«Դյուն». hեռավոր ապագան ու այլմոլորակային հասարակությունը
Ֆրենք Հերբերթի «Դյուն» վեպում ներկայացվում է հեռավոր ապագան, միջգալակտիկական կայսրության հզոր ազնվական տների պայքարը՝ բնական պաշարների եւ մոլորակային իշխանության համար։ Էպիկական այս վեպը համարվում է «երեւակայության հաղթանակ», «գիտաֆանտաստիկ վեպ, որ փրկեց աշխարհը»։
Հայ ընթերցողին վեպը ներկայացնում է «Զանգակ» հրատարակչությունը՝ Մարիա Սադոյանի թարգմանությամբ։
Մեդիամաքսը զրուցել է Մարիա Սադոյանի հետ։
- «Դյուն»-ը համարվում է 20-րդ դարի ամենանշանավոր գիտաֆանտաստիկ վեպը։ Մինչ օրս չի կորցրել իր արդիականությունն ու թերեւս հետեւորդների ավելի մեծ բանակ ունի, քան անցյալ դարում։ Ինչո՞ւմ է այս վեպի ուժն ու գրավչությունը։ Գուցե դեր ունեն նաեւ վեպի էկրանավորումները, մեր դարաշրջանի մարտահրավերները, գովազդը։
- «Դյուն»-ը ոչ միայն ամենահայտնի գիտաֆանտաստիկ վեպերից է, ոչ միայն այդ ժանրի ամենավաճառվող գիրքը, այն նաեւ 20-րդ դարի կարեւորագույն վեպերից է: Այն իրավամբ կարելի է անվանել դարակազմիկ, քանի որ «Դյուն» վիպաշարում Հերբերթը կանխատեսել եւ նկարագրել է 20-21 դարերի գլխավոր մարտահրավերները: «Դյուն»-ը իր տեսակի մեջ առաջին վեպն է, որը գիտաֆանտաստիկայի միջոցով բացահայտեց իրական աշխարհի լրջագույն խնդիրները:
Առհասարակ «Դյուն»-ը ունի աշխարհի լավագույն վեպերին բնորոշ առանցքային բաղադրիչներ. բազմաշերտ է, ունի հզոր պատգամներ, որոնք մշտնջենական են, եւ մոգական ուժ, որով ընկղմում է ընթերցողին իր ուրույն աշխարհը:
Վեպը նաեւ երեւակայության հաղթանակ է: Այլմոլորակային հասարակության նկարագրությունը գրքում ավելի ամբողջական եւ մանրամասն է, քան հաջողվել է այս ժանրի որեւէ այլ հեղինակին: Պատմությունը կլանում է թե՛ իր գործողություններով, թե՛ փիլիսոփայությամբ: Գիրքը մասամբ հանրաճանաչ է դարձել նաեւ շնորհիվ այդ փիլիսոփայական մեջբերումների, որոնք առավել քան արդիական են մեր օրերում եւ կլինեն հավերժ:
Թեեւ «Դյուն»-ը ստացավ իր ժանրի ամենահեղինակավոր՝ Nebula եւ Hugo մրցանակները, սակայն անմիջապես կոմերցիոն հաջողություն չունեցավ: Վեպի էկրանավորումները (դրանք մի քանիսն են), անշուշտ, ունեցան իրենց գովազդային ազդեցությունը, բայց «Դյուն»-ը այն վեպերից է, որը շատ բարդ է էկրանավորել իր բազմաշերտության, բազմիմաստության պատճառով: Իզուր չէ, որ վերջին ֆիլմը դիտողները հաճախ բողոքում են, որ շատ բաներ իրենց անհասկանալի են մնում: Բայց վեպն այնքան գեղեցիկ է, որ այն կարելի է կարդալ որպես առակ, լեգենդ՝ չխորանալով նրա բավականին բարդ գիտապատմական, կրոնափիլիոփայական, սոցիալ-քաղաքական եւ այլ շերտերի մեջ:
-Հեռավոր ապագայում «մտածող մեքենաներին» ու ռոբոտներին փոխարինում են մարդկային մտավոր ու ֆիզիկական ունակությունները։ Սա գիտատեխնիկական հեղափոխությո՞ւն է։ «Դյուն»-ը գիտաֆանտաստի՞կ վեպ է, թե՞ առասպելաբանություն՝ որոշակի հղումներով՝ կրոնականից մինչեւ քաղաքական։
