Արդյո՞ք Ամերիկան հաջորդ Խորհրդային Միությունն է

Ներկայացնում ենք Փրինսթոնի համալսարանի պատմության եւ միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Հերոլդ Ջեյմսի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար։

Հերոլդ Ջեյմս

1987 թվականին պատմաբան Փոլ Քենեդին հրատարակեց իր հեղինակավոր «Մեծ տերությունների վերելքն ու անկումը» բեսթսելերը, որն անդրադառնում էր կայսրությունների՝ չափից ավելի տարածվելու թեմային եւ ավարտվում էր Խորհրդային Միության եւ Միացյալ Նահանգների՝ ժամանակի երկու մեծ տերությունների ուսումնասիրությամբ։ Ընդամենը մի քանի տարուց Խորհրդային Միությունը փլուզվեց՝ թույլ տալով ԱՄՆ-ին դառնալ աշխարհի միակ լիակատար գերիշխող ուժը: Հաշվի առնելով վերջին իրադարձությունները, սակայն, գուցե ժամանակն է սրբել Քենեդիի գրքի փոշին եւ նորովի դիտարկել դրա դասերը:


2020-ի հուլիսին՝ համաճարակի շրջանում, ես անհանգստացած գրեցի «Ամերիկան նմանվել է փլուզվող Խորհրդային Միությանը» վերնագրով հոդվածը։ Մոտենում էր նախագահ Դոնալդ Թրամփի առաջին ժամկետի ավարտը, եւ ես մտավախություն ունեի, որ ԱՄՆ-ն անհուսալիորեն խրվել է ջրափոսում: Թեեւ երկիրը տաղանդների եւ էներգիայի հսկայական պաշար ուներ, քաղաքական համակարգը անգործունակ էր: Երկու հիմնական կուսակցություններն իրենց թեկնածուներին ընտրեցին ոչ ժողովրդավարական ճանապարհով (քանի որ նախնական գործընթացը հիմնականում խեղաթյուրվել էր), իսկ մեծ դրամական նպաստները կարծես դարձան քաղաքական ժողովրդականություն ձեռք բերելու նախընտրելի մեթոդ:

Այս համատեքստում Թրամփին նախագահ Ջո Բայդենով փոխարինելը մեծ տարբերություն չբերեց: Ամերիկան չուներ սովետական ոճի միակուսակցական պետություն, բայց չուներ նաեւ շատ միջկուսակցական կամ ներկուսակցական ժողովրդավարություն: Ընտրողները, միեւնունն է, իրենց խաբված էին զգում, եւ մեծ ծախսերը համարվում էին ընտրական հաջողության եւ սոցիալական կայունության գրավական: Ամերիկային, կարծես, վիճակված էր մնալ ուշ խորհրդային փուլում:

ԽՍՀՄ փլուզումը տեղի ունեցավ երկու փուլով․ անշարժունակ ծերիշխանությունն իր տեղը զիջեց արմատական, խառնիխուռն բարեփոխումների անհաջող փորձերին: Երբ 1984-ին Կոնստանտին Չեռնենկոն դարձավ Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար, նա արդեն 72 տարեկան էր: Նա հաջորդել էր զառամյալ Լեոնիդ Բրեժնեւին եւ վատառողջ Յուրի Անդրոպովին, բայց ինքն էլ այնքան տկար էր, որ Անդրոպովի թաղման ժամանակ դժվարությամբ կարդաց մահախոսականը: Հետո եկավ Միխայիլ Գորբաչովը, որը խոստացավ երիտասարդացնել ԽՍՀՄ-ը՝ «պերեստրոյկա»-ով եւ «գլասնոստ»-ով՝ կոտրելով հին բյուրոկրատական շղթաները։ Սակայն հին մտածողությունը վերացնելու ջանքերը սանձազերծեցին կենտրոնախույս ուժեր, հատկապես ճնշված ազգայնականությունը, որոնք շուտով վերացրեցին հենց Խորհրդային Միությունը:

Այսօր հատկապես Ռուսաստանում շատ վերլուծաբաններ խորհրդային քայքայման այս վերլուծությունը կիրառում են ԱՄՆ-ի նկատմամբ։ Թրամփին համեմատում են Գորբաչովի հետ, որի բարեփոխումները փլուզեցին ԽՍՀՄ-ը: Թեեւ Թրամփը տարիքով շատ ավելի մեծ է, քան Գորբաչովը, նա իրեն ներկայացնում է որպես համակարգը կոտրող աութսայդեր:

Քարոզարշավի ընթացքում իր հեղափոխական նախագիծը քողարկելուց հետո Թրամփն այժմ պարզորոշ խոսում է իր մտադրությունների մասին։ Ցանկացած հաջող քաղաքական շարժման պես՝ Թրամփի «Ամերիկան կրկին մեծ դարձնենք» (MAGA) շարժումը հաղթեց կոալիցիա ստեղծելով: Աշխատավոր դասակարգի ամերիկացիները (ներառյալ ասիացի, իսպանախոս եւ սեւամորթ ընտրողների մեծ թիվը), որոնք հավանել էին Թրամփի հակահամակարգային ուղերձը, միացան ազդեցիկ, ծայրահեղ հարուստ տեխնոլոգիական ձեռնարկատերերին, որոնք իրենց պատկերացումն ունեն երկիրը վերափոխելու մասին:

Զարմանալի չէ, որ այս կոալիցիայում արդեն լարվածության նշաններ կան: Ամենաակնառու խնդիրն այն է, որ Թրամփի առաջարկած լուծումներից շատերը անխուսափելիորեն կհանգեցնեն գնաճի (նույն խնդիրը խորտակեց նախագահ Ջո Բայդենին): Նոր եւ ավելի բարձր մաքսատուրքերը անմիջապես կբարձրացնեն կենսական ապրաքների գինը, իսկ 11 միլիոն ապօրինի ներգաղթյալներին հավաքագրելու եւ արտաքսելու փորձը քաոս եւ աշխատուժի նոր պակաս կստեղծի գյուղատնտեսության, շինարարության եւ բաշխման կարեւորագույն կենտրոններում:

Բյուրոկրատիայի կրճատումն այն ձեւով, ինչպես պատկերացնում են Իլոն Մասքն ու Վիվեք Ռամասվամին՝ կառավարության արդյունավետության նոր մարմնի (DOGE) միջոցով, մեծ թվով ամերիկացիների անօթեւան կթողնի: (Այս տեղահանված աշխատողները դժվար թե շտապեն անցնել ցածր վարձատրվող գյուղատնտեսական աշխատանքներին:) Թեեւ պայծառ ապագան ընդամենը մշուշոտ խոստում է, սպասվող ծախսերն ու բարդություններն ակնհայտ են:

Սիլիկոնային հովտի անունից խոսացողները երազում են, որ արհեստական բանականությունը բարձրացնի արտադրողականությունը եւ, հետեւաբար, ավելի ցածր որակավորում ունեցող աշխատողների վաստակը: Գաղափարն այդքան էլ անհեթեթ չէ։ Կան գործնական ապացույցներ, որ արհեստական բանականությունը արագացրել է զանգերի կենտրոնների թվի աճը: Հնարավոր է արտադրողականության աճը այլ ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը եւ տարեցների խնամքը: Բայց ո՛չ այս հեղափոխական «արագացման» փիլիսոփայությունը, ոչ էլ դրա հնարավոր կիրառությունը մեծ մասշտաբով չի փորձարկվել: Ավելին, Սիլիկոնային հովտի տեսլականի հիմքում գլոբալ կապակցված աշխարհն է, որտեղ գերիշխող դերակատարը ԱՄՆ-ն է:

Չնայած Մասկը միանգամայն կողմ է Թրամփի լիակատար ապակայունացման նախագծին, Մասկի սեփական տեսլականը պարադոքսալ կերպով համատեղում է տեխնոլոգիան «գլոբալիստական» ստատուս քվոյի հետ: «Բիզնեսի սովորական եղանակները սնանկացնում են Ամերիկան, - պնդում է նա, - այսպես թե այնպես՝ մեզ անհրաժեշտ են փոփոխություններ»: Մասկը արդարացիորեն ողջունում է Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի շոկային թերապիան՝ վերացնել մաքսատուրքերը եւ ազատականացնել Արգենտինայի տնտեսությունը, սակայն բոլորս գիտենք, որ «մաքսատուրքը» Թրամփի սիրելի բառն է: Մնում է տեսնել, թե ինչպես կհանգուցալուծվի այս ակնհայտ լարվածությունը։

Լավատեսական առումով պետք է նշել, ԱՄՆ-ի ներգրավված չլինելը ինքնին չի կարող Մեծ դեպրեսիայի մակարդակի համաշխարհային առեւտրի փլուզման պատճառ դաառնալ, քանի որ աշխարհում Ամերիկային բաժին է ընկնում ներմուծման միայն 13,5%-ը: Անշուշտ, այլ երկրներ կարող են հակահարված տալ կամ պարզապես նմանակել Թրամփին: Բայց որքան քաոսային է Թրամփը, այնքան քիչ հավանական է, որ նրան նմանակողներ լինեն: Պարզապես նայենք, թե ինչ կանխարգելիչ ազդեցություն ունեցավ «Բրեքսիթ»-ը այլ եվրասկեպտիկների վրա, կամ ինչպես հետխորհրդային պետությունների մեծամասնությունն այլ մտածելակերպ որդեգրեց:

Թրամփյան կոալիցիայի մի մասը ցանկանում է գլոբալիզմ, մյուս մասը մերժում է այն։ Զավեշտն այն է, որ վերջինները ամենաշատը կզգան դեպի ներս շրջվելու ցավագին արդյունքները: Թրամփի քաղաքական օրակարգը, եթե ընդունվի, անխուսափելիորեն դժգոհության, բողոքի եւ դավադրության տեսության նոր ալիք կստեղծի։

Նույնը վերաբերում է քսաներորդ դարի վերջին տարիների հետխորհրդային փորձին։ Կտրուկ, արագ փոփոխությունը հանգեցրեց միայն քաոսի, եւ բոլոր նրանք, ովքեր դրանից տուժեցին, միացան օտարվածների հաջորդ խմբին: Նմանատիպ դինամիկա կարծես թե տեղի է ունենում ԱՄՆ-ում:

Copyright: Project Syndicate, 2024.
www.project-syndicate.org

Читайте на 123ru.net