Ձերբակալություններից հետո Բալասանյանները հանձնում են Գյումրին

Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը և «Բալասանյան դաշինք» խմբակցության 14 ավագանու անդամները ինքնաբացարկ են հայտնել։ Ավագանու երկրորդ մեծագույն խմբակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է ավագանու նիստ գումարել և ընտրել նոր քաղաքապետ, եթե ավագանու մյուս 8 անդամներից գոնե 6 հոգի համագործակցեն ու գան հաջորդ նիստին։ Եթե ոչ, Գյումրիում պիտի անցկացվեն արտահերթ ընտրություններ։

Գյումրու տեղական իշխանությունների այս նոր ճգնաժամը սկսվեց հոկտեմբերի 10-ին, երբ նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդի Խաչատուր Բալասանյանը ձերբակալվեց «Զվարթնոց» օդանավակայանում։ Քննչական կոմիտեն օրեր անց պարզաբանեց, որ նա ձերբակալվել է կոռուպցիոն գործով։ Ըստ մամուլի՝ խոսքը Գյումրու Սև բերդ պատմամշակութային համալիրի շուրջ հողատարածքի օտարման մասին է։ Նույն օրը ձերբակալվել է նաև Բալասանյան դաշինքի փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը, և տնային կալանքի վերցվել։ Նա ինքնաբացարկ հայտնածներից մեկն է։ Գյումրու մյուս փոխքաղաքապետը՝Սամվել Բալասանյանի զարմուհի և «Գյումրի-գարեջուր» ՍՊԸ-ի նախկին փոխտնօրեն Լուսինե Սանոյանը երկրում չէ։ Ձերբակալությունների հաջորդ օրը՝ հոկտեմբերի 11-ին Բալասանյան և Հանրապետական խմբակցությունները բոյկոտեցին Գյումրու ավագանու նիստը։ 

Տեղական ինքնակառավարման վերջին ընտրությունները անցկացվել են 3 տարի առաջ՝ 2021 թվականին։ «Քաղաքացիական պայմանագիր» չկարողանալով հաղթել քաղաքը 9 տարի ղեկավարած Բալասանյաններին, ստիպված եղավ նրանց հետ կոալիցիա կազմել։  Հարաբերությունները  նորմալանում էին։ 2023 թվականին Սամվել Բալասանյանի ավագ որդին Միսակ Բալասանյանը նշանակվեց Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ 

Բայց 2023-ի վերջին ՔՊ-ի և Բալասանյանների միջև կոնֆլիտը վերսկսվեց։ ՔՊ-ն միակողմանի խզեց համագործակցության հուշագիրը՝ «Բալասանյան դաշինքին» մեղադրելով ստվերային կառավարման մեջ։ «Փողոցային առևտրի, ապօինի շինությունների ապամոնտաժման, ծայրահեղ անբարեկարգ ՀՈԱԿ-ների նորոգման և մի շարք հարցեր այդպես էլ մնացել են չլուծված»,- որոշումը հիմնավորել էր ՔՊ-ական Քնարիկ Հարությունյանը։ 

ՔՊ-ն հրաժարվեց երկու փոխքաղաքապետի պաշտոններից։ Դրանք զբաղեցնում էին վարչապետի տիկնոջ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը` ՔՊ-ական Վահագն Մկրտչյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ազգական Արթուր Պապիկյանը։ Փոխարենը փոխքաղաքապետեր նշանակվեցին «Գյումրի-գարեջուր»-ի երկու աշխատակիցներ։

Ճգնաժամի պայմաններում չհաստատվեց Գյումրու 2024 թվականի բյուջեն։ Ավագ որդի Բալասանյանը հետ կանչվեց Իրաքում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։

The post Ձերբակալություններից հետո Բալասանյանները հանձնում են Գյումրին first appeared on Epress.am.

Читайте на 123ru.net