-Ապշեցուցիչ է, բայց 1965 թվականին Ֆրենք Հերբերթը ասես տեսավ դասական գիտաֆանտաստիկ վեպից անդին: Նրա պատկերած աշխարհը 20.000 տարի հեռու է մեզանից, երբ մեզ ծանոթ գիտաֆանտաստիկ բոլոր երեւույթները (գիտատեխնիկական հեղափոխությունները, մարդասպան ռոբոտները, մեր մոլորակի մահը եւ այլն) արդեն անցյալում են, իսկ մարդիկ ասես վերադառնում են միջին դարեր՝ կայսրերով ու ֆեոդալական հարաբերություններով, որպեսզի փորձեն պահպանել իրենց տեսակը եւ ապագա կերտեն: Այդպիսով «Դյուն»-ի տիեզերքի ապագան հեռավոր է, բայց մարդկային հարաբերությունները, մեղքերն ու առաքինությունները՝ հինավուրց: Այս վեպը կարելի է դասել գիտաֆանտաստիկ առասպել ժանրին, եթե թույլ տաք այդպիսի նոր եզրույթ հորինել:
-Երբեմն վեպերում կանխորոշվող ապագան, գիտատեխնիկական նվաճումները դառնում են իրականություն։ «Դյուն»-ը մեկնաբանվո՞ւմ է այս տեսակետից՝ իբրեւ կանխատեսում, զգուշացում, ուղեցույց։
-Այո, սա նախազգուշացում է, բայց ոչ միայն տեխնիկական անվերահսկելի առաջընթացի, մտածող մեքենաների (մերօրյա արհեստական բանականության) վտանգների մասին, այլ նաեւ բնապահպանական աղետների, մարդկային ագահության, դաժանության, բնության հետ առճակատվելու մասին:
Հերբերթը հանճարեղորեն կանխազգում էր, որ գալիս է նավթի, ջրի եւ այլ բնական պաշարների համար դաժան պատերազմների դարաշրջանը: Ցնցող է հատկապես, որ անապատային Առաքիս մոլորակի անունը նման է Իրաք անվանը, կայսր Շադդամը կասկածելիորեն հիշեցնում է Սադդամ Հուսեյնին, իսկ պատերազմները տեղի են ունենում ճամփորդության համար անփոխարինելի «համեմունքի» (նավթի) համար: Հետաքրքիր է նաեւ, որ վեպի ամենաբացասական կերպարի անունը Վլադիմիր է: Սա, իհարկե, կարելի է Սառը պատերազմի ակնարկ համարել, բայց անհնար է չմտածել նախախնամության մասին:
-Գիրքը նվիրվում է «չոր հողի հնագետներին»։ Սա խոսում է այն մասին, որ վեպի ամենահիմքում էկոլոգիական աղետի նախազգուշացո՞ւմն է։
-Դեռ անցյալ դարի վաթսունականներին Ֆրենք Հերբերթը նկատել էր, որ կլիման փոփոխվում է, եւ այդ գործընթացն արագանալու է: Բնապահպանությունը մշտապես եղել է Հերբերթի հետաքրքրությունների տիրույթում եւ, ի վերջո, դարձել է ոգեշնչման աղբյուր նրա կյանքի գործի՝ «Դյուն» վիպաշարի ստեղծման համար։
Հիշեցնեմ, որ երիտասարդ Ֆրենք Հերբերթը աշխատել էր բնապահպանական եւ սոցիալական հարցերով թղթակից, սեփական աչքերով տեսել էր «անապատի ուժը», գրել էր հոդվածներ այն մասին, թե ինչպես կարելի է կրկին կանաչապատել ԱՄՆ Օրեգոն նահանգի ավազաթմբերը: Նա հասկացել էր նաեւ, որ «գոյատեւումը անծանոթ ջրում լողալու կարողություն է», եւ մենք պետք է ոչ թե պայքարենք բնության դեմ, այլ սովորենք ապրել այդ փոփոխվող աշխարհում՝ համերաշխ ու ներդաշնակ:
-Հանրաճանաչությունից զատ մեծ է նաեւ ազդեցությա՞ն ոլորտը այս վեպի։
