագործակցության արդյունքում 11.02 կվտ դրվածքային հզորությամբ արեւային ֆոտովոլտային կայան է տեղադրվել Տավուշի մարզի Բերդ համայնքի Ծաղկավան բնակավայրի մանկապարտեզի տանիքի վրա։
Կայանից գոյացած էներգիան կապահովի մանկապարտեզի հոսանքի ամբողջ ծախսը, ինչպես նաեւ կթեթեւացնի ջեռուցման ծախսը։ Սա հնարավորություն կտա տնտեսված միջոցները ուղղել մանկապարտեզի այլ խնդիրների լուծմանը։
Մանկապարտեզների ծախսերի կրճատումը համայնքներում առաջնային կարեւորություն ունի, քանի որ հաճախ համայնքային միջոցները բավարար չեն երեխաների համար լավագույն պայմաններն ապահովելու համար։ Ինչպես նշեցին համայնքի ներկայացուցիչները, ցանկացած նման ներդրում մեծապես թոթափում է այդ ֆինանսական բեռը։
«Սա առաջին արեւային կայանը չէ, որ Արեւորդու հետ տեղադրում ենք մարզային համայնքներում, ու ամեն կայանը տեղադրելուց չափազանց ուրախանում ենք, քանի որ գիտենք` ինչ մեծ ազդեցություն ենք ունենում համայնքների կյանքի որակի վրա։ Սա լավ է եւ՛ շրջակա միջավայրի համար, եւ՛ համայնքի բյուջեի։ Խնայելով էլեկտրաէներգիայի վրա ծախսվող գումարները՝ նրանք կարող են այլ կարեւոր խնդիրներ լուծել։ Սա Հայաստանի մարզերի բնակիչների հանդեպ հոգատարություն ցույց տալու Ucom-ի ձեւն է», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Արեւորդի ՀԿ-ի եւ Ucom-ի այս համագործակցությունը համատեղում է երկու հիմնարար համայնքային խնդրի լուծում. կայուն կենսակերպի ձեւավորում հանուն բնության պահպանության եւ համայնքային զարգացում։ Այս ծրագրով մենք նաեւ ցույց ենք տալիս, թե ինչպես բնահեն լուծումները կարող են լինել տնտեսապես շահավետ, ինչը արժեքավոր օրինակ է համայնքի հետագա զարգացման համար», - ասել է Արեւորդի ՀԿ-ի տնօրեն Սոնա Քալանթարյանը:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ucom ընկերությանը եւ Արեւորդի ՀԿ-ին այս արեւային կայանը տեղադրելու համար մեր մանկապարտեզում։ Սա լուրջ օգնություն էր համայնքին, որովհետեւ ջեռուցումը բավականին թանկ հաճույք է այսօր, եւ մենք արդեն մեր համայնքապետի հետ պայմանավորվել ենք, որ խնայած միջոցներով կբարեկարգենք մանկապարտեզի շուրջը։ Արեւային կայաններ Ծաղկավանում մինչ այս տեղադրված չեն եղել, եւ հույս ունեմ՝ սա լավ օրինակ կլինի մեր համագյուղացիներին, որ արդեն իրենց սեփական տներում էլ ունենան այս հիանալի միջոցը», - նշել է Բերդ համայնքի Ծաղկավան բնակավայրի Վարչական ղեկավար Իսկանդար Մեհրաբյանը:
«Արեւորդի» ՀԿ-ի եւ Ucom-ի համագործակցությամբ արեւային կայանների տեղադրման ծրագրի նոր փուլի շրջանակում սա արդեն երկրորդ տեղադրված կայանն է այս տարի։