1 զուգարանակոնք 43 հոգու համար. հայաստանյան հոգեբուժարաններ

Հոգեբուժական կազմակերպություններում դիտորդական խումբն այցելել է Հայաստանի 7 տարբեր հոգեբուժարաններ։ Գրեթե բոլորում անձնական հիգիենայի ապահովման համար պայմաններ կամ չկա, կամ դրանք բավարար չեն։

Զեկույցի համաձայն, հոգեբուժական հաստատություններում պահվող մարդիկ անձնական տարածք չունեն, անձնական իրերն առանձնացված պահելու պայմաններն անբավարար են կամ առհասարակ չկան։ «Դիտորդական խմբի կողմից արձանագրվել են կողապահարանների թվի անհամապատասխանություն մահճակալների թվին, մահճակալների խիտ դասավորվածություն սենյակներում, ինչը դժվարեցնում է մուտքն ու ելքը, իսկ հագուստը պահելու համար պահարաններն առհասարակ բացակայում են»։

Ընդհանուր խնդիրները՝

— սանիտարահիգիենիկ ոչ պատշաճ պայմաններ,
— սանտեխնիկայի (ցնցուղ, զուգարանակոնք, լվացարան) և կահավորանքի (աթոռ, չսահող գորգեր) ոչ բավարար քանակ,
— պարագաների (շամպուն, սափրվելու փրփուր, միջադիր և այլն) ոչ պատշաճ որակ, ոչ բավարար քանակ կամ առհասարակ բացակայություն։

Բաժանմունքներում որպես կանոն տեղադրված է 1-3 զուգարանակոնք, բուժում և խնամք ստացող անձանց թիվը՝ 7-65։

«Հոգեբուժական հաստատություններում մեկ զուգարանակոնքից օգտվող անձանց թիվը հասնում էր ընդհուպ 43-ի։ Խնդիրը էլ ավելի է բարդանում, երբ զուգարանակոնքը խցանվում է։ Օրինակ՝ Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում այցի օրը տղամարդկանց համար նախատեսված բոլոր երեք զուգարանակոնքերը խցանված էին, և բուժառուները օգտվում էին աշխատակիցների համար նախատեսված զուգարանակոնքից»։

Արձանագրվել է նաև զուգարանակոնքերի մաքրության, առանձնացվածության ապահովման խնդիր․ «Զուգարանակոնքերն առանձնացված են միայն երեք կողմից (Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն և «Ավան» հոգեկան առողջության կենտրոն) կամ առհասարակ առանձնացված չեն (Սևանի հոգեկան առողջության կենտրոն)։ Ապահովված չէ առանձնացված տարածք անձնական կարիքները հոգալու համար»։

Որպես կանոն լվացարանները տեղակայված են զուգարանակոնքերի հետ նույն տարածքում։ Այսինքն, երեք անձ կարող է օգտվել դուռ չունեցող զուգարանակոնքից և այդ նույն ժամանակ ևս 3 այլ անձ կարող է օգտվել լվացարանից։

«Հոգեբուժական հաստատությունների բաժանմունքներում հիմնականում հասանելի է մեկ լոգասենյակ մեկ ցնցուղով։ Այն հաստատություններում, որտեղ մեկ լոգասենյակում առկա է 2-3 ցնցուղ, դրանք առանձնացված են միջնապատերով, բացառությամբ Սևանի հոգեկան առողջության կենտրոնի։ Լոգասենյակներում, բացառությամբ Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի, որպես աթոռ ծառայում է կամայական աթոռ, որը չի համապատասխանում լոգասենյակային աթոռի նկարագրությանը և, որպես կանոն, հնամաշ է»։

Սյունիքի մարզային նյարդահոգեբանական դիսպանսերում լոգանքը տևում է 5-10 րոպե։ Ակադեմիկոս Ա․ Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոնում մեկ ցնցուղից միաժամանակ երեք բուժառու է օգտվում (ընդ որում ընդհանուր 15 րոպե տևողությամբ):

Շահառուներից մեկը նշել է․ «Մինչև մեկն օճառվում է, մյուսը թրջվում է, մյուսն էլ հանվում։ Էդպես արագ է, և ջուրն էլ բավարարում է»։

Լվացքը անհատականացված չէ, իրերը չի առանձնացվում, չի անհատականացվում նույնիսկ ներքնազգեստը։ Լավագույն դեպքում այն առանձնացվում է ըստ բաժանմունքների։

Ակադեմիկոս Ա․ Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոնում ջրի մատակարարման խափանման դեպքում բուժում և խնամք ստացող մարդիկ ձեռքերը լվանում են կոտրված, ոչ մաքուր տարայի մեջ հավաքված ջրով, որը դիտորդների այցի օրը կիսադատարկ է եղել, ջուրն էլ՝ լրիվ պղտոր։ Հասանելի չէր նույնիսկ փոքր չափի տարա ջուր վերցնելու համար։

Տաք ջուր հաճախ հասանելի չէ։ Օրինակ՝ Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում սովորաբար շշերի մեջ տաք ջուր են լցնում և փոխանցում բուժում և խնամք ստացող անձանց։ Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի լոգարանում տաք ջրի համար անհրաժեշտ է միացնել ջրի պոմպը։ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում և «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում մշտական տաք ջուր հասանելի է միայն ձմռան ամիսներին, մյուս ամիսներին տաք ջուր երեկոյան ժամերին չի լինում։

Մշտադիտարկումը ցույց է տվել, որ հոգեբուժական հաստատություններում բավարար չէ նաև խնամքն ու մարքությունն ապահովող անձնակազմի քանակը։

Արձանագրված խնդիրները՝ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ 

Հոգեբուժական կազմակերպություններում դիտորդական խումբն այցելել է՝
«Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ
«Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ
«Ակադեմիկոս Ա․ Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն» ՓԲԸ
«Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ
«Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» ՊՓԲԸ
«Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ

The post 1 զուգարանակոնք 43 հոգու համար. հայաստանյան հոգեբուժարաններ first appeared on Epress.am.

Читайте на 123ru.net