Երազ երկիր հայրենին ու նորագույն պատմությունը՝ Վանոյի եւ Վազգենի միջոցով

2024 թ. նոյեմբերի 21-ին «Զանգակ» գրատանը տեղի է ունեցել Արա Թադեւոսյանի եւ Լուսինե Ղարիբյանի «Վանոն ու Վազգենը. Երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը» գրքի քննարկումը՝ Հայաստանի նորագույն պատմության համատեքստում:

Քննարկմանը մասնակցել են Արա Թադեւոսյանը եւ փիլիսոփա Աշոտ Ոսկանյանը:  Քննարկումը վարել է գրականագետ Հովհաննես Հովակիմյանը:

Պատմության մասին խոսելու «այլ ձեւը»

Արա Թադեւոսյան

Գրքի հերոսների հետ շփվելու հնարավորություն եմ ունեցել բավականին երիտասարդ տարիքում՝ Վանո Սիրադեղյանի հետ քիչ, Վազգեն Սարգսյանի հետ
մի փոքր ավելի շատ: Այնպես որ, այս գիրքը գրելու հիմքում եղել է նաեւ անձնական հետաքրքրությունը:

Դրան զուգահեռ, գրքի ստեղծման, եթե ոչ որոշիչ, ապա կարեւոր գործոն դարձավ 2020թ. պատերազմն ու այն վիճակը, որում հայտնվեցինք պարտությունից հետո:
2020թ.-ից հետո ինքս ինձ շատ հարցեր եմ տվել ու շարունակում եմ տալ: Միգուցե այս գիրքը պատասխաններ գտնելու ձեւերից մեկն է:

Աշոտ Ոսկանյան

Գրքի շնորհանդեսից հետո Արան ինձ նամակ ուղարկեց՝ իմանալու կարծիքս, քանի որ դրանում տեղ էին գտել նաեւ իմ հուշերը: Կարճ պատասխանեցի՝ «շատ լավ է»: Կարծում եմ՝ գիրքն իսկապես հաջողված է:

Հիմա ապրում ենք հասարակության մեջ, որում պայմանական երկու խմբակցություն պատերազմում են, հայհոյում իրար: Միշտ կա վտանգ, որ կարծիք հայտնելով՝ կարող ես հայտնվել այս կամ այն ճամբարում: Խնդիրը ճամբարների լավ կամ վատ լինելը չէ, այլ՝ այս մոտեցումը: Շատ կարեւոր է, որ մենք մեր պատմության մասին խոսելու այլ ձեւ գտնենք: Կարծում եմ՝ այս գրքի մոտեցումը, երբ միավորվում են բազմաթիվ մարդկանց կարծիքներն ու վկայությունները, մեզ բերում է օբյեկտիվ դաշտ:  

Գրքում ընդգրկված յուրաքանչյուր մարդ ու կարծիք սուբյեկտիվ է,  բայց այդ բոլոր սուբյեկտիվությունները հավասարակշռում են իրար եւ արդյունքում տալիս քիչ թե շատ ընդհանուր պատկեր:

Այսպիսով փորձ է արվում գտնել պատմության մասին խոսելու տարբերակ՝ ոչ թե իրար կոկորդ կրծելով, այլ՝ քիչ թե շատ հավասարակշռված:

Երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը

Արա Թադեւոսյան

Որոշ ժամանակ առաջ գիրքը քննարկում էինք աշակերտների հետ եւ շատ ոգեւորիչ էր, որ 15-16 տարեկան պատանիներն այն հետաքրքրությամբ էին կարդացել:

Այդ քննարկման ժամանակ ասացի, որ Վանոյի եւ Վազգենի մասին խոսելիս շատ է կիրառվում «հակասական կերպարներ» բնորոշումը, որն, ըստ իս, մի քիչ ծեծված է:

Պետք է հաշվի առնել, որ նրանք պատերազմող երկրի ուժային նախարարներ էին եւ շատ հաճախ ստիպած էին ընդունել ոչ պոպուլյար որոշումներ:

Ինչ վերաբերում է ողբերգությանն, այն ավելի լայն համատեքստ ունի: Ողբերգություն էր նախ, որ Վազգեն Սարգսյանը սպանվեց այդ ձեւով, իսկ Վանո Սիրադեղյանը մահացավ տարագրության մեջ: Կարծում եմ՝ ոչ մեկը, ոչ մյուսը արժանի չէին այդ ճակատագրին:

Գիրքը գրելիս մեր նպատակներից էր այս երկու կերպարի շուրջ հյուսված միֆերի եւ կարծրատիպերի կողքին ներկայացնել կենդանի պատմությունը: Այսօր Վանոյին շատերը «ճանաչում են» համատեքստից ու ժամանակից կտրված մեկ-երկու մեջբերումով:

Անտառը պահելով՝ պահել աշխարհը, երկիրն ու ժողովուրդը

Աշոտ Ոսկանյան

Վանո Սիրադեղյանի կենսագրության մեջ ասվում է, որ նա եղել է գրող, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, հետո կարճ ժամանակ Անտառտնեսության վարչության պետ եւ հետո դարձել ներքին գործերի նախարար: Այս Անտառտնտեսության վարչության պետը շատ կարեւոր դրվագ է:

Երբ Շարժումը մտավ խորհրդարան, բնականաբար, «Ղարաբաղ» կոմիտեի անդամները պետք է պաշտոններ ստանձնեին: Հարց էր առաջանում՝ ի՞նչ է ուզում Վանոն: Նա հայտարարեց, որ ցանկանում է լինել Գերագույն Խորհրդի բնապահպանության հանձնաժողովի նախագահ: Այս պաշտոնը ստանձնելու համար, սակայն, կար կարգ: Նա պետք է գար խորհրդարան, ներկայացներ ծրագիրը, որից հետո ընտրվեր, կամ՝ ոչ:

Արդյունքում, խորհրդարանում այն Վանոն, որին հարթակից հարյուր հազարավոր մարդիկ էին լսում, կմկմաց, ոչինչ չկարողացավ ասել տապալվեց: Խորհրդարանը դեմ քվեարկեց նրա թեկնածությանը եւ դրանից հետո միայն նա նշանակվեց գործադիր պաշտոնի՝ Անտառտնեսության վարչության պետ:

Այստեղ իմ միտքը գնում է դեպի մեկ այլ անտառապահ՝ Հրանտ Մաթեւոսյանի Ռոստոմը, որն իրեն ընկալում էր երկրի պահապան: Նա կարծում էր, որ անտառը պահելով՝ աշխարհն ես պահում, երկիրն ու ժողովուրդը: Զգացողություն ունեմ, որ Վանո Սիրադեղյանի՝ անտառապահ լինելու ձգտումը նույնպես սրա հետ էր կապված:  

Գաղափարական հակասությունները

Արա Թադեւոսյան

Վանո Սիրադեղյանն ու Վազգեն Սարգսյանն իսկապես ընկերներ են եղել եւ գոնե մինչեւ 1997 թվականը գործել են միասին: Ինչ վերաբերում է հետագա հակասություններին ու խզումներին, գրքի վրա աշխատելիս ինքս ինձ համար հետաքրքիր հետեւություն եմ արել: Մեզ հաճախ թվում է, որ եթե քաղաքական գործիչներն ընկերներ են, այդպես պետք է շարունակվի միշտ:

Մոռանում ենք, որ ինքներս էլ ունենք ընկերներ, որոնց հետ ժամանակի ընթացքում կապը թուլացել է կամ խզվել. ինչո՞ւ քաղաքականությամբ զբաղվող մարդկանց մոտ պետք է այլ կերպ լինի:

Գործ ունենք բնության տխուր, բայց օրինաչափ ընթացքի հետ: Ցավոք, պատմության անիվը վկայում է, որ պառակտումներն ու խզումներն անխուսափելի են: Այլ բան է, որ դրանք չպետք է որոշիչ դառնան երկրի գոյության համար:

Երազ երկիր հայրենին

Աշոտ Ոսկանյան  

Գրքում մի հետաքրքիր դրվագ կա, որում ականատեսները պատմում են՝ ինչպես է Վազգեն Սարգսյանն ընտրել բանակի օրհներգը: Մի օր նա ասել է, որ բանակի համար հարմար օրհներգ է գտել ու սկսել է երգել «Երազ իմ երկիրր հայրենի» երգը: Նրան ասել են՝ դրանից ի՞նչ օրհներգ, շատ լիրիկական է: Բայց պնդել է, ասել՝ չէ, սա հիմն է, կանգնել ու սկսել երգել:

Զուգահեռ ոտքի է կանգնել Վանո Սիրադեղյանն ու նրանք շարունակել են երգել միասին: Այսպիսի պատկեր էր՝ Վանոն ու Վազգենը երկուսով կանգնած, ճակատ ճակատի տված, իրար աչքերի նայելով, բռունցքները սեղմած, արցունքները հոսելով երգում են «Երազ իմ երկիր հայրենի»: Այս փոքրիկ դրվագը ցույց է տալիս մեծ իմաստություն ու սեր հայրենիքի հանդեպ:

Սրան զուգահեռ մի պատմություն էլ իմ հուշերից պատմեմ: Այս դրվագից մի քանի տարի անց՝ Վազգենի սպանությունից մեկ ամիս առաջ, Հայաստան-Սփյուռք առաջին համաժողովից հետո Սարդարապատում կազմակերպվել էր մեծ ճաշկերույթ: Այդ ժամանակ Գերմանիայում Հայաստանի դեսպանն էի:

Ներկա էին հազարավոր մարդիկ աշխարհի բազմաթիվ երկրներից, իսկապես համազգային հավաք էր: Մի կողմից Մասիսն էր, մյուսից՝ Արագածը, Սարդարապատի հերոսները, Արաքսն ու հետո՝ թշնամին: Վազգենը ելույթ ունեցավ, խոսեց մեր նոր Սարդարապատի մասին, ասաց՝ 21-րդ դարը մեր հաղթանակներինն է լինելու:

Հետո, երբ արդեն գինովցած էր, որոշեց երգել «Երազ իմ երկիր հայրենի»-ն: Այս երգն իսկապես շատ էր սիրում: Առաջին փորձի ժամանակ ձայնը կտրվեց ու չկարողացավ շարունակել, երկրորդ անգամ՝ նույնը, երբ երգը սկսեց երրորդ անգամ ու թվում էր՝ էլի չի ստացվի, նրան միացավ բեմում կանգնած բանակի երգչախումբը: Ահա այդ պահին երգը վերափոխվեց, «Երազ իմ երկիր հայրենի»-ն տարածվեց ու միացավ նկարագրածս ամբողջ պատկերին:

«Վանոն ու Վազգենը. Երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը» գիրքը կարելի է ձեռք բերել առցանց, այս հղումով.

https://premium.mediamax.am/am/books/vano_vazgen  
 
Այս եղանակով գնելու դեպքում այն կարող եք վերցնել Մեդիամաքսի գրասենյակից կամ առաքում պատվիրել:

Գիրքը հասանելի է նաեւ «Բուկինիստ», «Զանգակ», «Էպիգրաֆ» գրախանութների ցանցերում, ինչպես նաեւ՝ այլ գրախանութներում:

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

Читайте на 123ru.net