Փաշինյան. Անկախության հռչակագրի եւ Սահմանադրության բովանդակությունը նույնական չեն

Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 34-րդ տարեդարձի առթիվ ուղերձում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասել է.

«1990թ. օգոստոսի 23-ին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը ընդունեց Անկախության հռչակագիրը: Այս փաստաթղթով Հայաստանի ժողովուրդը ի լուր աշխարհի բարձրաձայնեց անկախ պետություն ունենալու իր ցանկության մասին եւ արձանագրեց իր կամքը:

Անկախության հռչակագրին հղումը 1995 թվականին տեղ գտավ եւ մինչեւ օրս առկա է Հայաստանի Սահմանադրության նախաբանում: Բայց, ի հեճուկս ամենատարբեր մեկնաբանությունների, սա չի նշանակում, թե Անկախության հռչակագրի ողջ բովանդակությունը ներառված է ՀՀ Սահմանադրության մեջ եւ այս երկու փաստաթղթի բովանդակությունը նույնական են:

Դրա ամենավառ ապացույցը Հռչակագրի 5-րդ հոդվածն է, որտեղ ասվում է.

«Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական եւ հասարակական անվտանգության մարմիններ»:

Չնայած Հռչակագրի նման ձեւակերպմանը, Հայաստանի Սահմանադրությամբ ՀՀ Զինված ուժերը, Ոստիկանության զորքերը, պետական եւ հասարակական անվտանգության մարմինները երկրի խորհրդարանին չեն ենթարկվում, այլ մինչեւ 2015թ. սահմանադրական փոփոխությունը ենթակա են եղել երկրի Նախագահին, իսկ 2018թ. ապրիլից հետո՝ Կառավարությանը:

Սա ուղղակիորեն եւ աներկբա ի ցույց է դնում, որ ՀՀ Սահմանադրության մեջ արտահայտված են Անկախության Հռչակագրի միայն այն դրույթները, որոնք արտահայտված են ուղղակի, բառացի եւ տառացի եւ որեւէ այլ մեկնաբանություն պարզապես պատեհ չէ:

Անկախությունը, ինքնիշխանությունը, պետականությունը, մեր ինքնության եւ ինքնուրույնության պահպանման անփոխարինելի ինստիտուտներն են, եւ 1990թ․ օգոստոսի 23-ին մենք այդ ինստիտուտների եւ գաղափարաբանության հետ առնչվելու առաջին փորձը արեցինք՝ երկարատեւ դադարից հետո։ Անկախության ու պետականության մասին մեր բոլորիս՝ Հայաստանի քաղաքացիների պատկերացումները եւ ընկալումները այդ ժամանակներից ի վեր էականորեն փոխվել են եւ ինձ համարձակություն կվերապահեմ պնդելու՝ դարձել ավելի խորը եւ համապարփակ»:

Անկախության հռչակագրի ընդունման կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը գրել է նաեւ «Իրական Հայաստան՝ Հայաստանի Հանրապետություն» բանաստեղծությունը:

Читайте на 123ru.net