«Չհիմնավորված» հանգիստ․ եվրոպացի ոստիկանները հարձակվել էին մեկուսացված հայաստանցիների վրա

Հայաստանի քաղաքացի Արամ Մնացականյանին և նրա ընկերոջը երեք օր պահել են Սոֆիայի օդանավակայանի մեկուսարանում՝ անմարդկային պայմաններում, նույնիսկ ֆիզիկական բռնության են ենթարկել։ Մեկուսացման պատճառը մինչև հիմա հայտնի չէ։

Արամը և նրա ընկերը Բուլղարիայում պետք է հանգստանային օգոստոսի 7-ից 17-ը, բայց հետ են ուղարկվել 10-ին: Սոֆիայի սահմանապահները արգելել են նրանց մուտքը երկիր՝ պատճառաբանելով, թե այցի նպատակը հիմնավորված չէ։

«Մենք ունեինք բուլղարական ազգային վիզա, հետադարձ չվերթի տոմսեր, հյուրանոցների վճարված ամրագրում, ապահովագրություն, այսինքն՝ այն ամենը, ինչ պետք է ցանկացած տուրիստի», – Epress.am-ի հետ զրույցում պատմել է Մնացականյանը։

Բուլղարացի սահմանապահները երիտասարդներին տեղափոխել են հատուկ խուց, որտեղ հակասանիտարական պայմաններ են եղել։ «Բանտանման տարածք էր։ Պատուհանի մոտ ժամերով պետք է սպասեինք, որ մի ոստիկան գար ու մեզ ուղեկցեր սրճարան։ Ուտելիքն առնում ու բերում էինք խուց։ Եթե ոստիկան չգար, ուտելիք չէինք կարող առնել»:

Արամը զանգել է Հայաստանի ԱԳՆ, որտեղից պատասխանել են՝ որոշումը վերջնական է, պետք է գան Հայաստան և, եթե ուզեն, այստեղից բողոքարկեն։ Բուլղարիայում Հայաստանի հյուպատոսարանից Մնացականյանին ասել են, թե տեղյակ են այնտեղի դաժան պայմաններից, բայց ոչինչ անել չեն կարող, «պետք է դիմանալ»․ «Երբ եկանք Հայաստան, Բուլղարիայի դեսպանատանը նամակ ուղղեցինք։ Իրենք ասացին, որ կապ չունեն դրա հետ, առաջարկեցին գնալ և տեղում խնդիրները լուծել»։

Վերջին օրը ոստիկանը երիտասարդներին ուղեկցել է օդանավակայանի սրճարան և հրաժարվել սպասել, որ տեղում սնվեն։ Փորձել է բռնի ուժով Արամին հանել աթոռից։ Նրա ընկերը փորձել է տեսանկարահանել տեղի ունեցողը, ոստիկանը հարձակվել է Արամի ընկերոջ վրա։ Պահանջել է ջնջել վիդեոները, Արամի ընկերը հրաժարվել է։ Մի քանի ոստիկաններ հարվածել են նրան, պառկեցրել գետնին, բռնել ձեռքերը: Հետո գետնին են պառկացրել նաև Արամին, ձեռնաշղթաներ հագցրել: Երիտասարդները ստիպված հեռախոսը տվել են ոստիկաններին։ Մեկ ժամ հետո հետ են բերել հեռախոսը՝ ֆոտոներն ու վիդեոները ջնջած։

Հայաստանի քաղաքացիներին խցում պահել են երեք գիշեր, չորրորդ օրը հետ են վերադարձել Սոֆիա-Երևան ուղիղ չվերթով։

Արամն ասում է՝ դեպքից հետո են իմացել, որ բազմաթիվ հայաստանցիներ նույն իրավիճակում են հայտնվել․ «Նույն սարսափելի պատմությունները»։

Մերժումների մեծ մասը պատճառաբանվել է նրանով, որ վիզայի դիմելուց ուրիշ ամսաթվեր և ուրիշ հյուրանոցներ են գրել, հետո դրանք փոխել են։

Հայաստանի ԱԳՆ-ից պարզաբանել են՝ Հայաստանի քաղաքացիների մուտքն առանձին երկրներ արգելվում է հիմնականում այն պատճառով, որ Շենգենյան վիզա ստանալու ժամանակ դիմում-հարցաթերթիկում և հարակից փաստաթղթերում ներկայացվում է բացառապես տվյալ երկիր մեկնելու նպատակը, սակայն հետագայում՝ վիզան ստանալուց հետո, այցելության նպատակը (ուղղությունը, ծրագիրը) կամ հյուրանոցի ամրագրումը փոփոխվում կամ չեղարկվում է։

Մնացականյանի և նրա ընկերոջ դեպքում, սակայն, նման խնդիր չի եղել․ «Մենք ոչինչ չենք փոխել, ոնց պլանավորել էինք, այդպես էլ պետք է գնար»։

Արտաքին գործերի նախարարությունը տուժողներին խոստացել է, որ որոշակի գործողություններ կանի՝ հարցում կուղարկի Բուլղարիայում Հայաստանի դեսպանատուն, որն էլ իր հերթին կդիմի տվյալ երկրի ԱԳՆ։

«Մենք ԱԳՆ-ին հանձնել ենք մեր գործերը՝ բոլոր տոմսերը, վիզաները, ամբողջ ինֆորմացիան։ Արդեն մի տաս օր է, բայց ոչ մի պարզաբանում, ոչ մի արդյունք չկա», – ասել է Մնացականյանը։

The post «Չհիմնավորված» հանգիստ․ եվրոպացի ոստիկանները հարձակվել էին մեկուսացված հայաստանցիների վրա first appeared on Epress.am.

Читайте на 123ru.net