«Ի սեր Աստծո». Լավրովը մեկնաբանել է Բաքվի հետ ուղիղ երկխոսելու Երեւանի ձգտումը

«Մենք անհանգստացած ենք, որ 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռքբերված եռակողմ պայմանավորվածություններն օդում կախված են մնացել։ Տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցով զբաղվող եռակողմ հանձնաժողովն այլեւս գործնականում չի հանդիպում։ Երեւանը կարծում է, որ դա պետք է արվի ուղղակիորեն Ադրբեջանի հետ, եթե նրանց մոտ դա ստացվի, ապա՝ ի սեր Աստծո»,- Լավրովի այս խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը:

Սերգեյ Լավրովը նաեւ նշել է, որ պետական սահմանի սահմանազատման հարցում Ռուսաստանը պետք է խորհրդակցություն տրամադրի գործընթացի մասնակիցներին, սակայն դա տեղի չի ունենում.

«Չեն ուզում, բայց միաժամանակ անընդհատ ձգտում են ներգրավել Արեւմուտքին, ԱՄՆ-ին, Եվրամիությանը, Փարիզին: Սա նրանց ընտրությունն է, բայց նրանք պետք է բանակցեն, առաջին հերթին, իրենց ադրբեջանցի հարեւանների հետ։ Այլ ճանապարհ չկա»։

Օգոստոսի 31-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ աշխատանքի երկկողմ ձեւաչափն այս ընթացքում որոշակի արդյունավետություն է ցույց տվել.

«Կարող ենք ասել, որ այդ ձեւաչափը որոշակի արդյունավետություն է ցույց տվել: Պետք է կողմնորոշվենք այս հարցում, քանի որ ընդհանուր ըմբռնումը եղել է այն, որ այս փուլում մենք աշխատում ենք երկկողմ ձեւաչափով եւ քանի դեռ կարող ենք դրանով առաջ գնալ, ճիշտը դա է։ Ես այդ մասին ուղիղ ու անկեղծ ասել եմ ՌԴ նախագահին՝ մեր վերջին հեռախոսային զրույցի ընթացքում»:

Читайте на 123ru.net