ՀԷՑ-ի կոռուպցիան բացահայտելու համար Հայաստանում պատժում էին․ ՄԻԵԴ

Հայաստանի Հանրապետությունը խախտել է Հրաչյա Հարությունյանի արտահայտվելու ազատության իրավունքը՝ վճռել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ու պարտավորեցրել փոխհատուցել 4500 եվրո բարոյական վնասի և 2000 եվրո դատական ներկայացուցչության ծախսերի համար:

Հարությունյանը 2002-2011 թվականներին աշխատելով Հայաստանի Էլեկտրական ցանցերի միակ բաժնետեր «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲ ընկերության անվտանգության համակարգում՝ իրավապահներին զեկուցել է միլիոնավոր դոլարների հասնող հնարավոր չարաշահումների և կոռուպցիայի վերաբերյալ։ Նա 2012 թվականի մարտին ներկայացրել է իր բացահայտումները և խնդրել հետաքննել դրանք։ Հայաստանյան դատարանները, սակայն, պատասխանատվության են ենթարկել Հրաչյա Հարությունյանին՝ նրան մեղադրելով զրպարտության և վիրավորանքի մեջ։ Ահազանգողին պարտավորեցրել են 2 մլն․ 400 հազար դրամի չափով փոխհատուցել բաց բաժնետիրական ընկերությանը՝ Հարությունյանի անձնական օգտագործման ավտոմեքենան և Գյումրիի կենտրոնում գտնվող մեկ սենյականոց բնակարանը հարկադիր վաճառքից ստացված միջոցների հաշվին:

Հրաչյա Հարությունյանին ՄԻԵԴ-ում ներկայացնող փաստաբան Արտակ Զեյնալյանը նշել է, որ այս գործը արժեքավոր է, քանի որ այն ստիպեց Հայաստանի իշխանություններին 2017-ին ընդունել «Ազդարարման համակարգի մասին» օրենքը:

Զեյնալյանի խոսքով՝ Եվրոպական դատարանում Հայաստանի Կառավարությունը պաշտպանում էր ներպետական դատարանների վճիռը և որոշումները, ասելով, որ տեղեկությունը ոչ թե ներկայացվել է գաղտնի ձևով, այլ՝ հրապարակային։ Բացի այդ նրանք նշում էին, որ Հայաստանում չկա «ազդարարին», «ազդարարությունը» պաշտպանող և կանոնակարգող օրենք, հետևաբար՝ դատարանները ճիշտ են վարվել:

«Սակայն ՄԻԵԴ-ն գնահատական տվեց փաստերին և հաստատեց, որ տեղեկությունը տրվել է գաղտնի ձևով», – հայտնել է Զեյնալյանը։

Եվրոդատարանը նշել է, որ դիմողի հայտարարությունների հիմքում ընկած փաստերը չեն ստուգվել։ Օրինակ, քննության առարկա չի դարձել 2007 թվականի հոկտեմբերի 24-ին ՀԷՑ-ի և «Յունիֆորմա» ՍՊԸ-ի միջև ստորագրված 3 մլն․ 263 հազար դրամի պամանագիրը, որով ընկերության անվտանգության աշխատակիցների համար 110 ձմեռային համազգեստ պետք է կարվեր։ Պայմանագրի 2.3 կետը նախատեսում էր կանխավճար 70%-ի չափով (խելամիտ սահմանաչափը պայմանագրի գնի 30%-ից ոչ ավելին է): Սակայն «Յունիֆորմա» ՍՊԸ-ի հաշվեհամարին փոխանցվել է ամբողջ գումարը՝ 3.263.400 ՀՀ դրամ։ Պայմանագրում կապալառուի պարտավորությունների կատարման ժամկետները նշված չեն եղել։

Հարությունյանը եվրոպական դատարանում նշել է, որ ՀԵՑ-ի կոռուպցիան է հանգեցրել թանկացմանը։ Եթե դատարանները կոծկում էին չարաշահումները, հանրությունը ընդվզեց թանկացման դեմ ու սկսվեց էլեկտրիկ Երևան շարժումը։

ՄԻԵԴ-ի կարծիքով Հրաչյա Հարությունյանի տույժի չափը անհամաչափ մեծ է եղել, բացի այդ ներպետական դատարանները պարտավոր էին կիրառել ՄԻԵԴ՝ այլ պետությունների դեմ մինչ այդ կայացրած վճիռներում արձանագրված իրավունքն ու եզրահանգումները, անկախ՝ «ներպետական օրենք» չունենալու հանգամանքից, և պաշտպաննել դիմողի «արտահայտվելու ազատության իրավունքը»:

«Այս և նմանատիպ բազում գործերով գանգատների պահանջները Հայաստանի Կառավարության կողմից ընդունելով կամ դիմողների հետ հաշտության համաձայնություն կնքելով, գործնականում՝ [Հայաստանի Կառավարությունը] իրականացրած կլիներ «անցումային արդարադատություն», դադարեցրած կլիներ իրավունքի խախտման զոհերի իրավունքների շարունակվող խախտումներն ու տառապանքները, կբեռնաթափեր ՄԻԵԴ-ն», – ասել է Զեյնալյանը:

Փաստաբանը հույս ունի, որ պետական մարմինները կբեկանեն Եվրոպական կոնվենցիային և Հայաստանի Սահմանադրությանը հակասող վճիռներն ու որոշումները, կվերադարձնեն Հրաչյա Հարությունյանի կորցրած բնակարանն ու ավտոմեքենան, կհետաքննեն Եվրոդատարանի վճռում հրապարակված փաստերը և մեղավորներին պատասխանատվության կենթարկեն։

The post ՀԷՑ-ի կոռուպցիան բացահայտելու համար Հայաստանում պատժում էին․ ՄԻԵԴ first appeared on Epress.am.

Читайте на 123ru.net