-Վեպն իրոք այն մեծ գրական երեւույթներից է, որը փոխեց ընկալումը մի շարք ոլորտներում: Նախ եւ առաջ այն ծնունդ տվեց գեղարվեստական ստեղծագործություններին. «Դյուն»–ից ոգեշնչված գրվել են բազմաթիվ գրքեր, նկարահանվել են ֆիլմեր (օրինակ՝ «Աստղային պատերազմներ»-ը շատ բանով պարտական են «Դյուն»-ին), ստեղծվել են տեսախաղեր, անվանակոչվել են մոլորակներ:
Այն հզոր պատգամ էր մեր մոլորակի ապագայով անհանգստացած մարդկանց. վեպը նույնիսկ նպաստեց նոր բնապահպանական շարժմանը:
Բայց ինձ համար կարեւոր է վեպի քաղաքական ուղերձը, այն է՝ մի՛ վստահեք քաղաքական առաջնորդներին: Հերբերթը ընդգծում էր, որ պետք է հատկապես զգուշանալ խարիզմատիկ առաջնորդներից, քանի որ նրանք ունակ են իրենց հետեւորդներին դեպի անդունդ տանել: Նույնը վերաբերվում է նաեւ կրոնական առաջնորդներին:
-Թեմաները, շերտերը այնքան տարբեր են, որ գիրքը կարող է գրավել տարբեր հետաքրքրությունների տեր մարդկանց։ Բայց այն առավել ընթերցողների նո՞ր սերնդի հետաքրքրության տիրույթում է։
-«Դյուն»-ը այն գրքերից է, որը կարելի է վերընթերցել տարբեր տարիքում եւ ամեն անգամ նորովի ընկալել: Սա էլ է վեպի հաջողության գրավականներից մեկը: Երիտասարդներին գրավում է Փոլ Ատրեյդեսի հերոսական կերպարն ու պայքարը, Չանիի անձնվիրությունն ու հայրենասիրությունը: Մեծահասակները վեպում կվերծանեն բարդ լեզվափիլիսոփայական ինտերտեքստը, կնկատեն սոցիալ-հոգեբանական գաղտնագրերը, կապիտալիզմի եւ հակակոլոնիալիզմի թեմաները:
Անշուշտ, վեպի ամբողջական խորությունը հասկանալու համար պետք է որոշ գիտելիքներ ունենալ. իմանալ փիլիսոփայություն, պատմություն, էթիկա, կրոն եւ նույնիսկ լեզվաբանություն: Այդ առումով՝ հորդորում եմ անպայման կարդալ «Դյուն»-ի բառարանը, որը փորձել եմ հարստացնել նաեւ իմ մեկնաբանություններով:
-Պայքարը բնական պաշարների ու մոլորակային իշխանության համար է, կենտրոնում սակայն մարդն է։ Թե՛ բնական, թե՛ միստիկ, թե՛ կրոնական, թե՛ գիտատեխնիկական հնարքները ծառայում են տիեզերքում մարդկության գոյությանը։ «Մարդուն չի կարելի փոխարինել»․ ասվում է գրքում։
-Սա իրոք մարդակենտրոն վեպ է: Ավելին՝ մեծագույն խնդիրն է գտնել Մարդուն մեծատառով. նրան, ով չարից եւ բարուց անդին է, որը կկարողանա տեսնել ապագան եւ փրկել մարդկությանը: Բայց ի տարբերություն «մարդկությանը փրկելու» մասին նմանատիպ վեպերից, Հերբերթը կանխամտածված չի պարզաբանում, թե որն է փրկությունը, թեեւ ակնարկում է, որ այդ գերմարդը կարող է մարդկությանը տանել տիեզերական «ջիհադի»:
Վեպը մարդակենտրոն է, բայց ոչ հերոսակենտրոն: Ավելին՝ պարզ չէ նույնիսկ, թե ով է վեպի հերոսը. միգուցե դա Փոլը չէ, այլ Սթիլգարը կամ Դանքըն Այդահոն: Իսկ գուցե սա վեպ է, որտեղ իրական հերոսներ չկա՞ն:
Իրականում Հերբերթը, կարծում եմ, չի վստահում գերմարդուն, այլ հավատում է անհատներից բաղկացած հասարակությանը, որը միավորված է վեհ գաղափարով, եւ այդ առումով՝ «Դյուն»-ը նաեւ նախազգուշացնում է, որ պետք չէ սպասել մեսիայի կամ փրկչի:
