Քաղաքապետարանն օգնել է ոստիկաններին պլոմբել հերթական ակումբը
Նոյեմբերի 16-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաներում, միջազգային DJ իվենթի ժամանակ ոստիկանները ռեյդ են արել Երևանի THEØFFICE ակումբում։ Նրանք դադարեցրել են երաժշտությունը, շուրջ երկու ժամ պատանդ պահել ակումբի աշխատակիցներին և 300 այցելուներին, վերբալ և ֆիզիկական բռնություն կիրառել, խուզարկել բոլորի անձնական իրերը։
Տուժածներից մեկը Epress.am-ին պատմել է, որ ոստիկանները հրահանգել են իրենց երկրորդ բեմ և ետնաբեմ տանել։ Սպառնացել են՝ եթե չենթարկվես, մի բան գտնենք քո վրա ենք դնելու։
«Նրանց վարքից երևում էր, որ թմրանյութեր են ման գալիս։ Լուսարձակներով նայում էին ամեն ծակուծուկ, մարդկանց իրերի մեջ։ Պարահրապարակում աղջիկներից շատերը տագնապի մեջ էին, լացում էին։ Մի տղա տեսա, որ պահանջեց իրեն խուզարկելու թույլտվություն ցույց տալ, քցեցին գետնին, ձեռնաշղթաներ հագցրեցին ու զոռով նայեցին»,- պատմել է վկան, որը ցանկացել է մնալ անանուն։
Ռեյդից հետո բաժանմունք տարված աշխատակիցները ենթարկվել են ոտնձգությունների: Ոստիկանությունը Epress.am-ի հարցերին հրաժարվել է պատասխանել։
Ոստիկանները THEØFFICE են մտել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների հետ։ Նրանք եկել էին «լիցենզիա ստուգելու», թեև հենց քաղաքապետարանն է լիցենզիա տվող մարմինը:
Ակումբի աշխատակիցներից մեկը, որը ևս խնդրել է չհրապարակել իր անունը, նշել է, որ վարչական հետապնդումները սկսվել են այս տարի։ Քաղաքապետարանն անընդհատ վկայակոչում է ժամանցային օբյեկտների մասին օրենքը, որում փոփոխություններ են մտցվել 2020 թվականին։ Սահմանվել է, որ ժամանցի վայրերը չեն կարող գործել բնակելի շենքերում կամ դրանցից մինչև 100 մետր հեռավորության վրա։ Երաժշություն չպիտի լինի երեկոյան 24:00-ից հետո։ THEØFFICE-ի աշխատակիցը պնդում է, որ իրենք իդեալական ձայնամեկուսացում են ապահովել․ աղմուկը պարզապես պատրվակ է, այդ պատրվակով մարդկանց տեռորի ենթարկելն՝ անթույլատրելի։
Մամուլի հաղորդագրությամբ ակումբը պահանջել է վերանայել գործող կարգավորումները․ «Օրենքը անարդարացիորեն թիրախավորել է մշակութային հաստատությունները՝ սպառնալով Հայաստանի այլընտրանքային տարածքների զարգացմանը։ Նման լիցենզիա ստանալը Երևանում գործնականում անհնար է, ինչի հետևանքով բազմաթիվ բիզնեսներ չեն կարողանում գործել օրենքի սահմաններում»։
Ռեյդից հետո ակումբի դռները կապարակնքվել են, աշխատանքը՝ դադարեցվել։ Վարչական գործ է հարուցվել, Քննչական կոմիտեից էլ հաղորդել են, թե տարածքում գտել են «թմրանյութի նման զանգված» և դատաքիմիաբանական հետազոտություն նշանակել։
«Եթե նայենք քաղաքապետարանի տարածած վիդեոն, ոստիկաններն առանց ձեռնոցների կպնում են գետնին ընկած նյութին։ Այսինքն՝ նրանք նպատակ չունեն հայտնաբերել թմրանյութ օգտագործողին։ Սա ուղղակի THEØFFICE-ի և ակումբային մշակույթի դեմ ուղղված գործողություն էր», – մեկնաբանել է վկան։
THEØFFICE-ը հայտարարել է, որ չի լռելու և ստորագրահավաք է սկսել մի շարք պահանջներով։
«Այս թշնամակն հարձակումը հանգեցրեց THE ØFFICE-ի փակմանը՝ ցավով արձանագրելով հերթական բռնի հարվածը Հայաստանի էլեկտրոնային երաժշտության ոլորտին և Երևանի աշխույժ գիշերային կյանքին։ Այս գործողությունները ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մարդու հիմնարար իրավունքների բացահայտ խախտումներ են, որոնք հարվածում են ինքնաարտահայտման ազատությանը, արժանապատվությանը, կենսակերպին և մշակութային բազմազանությանը։
Մենք պահանձջում ենք ՀՀ ոստիկանությունից՝ բացել THEØFFICE-ը, կատարել իրենց բուն գործառույթը, այն է՝ պաշտպանել քաղաքացիների սահմանադրական իրավունքը։ Երևանի քաղաքապետրանից՝ մշակել օրենսդրական բարեփոխումների նախագիծ՝ քննարկելով մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ։ ՀՀ Կառավարությունից՝ անցկացնել համապարփակ գնահատում քաղաքային իշխանությունների գործելաոճի վերաբերյալ ՀՀ երկարաժամկետ ռազմավարական տեսլականին համահունչ։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից՝ կատարել մանրամասն ուսումնասիրություն»։
Սա արդեն երրորդ դեպքն է, երբ ոստիկանությունը ռեյդ է անում էլեկտրոնային երաժշտության ակումբում։
Առաջինը Պոլիգրաֆն էր․ դիմակավորված ոստիկանները մտել էին ակումբ, ծեծել, նվաստացրել և բերման ենթարկել ակումբի բոլոր այցելուներին։ Մարդկանց բռնության էին ենթարկել ոչ մի բանի համար և հիմնավորել դա «թրմանյութերի դեմ պայքարով»։ Ռեյդից կարճ ժամանակ անց ակումբը փակվել է։
Երկրորդը «Բան» ակումբն էր․ պարեկները ներխուժել էին տարածք հարսանեկան աֆթերփարթիի ժամանակ, հանդերձարանում թմրանյութին նմանվող զանգված էին գտել, բերման ենթարկել պարահրապարակում գտնվող հյուրերին։ Մարդկանց ծեծել և նվաստացրել էին նաև ոստիկանական բաժանմունքում։ Քրեական գործով մի կին է անցնում, դատական պրոցեսը արդեն մոտենում է ավարտին։ Ոստիկանական բռնությունների առթիվ հարուցված գործում որևէ առաջընթաց չկա։ Ռեյդից հետո «Բան» ակումբը փակվել է։
«Կառավարության պնդումները Եվրոպա գնալու մասին ու նման հարձակումը ակումբային կյանքի վրա իրար հետ չեն բռնում», – մեկնաբանել է THEØFFICE-ի աշխատակիցը։
«Դեպքը տեղի է ունեցել ուժայինների ղեկավարների պաշտոնանկ անելու հաջորդ օրը։ Ես կարծում եմ ՝ սրանով ոստիկանությունը փորձում էր ցույց տալ, որ իրենք աշխատում են», – ասել է տուժածներից մեկը։
The post Քաղաքապետարանն օգնել է ոստիկաններին պլոմբել հերթական ակումբը first appeared on Epress.am.