Որ խորհրդային մարզադահլիճները չդառնան հյուրանոցներ․ նոր օրենք
Նախկին խորհրդային կազմակերպություններին պատկանող շենքերից 2700-ը շարունակում են օգտագործվել իրավահաջորդ ՀԿ-ների կողմից և չեն դարձել պետական։
Այսպիսի շենքեր են նախկին ԴՕՍԱՖ-ները, ակումբները, որոշ մարզադաշտերը, մարզադպրոցները, հիվանդանոցները, դպրոցները, մանկապարտեզները։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը առաջարկում է փոխել օրենքը, որպեսզի «հանրությանը պատկանած գույքը վերադարձվի հանրությանը կամ ծառայի իր նպատակին»: Խորհրդարանում ներկայացնելով օրենսդրական փաթեթը՝ Գաբրիելյանը ասել է, որ ՀԽՍՀ հանրային կազմակերպությունների շենքերը չեն դարձել անկախ Հայաստանի գույք, որովհետև 2003 թվական հողային օրենսգիրքով գույքի փաստացի օգտագործողը ավտոմատ դարձել է սեփականատեր։
Անցած 30 տարիների ընթացքում, ըստ պատգամավորի, պետության սեփականություն հանդիսացող և հանրային նշանակության ավելի քան 20 հազար անվանում գույք է մասնավորեցվել․ «Այդ շենքերը մասնավորեցվել, նվիրաբերվել կամ առերևույթ կոռուպցիոն սխեմաներով փոխանցվել են տարբեր հասարակական կազմակերպություններին, որոշ դեպքերում՝ նրանց իրական շահառու հանդիսացող նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքներին: Հանրության բարեկեցության համար կարևոր այս գույքերի մեծ մասն այսօր գոյություն չունի, եղածների մի մասն էլ, ցավոք, երբեմն մամուլից տեղեկանում ենք, որ գտնվում են իրացման փուլում կամ արդեն վաճառվել են»։
Դատախազությունը մինչ այս փորձել է դատակա կարգով ԴՕՍԱՖ-ի 5 շենքերը հետ վերցնել՝ պահանջելով սեփականության իրավունքի պետական գրանցումները անվավեր ճանաչել։ Վարչական դատարանը վերադարձրել է հայցադիմումը։
Դատախազությունը նաև դատարան է դիմել «Սպարտակ» մարզական համալրի գործարքներում կոռուպցիոն ռիսկեր տեսնելով։ Սեփականատեր «Հայաստան» մարզական միությունը գրավադրել է համալիրը Էվոկաբանկում, հետո վաճառել «էկո պետրոլ» ՍՊԸ-ին, որը նորից գրավադրել է համալիրը։
Վարչական դատարանը մերժել է հայցը վարույթ ընդունելը՝ մատնանշելով հայցադիմումներում առկա ձևական սխալները, և առաջարկել է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ինչպես նաև պահանջել է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները։
Գաբրիելյանը իրավապահներին է դիմել ընդհանուր առմամբ մոտ քսան գույքերի մասով, դրանց շուկայական արժեքը, ըստ նախնական հաշվարկների, մոտ 1․5 միլիարդ դոլար է։
Նոր օրենքով ԽՍՀՄ գույքերը, որոնք հիմնականում սպորտային և մշակութային նպատակներով են օգտագործվել, չեն կարող դառնալ հյուրանոց կամ բնակելի համալիր։
Եթե օրենսդրական փոփոխությունն ընդունվի, շենքերի օտարումը կթույլատրվի միայն այն դեպքում, երբ հանրային լսումներ են եղել և երբ կազմակերպության գործադիր մարմնի ընդհանուր անդամների 2/3-ը քվերակել է կողմ։
The post Որ խորհրդային մարզադահլիճները չդառնան հյուրանոցներ․ նոր օրենք first appeared on Epress.am.