-Մարդկանց կյանքը ապահովելու համար ջուրն այստեղ սահմանափակ է,- ասաց Յուեն։- Ժողովուրդը գիտի, որ եթե ավելի շատ մարդիկ են գալիս ջուր խմելու, դրա գինն աճում է, եւ ամենաաղքատները կմեռնեն»։ Մոլորակի գերծանրաբեռնվածությա՞ն, թե՞ սոցիալական անհավասարության խնդիրն է տողատակում։
-Կարծում եմ՝ խոսքը սոցիալական անհավասարության մասին է: Հերբերթի կարծիքով՝ 20.000 տարի անց էլ կլինեն մարդիկ, որոնք «ավելի հավասար են», քան մյուսները, ինչպես ասվում է Օրուելի «Անասնաֆերմա»-ում, եւ դրանից սկսվում է պայքարը հավասարության համար, որին հետեւում են բռնաճնշումներ, հետո ավելի թեժ պայքար, դաժան հալածանքներ, եւ այդ արատավոր շրջանը շարունակվում է: Բնական պաշարները սուղ են, այո՛, թե՛ Առաքիսում, թե՛ երկրագնդի վրա, բայց մենք պետք է սովորենք խնայել եւ միասին գոյատեւել. սա է միակ ելքը:
-Կանանց իրավունքների, իրավահավասարության խնդիրն ի՞նչ հանգրվան է ստանում վեպում։
-Վեպում իրոք կա ֆեմինիստական գիծ: «Դյուն»- ի կանայք չափազանց զորեղ են եւ մանիպուլյատիվ հնարքներով ուղղում են պատմական իրադարձությունները իրենց ընտրած ճանապարհով, այդ թվում՝ սեքսի օգնությամբ: Ինչպես գիտենք՝ կնոջ այդ ուժեղ կերպարը հեղինակը կերտել է նկատի ունենալով իր կնոջը՝ Բեւերլիին:
Թերեւս Հերբերթը, ինչպես եւ իր ժամանակակիցները, որոնց օրոք սկսվել է ֆեմինիստական շարժումը, հավատում էր, որ մայրիշխանական հասարակությունը պակաս հակված կլինի դաժան պատերազմների, կլինի ավելի հանդուրժող: Ես այդ տեսակետը չեմ կիսում:
Ի դեպ, Հերբերթը գտնվում էր իր սիրելի փիլիսոփաների եւ հոգեբանների ազդեցության տակ, այստեղից էլ Ֆրեյդի «չար մոր» կերպարը եւ տղամարդկային վախ կանանց գերակայությունից (լեդի Ջեսիկա, Բենե Ջեսերիտներ), Նիցշեի «գերմարդը» (Քվիզաց Հադերաք), Յունգի արքետիպերն ու կոլեկտիվ անգիտակցականը (ֆրեմեններ):
-Գրքում Նարնջագույն էկումենիկ Աստվածաշունչը պարունակում է հնագույն կրոնների գրեթե բոլոր տարրերը։ Սա չի՞ նախանշում սակայն միահավասարեցման, մարդկությանը հեշտ կառավարելու փորձի մասին։
-Չեմ կարծում, թե նպատակը կառավարելն էր, ավելի շուտ՝ հաշտեցնելը: Հերբերթը, որն աթեիստ էր, կանխատեսում է, որ մարդկության անտեղի եւ երբեմն էլ արյունալի կրոնական հակամարտությունները կանխելու համար ապագայում կմշակվի ընդհանուր «Աստվածաշունչ», որտեղ բոլորը կգտնեն իրենց հոգեհարազատ, հոգեւոր կարիքները բավարարող տեքստ: Արդի հիմնական կրոնները (քրիստոնեություն, իսլամ, բուդդիզմ) ծառայել են որպես վեպի մշակութային հիմք: Սակայն դրանք ներկայացված չեն իրենց ժամանակակից տեսքով. գրողը ստեղծել է հայտնի կրոնական շարժումների հիբրիդներ: Այդպես ձենբուդդիստներից եւ մահմեդական սուննիներից առաջացել են «ձեն-սունիները»: Նման հիբրիդ, խառնուրդ է նաեւ «Դյուն»-ի մշակույթն ու լեզուն: Նույնիսկ վեպի հերոսների անուններն են հիբրիդային՝ եվրոպական «Փոլ»՝ հին հունական «Ատրեյդես» ազգանունով, անգլիական «Վելինգթոն» անունով եւ չինական «Յուե» ազգանունով:
-«Այնտեղով, որտեղով անցել էր իմ վախը, այլեւս ոչինչ չի լինի։ Կմնամ միայն ես»։ Փոլի ամենամեծ հաղթանակը/ փորձությունը վախը հաղթահարե՞լն է։
-Դուք մեջբերեցիք Վախի դեմ հայտնի հմայախոսքը, որը սկսվում է «Ես չպետք է վախենամ: Վախը սպանում է բանականությունը: Վախը փոքրիկ մահ է, որը տանում է լիակատար ոչնչացման»: Վախը հաղթահարելը կարեւոր նախապայման է Փոլի համար՝ որպես ապագա առաջնորդի: Բայց ոչ ամենամեծ հաղթանակը: Իր ամենամեծ փորձությունը իշխանությունն է, որը նրան տվեցին ֆրեմենները: Իսկ թե ինչպես է Փոլը դիմակայում այդ փորձությանը, կիմանաք, երբ թարգմանվի վեպի երկրորդ մասը՝ «Դյունի մեսիան»:
-Գրողի որդին նշում է, որ հայրը եւ մայրը գրքում հիշատակվում են։ Նախատիպ ունի նաեւ Փոլը, բայց Փոլի՝ Մուադ՛ Դիբի կերպարանափոխումը շատ ավելի ընդգրկուն միտք է առաջ քաշում՝ առաջնորդի հերոսացման, ֆետիշացման վտանգը։
-Միանգամայն ճիշտ եք: Հիշե՛նք Լիեթ–Քայնսին, որն անապատում պառկած՝ հիշում է իր հոր խոսքերը. «Քո ժողովրդի հետ ավելի սարսափելի աղետ չի կարող պատահել, քան հերոսի ձեռքն ընկնելը»:
«Դյուն»-ը պատմում է, թե ինչպես են ծնվում առաջնորդները, մեսիաները, որոնք գալիս են վեհանձն, բարձր նպատակներով, բայց հիշեցնում է, որ հերոսները սխալներ են գործում... սխալներ, որոնք արդարացնում են նման առաջնորդներին ստրկաբար հետեւող մարդիկ, եւ նպատակին հասնելը ավելի ու ավելի շատ զոհեր է պահանջում:
Այս հարցին պատասխանելիս չեմ կարող չմեջբերել «Դյուն»-ից այս հատվածը. «Մեծության զգացումը անցողիկ է եւ ոչ հարատեւ։ Այն մասամբ կախված է առասպել կերտելու մարդկային երեւակայությունից: Մեծության զգացում ունեցող մարդը պետք է նաեւ զգա, որ առասպելի մաս է: Նա պետք է արտացոլի այն, ինչ իրենից ակնկալում են: Եվ պետք է ունենա հեգնանքի ուժեղ զգացում. դա նրան հետ կպահի սեփական մեծությանը հավատալուց: Հեգնանքը միակ բանն է, որը կապահովի նրա ներքին աճը: Առանց այս հատկության նույնիսկ ժամանակավոր մեծությունը կկործանի մարդուն»։
Ասում են, որ Փոլի կերպարը ստեղծելիս Հերբերթին ոգեշնչել է Լոուրենս Արաբացին՝ օսմանյան թուրքերի դեմ արաբական ապստամբության եվրոպացի առաջնորդը, որն, ի դեպ, հակասական կերպար էր:
-Իշխանությունն ու քաղաքականությունը վճռորոշ են բոլոր ժամանակներում։ Ո՞ւր է գնում Հերբերթի ուրվագծված նոր աշխարհը։
-Հերբերթը բավականին հոռետես է եւ չի տեսնում նոր աշխարհը հնից շատ տարբերվող: Այո՛, մարդիկ տիեզերական ճամփորդություններ են կատարում, բայց միեւնույն ժամանակ հնի պես արյուն թափում իրենց նպատակներին հասնելու համար, նույնիսկ եթե այդ նպատակը կեղծ է, խաբուսիկ կամ պարտադրված:
-Ի՞նչ կասեք թարգմանական գործընթացի մասին։ Գրողի ոճը, լեզուն, էկզոտիկ բառաշերտը ի՞նչ աշխատանք էր պահանջում։
-«Դյունը» իմ ամենամեծ թարգմանությունն է՝ թե՛ իր ծավալով, թե՛ խմբագրական աշխատանքով: Մանկուց սիրել եմ գիտաֆանտաստիկ ժանրը, բազմիցս վերընթերցել եմ իմ սիրելի Ստրուգացկի եղբայրներին, Բրեդբերիին: Այդ պատճառով մեծ պատիվ էր թարգմանել այս նշանավոր վեպը:
Ինչպես միշտ՝ թարգմանության համար ես կարդացի վեպի մասին գրված հոդվածներ (դրանք անհավանականորեն շատ են, ինչպես նաեւ ակադեմիական թեզերն ու մասնագիտական վերլուծությունները), հատկապես ուշադրություն դարձրի հենց Հերբերթի մեկնաբանություններին ու հարցազրույցներին: Հարուստ է նաեւ վեպի ինտերտեքստը, որը պետք էր հաշվի առնել թարգմանության ժամանակ: Մի խոսքով՝ ես ունեի թարգմանչի համար հրաշալի աշխատանքային դաշտ:
Բարդությունները սկսվեցին հենց վեպի վերնագրից. «Դյո՞ւն», թե՞ «Ավազաթումբ»: Կանգ առանք «Դյուն»-ի վրա, քանի որ իրականում հայ ընթերցողին այդ բառը ծանոթ է, իսկ Հերբերթի նկարագրած ապագայի աշխարհում մարդիկ խոսելու են լեզուների յուրօրինակ խառնուրդով, որտեղ կան հայերեն թարգմանություն չպահանջող այնպիսի բառեր, ինչպիսիք են «ջիհադը», «ֆեդայկինը», «կինջալը» եւ այլն:
Գիտաֆանտաստիկ երկերը ընդհանրապես դժվար է թարգմանել, քանի որ ստիպված ես հեղինակի հետ հորինել երեւակայական աշխարհի անծանոթ հասկացությունների համար բառեր: Այսպես հայերեն «Դյուն»-ի համար ծնվեցին «ավազաորդ», «ֆիլտարկոստյում», «թույնախույզ», «լուսագունդ», «հնգավահան» բառերը:
Սակայն խնդիրը բարդանում էր նրանով, որ Հերբերթը «Դյուն»-ի համար ստեղծել է արդեն ծանոթ կենդանի կամ մահացած լեզուների՝ լատիներեն, պարսկերեն, արաբերեն, նույնիսկ ռուսերեն երբեւէ չլսված խառնուրդ: Այդ պատճառով գրեթե ամեն պարբերության մեջ ես պետք է որոշեի՝ որը թարգմանել, որի համար գտնել համարժեք, իսկ որը բառը թողնել՝ հուսալով, որ ընթերցողը ունի որոշ գիտելիքներ եւ կհասկանա երկակի, երբեմն եռակի իմաստը: Որոշ փակագծեր համարել եմ անհրաժեշտ բացել, օրինակ՝ որ Լետո Ատրեյդեսի անունը կապված է հունական դիցաբանության հետ (այն հիշատակվում է Հոմերոսի «Իլիականում»).
Մեկ այլ մեծ հարց էր, թե ինչպես տառադարձել «Դյուն»-ի բառերն ու անունները: Նույնիսկ անգլալեզու համացանցում մշտական կռիվներ են, թե արդյոք պետք է արտասանել «Բենե Ջեսերիտ», թե՞ «Բենի Ջեզերիտ», եւ այսպես շարունակ: Ես գտել եմ հենց հեղինակի արխիվային ձայնագրությունները, փորձել հասկանալ, թե ինչպես է նա արտաբերում այդ բառերը: Կրկին օգնեց հայերենի հարուստ հնչյունաբանությունը:
Ինչ վերաբերում է ոճին, Հերբերթի լեզուն բավականին արխայիկ է եւ միեւնույն ժամանակ հուզական չէ, բավականին չոր: Այդ երանգը նույնպես պետք էր պահպանել:
Որպես վերջաբան առաջարկեմ ընթերցողին մտածել, թե որն է տարբերությունը հերոսի եւ հակահերոսի միջեւ: «Դյուն»-ը մեզ հուշում է, որ տարբերությունը նրանում է, թե երբ մենք կավարտենք հերոսի պատմությունը: Իսկ Փոլ Ատրեյդեսի պատմությունը դեռ ավարտված չէ...
Արմինե Սարգսյան