Հայտնի են «Ներուժ 5.0» ծրագրի հաղթողները
Ամփոփվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը:
Մասնակից ստարտափներից վեցը դարձել են հաղթող՝ ստանալով դրամաշնորհներ՝ Հայաստան վերադառնալու եւ տնտեսական գործունեություն ծավալելու համար։ Ներկայացվող գաղափարները գնահատվել են երկու բաղադրիչով՝ «Գաղափարի փուլ» եւ «Աճի փուլ»։
Ժյուրիի գնահատման արդյունքում «Գաղափարի փուլ» բաղադրիչով 1-ին տեղն է զբաղեցրել Metacor ստարտափը, որը զբաղվում է արյան անոթների, զարկերակների եւ այլ սնամեջ օրգանների համար նոր տեսակի ստենտի մշակմամբ, 2-րդը՝ Sharper Soft-ն է, որը տրամադրում է ծրագրակազմ՝ օգնելով կազմակերպություններին տվյալները վերածել գիտելիքների, 3-րդը՝ Ayki-ին, որը թվային գործիք է ֆերմերային տնտեսությունների արտադրողականությունը բարձրացնելու համար:
«Աճի փուլ» բաղադրիչով 1-ին տեղն է զբաղվեցրել AnzoBio ստարտափը, որը իրականացնում է անհատականացված բուժում եւ ախտորոշում հազվագյուտ գենետիկական հիվանդության համար, 2-րդը՝ Moby-ն է, որը տրամադրում է ակնթարթային 24/7 արհեստական բանականության վրա հիմնված հաճախորդների սպասարկում, 3-րդը՝ Sleep Doctor-ը բժիշկների եւ հիվանդների համար նախատեսված ծրագիր է, որի նպատակն է ապահովել ամբողջական քնի խնամք ամբողջ կյանքի ընթացքում:
«Ներուժ 5.0»-ին մասնակցել է 26 ստարտափ` 16 երկրից։ Այս տարի ստարտափների կարողությունների զարգացման նպատակով ներգարվվել է միջազգային հեղինակավոր աքսելերատոր «Plug and Play» կազմակերպությունը, որն իր մենթորական թիմով դասընթացների եւ անհատական մենթորության ձեւաչափով ծրագրի վեցօրյա միջոցառման ընթացքում ակտիվ աշխատանքներ է տարել ստարտափների հետ։
«Ներուժ»-ը պետական ծրագիր է, որի նպատակն է խթանել Հայաստանի տնտեսական առաջընթացն ու ստարտափ էկոհամակարգի զարգացումը, մասնագիտական հայրենադարձությունը եւ համահայկական ներուժի ու կարողությունների ներգրավումը Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներում: