Լը Պենին ու ընկերներին դատում են փողեր մսխելու համար

Փարիզի դատախազությունը ֆրանսիական «Ազգային միավորում» խորհրդարանական ֆրակցիայի ղեկավար Մարին Լը Պենի համար 5 տարվա ազատազրկում է պահանջել, որից 3-ը՝ պայմանական։ Բացի այդ, Ֆրանսիայի աջերի առաջնորդը պետք է 300 հազար եվրո տույժ վճարի՝ Եվրախորհրդարանի միջոցների ոչ նպատակային վատնման համար, հայտնում է BFMTV հեռուստաընկերությունը։

Մեղադրող կողմը պահանջել է գործչին հինգ տարի ժամկետով զրկել իշխանական մարմիններում պաշտոն ստանձնելու հնարավորությունից։

Մարին Լը Պենից բացի, այս գործով անցնում են «Ազգային միավորման» ևս 20 անդամներ։ Նրանց համար ևս դատախազությունը բանտային ժամկետներ է պահանջում։

Մեղադրական որոշման դեպքում Լը Պենը չի կարողանա առաջադրվել առաջիկա ընտրություններում։ Ի պատասխան, «Ազգային միավորման» առաջնորդն ասել է, որ այսպիսով դատախազությունը ֆրանսիացիներին զրկում է իրենց համակրած թեկնածուին ընտրելու հնարավորությունից։

Փարիզի դատարանում Լը Պենի ու նրա կուսակիցների գործով դատական լսումները մեկնարկել են այս տարվա սեպտեմբերին։ Քննչության տեղեկություններով, մեղադրյալները Եվրախորհրդարանում ֆիկտիվ օգնականների են աշխատանքի վերցրել և գողացված գումարները փոխանցել «Ազգային միավորմանը»։

Լը Պենն արդեն հայտարարել է, որ պատրաստվում է առաջադրվել 2027 թվականի նախագահական ընտրություններում։

«Ազգային միավորումը» աջ պոպուլիստական ազգայնական կուսակցություն է։ Այս տարի Ֆրանսիայում անց կացված խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով, կուսակցությունն առաջին տեղում էր։ Գործող նախագահ Էմանուել Մակրոնի ցենտրիստական կուսակցության և ձախերի համագործակցության արդյունքում Լը Պենի կուսակցությունն ընտրությունների երկրորդ փուլում զբաղեցրել էր երրորդ տեղը։

The post Լը Պենին ու ընկերներին դատում են փողեր մսխելու համար first appeared on Epress.am.

Читайте на 123ru.net