Գործարկվել է թանգարանների էլեկտրոնային տոմսերի միասնական համակարգը
ԿԳՄՍՆ-ից հայտնել են, որ համակարգով ներդրվում է տոմսային տնտեսության եւ ֆինանսական հոսքերի կառավարման ժամանակակից գործիքակազմ, որը կապահովի թանգարանային այցելությունների համակարգված կազմակերպումը:
Յուրաքանչյուր քաղաքացի կարող է կայքից ստանալ համապարփակ տեղեկատվություն թանգարանի, գործող ծրագրերի, ցուցադրությունների եւ ընթացիկ միջոցառումների մասին, ինչպես նաեւ էլեկտրոնային հարթակի միջոցով պատվիրել իրեն հետաքրքրող ցուցադրության տոմսը, հնարավորություն կլինի նաեւ գնել մի քանի տոմս միաժամանակ եւ օգտվել զեղչային քաղաքականությունից:
Միջոցառմանը ներկա ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարեւորել է, որ համակարգի միջոցով թանգարանային գործունեությունը կապվում է զբոսաշրջային քաղաքականության հետ. զբոսաշրջային երթուղիների պլանավորման, փաթեթների ներկայացման տեսանկյունից բոլոր ծառայությունները հասանելի են դառնում մեկ տեղում:
Նախարարը խորհրդանշական է համարել, որ նոր համակարգը կմեկնարկի ՀՀ անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի պատմության թանգարանում բացվող «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով ժամանակավոր ցուցադրության տոմսերի վաճառքից:
Նշվում է, որ համակարգի ներդրման արդյունքում թանգարանների տոմսերի գնային քաղաքականությունը որեւէ փոփոխության չի ենթարկվի:
Էլեկտրոնային հարթակի ստեղծման աշխատանքներն իրականացրել է WebEx Technologies ընկերությունը. այսուհետ այցելուները կարող են ձեռք բերել թանգարանային տոմսերն առցանց՝ մուտք գործելով museumsarmenia.am կայք: