71-ամյա կնոջը փորձում են վռնդել իր տնից

Եվրոպլաստ ՍՊԸ-ն 71-ամյա Օֆիկ Ղազարյանին ստիպում է հրաժարվել իր 30 տարվա տնից։ Ըստ Օֆիկի՝ ընկերությունն ապօրինի ձեռք է բերել հողատարածքը, փակել իր տանը մուտքը, ջարդել ցանկապատը, ծանր տեխնիկայով սպառնացել, ստիպել իրեն ստորագրել հեռանալու մասին փաստաթուղթ «վախի մթնոլորում»՝ առանց փաստաբանի ներկայության։

Ղազարյանը 1995 թվականից ապրում է Ռոբոտների գործարանի տարածքում, խնամում է տնակը։ 30 տարվա ընթացքում ծառեր է տնկել, պտղատու այգի մշակել։ 

Երբ խորհրդային ժամանակվա գործարանը դադարել է աշխատել, տարածքը պարտքի դիմաց հանձնվել է «Ռաօ մարս» ՍՊԸ-ին։ Օֆիկի թոռները ընկերությանը տեղեկացրել են, որ ցանկանում են գնել տարածքը, խնդրել՝ վաճառքի հանելու դեպքում առաջինն իրենց զգուշացնել։ Բայց 2021 թվականին ընկերությունը վաճառել է տարածքը «Եվրոպլաստ 999» ՍՊԸ-ին։ Սա ևս հաշվի չի առել, որ տարածքի խնամողը Օֆիկն է և դիմել է ոստիկանություն նրան վտարելու պահանջով։ Դատական վճիռ դեռևս չկա։

Մինչև Եվրոպլաստի սեփականատեր դառնալը, Օֆիկը դիմել էր համայնքապետարան՝ տարածքի սեփականաշնորհման համար։ Գործը դեռևս ընթացքի մեջ է։

Կնոջ ներկայացուցիչ Դավիթ Գասպարյանը Epress.am-ին պատմել է, որ տարածքը չէր կարող վաճառվել Եվրոպլաստին, եթե Օֆիկի ներկայացրած սեփականաշնորհման դիմումն ընթացքի մեջ էր։

Նոյեմբերի 27-ին կազմակերպության ներկայացուցիչը ծանր տեխնիկայով եկել ու Օֆիկին փորձել է համոզել հեռանալ տարածքից, ասել, որ իրենք աշխատանքներ պետք է սկսեն։ Օֆիկի հարազատները դիմել են ոստիկանություն, քանի որ Եվրոպլաստն այդ տարածքում շինարարական աշխատանքներ անելու իրավունք չունի։ ՍՊԸ-ի ներկայացուցիչները ոստիկաններին ասել են, որ պարզապես հողի հարթեցում են անում, իսկ իրավապահների հեռանալուց հետո ապամոնտաժել են Օֆիկի տան ցանկապատն ու արմատախիլ արել պտղատու ծառերը։ 

Դավիթ Գասպարյանը նշում է, որ նույնիսկ եթե օրինական վճիռ լինի, համաձայն որի Օֆիկը պետք է դուրս գա տարածքից, իսկ նրան պատկանող գույքը պետք է ապամոնտաժվի, դա չպետք է իրականացվի մասնավոր կազմակերպության աշխատակիցների կողմից. «Ընկերության ներկայացուցչին թվում է, թե ինքը կարող է համ դատարանի գործն անել, համ դատախազության, համ ոստիկանության, համ էլ հարկադիր կատարողի»։

Դեպի տուն տանող ճանապարհը Եվրոպլաստը փակել է աղբով։ Օֆիկն ու նրա հարազատները տուն կարող են մտնել միայն ընկերությանը պատկանող տարածքով։ Աշխատակիցները հաճախ թույլ չեն տալիս ազատ մուտք ու ելք անել, ասում են իրենց տարածքն է, կարող են և չթողնել։ Բացի այդ ընկերության տարածքով հնարավոր է անցնել միայն կոնկրետ ժամերի. առավոտյան 8-ից շուտ կամ երեկոյան 10-ից ուշ Օֆիկը տնից դուրս գալ չի կարող։

Ղազարյանի թոռն Epress.am-ին պատմել է, որ Եվրոպլաստի աշխատակիցները հաճախ փորձում են սադրել, կոնֆլիկտներ ստեղծել։ 

«Ես միշտ ամուսնուս հետ գալիս եմ տատիկի մոտ, որ հանկարծ կռիվ չլինի։ Եվրոպլաստի աշխատակիցներից ամեն ինչ սպասում եմ։ Հատուկ սադրում են, անընդհատ անհարգալից են խոսում թե ամսուսնուս, թե տատիկի հետ։ Ուզում են ամուսինս չդիմանա, խփի, որ ոստիկանություն կանչեն, ասեն՝ հարձակվեցին մեր վրա», – պատմել է Օֆիկի հարսը։

Գասպարյանը ոստիկանություն հաղորդագրություն է ներկայացրել։ «Ասենք եթե շտապ օգնության կարիք լինի, մեծ կին է, ի՞նչ է անելու։ Այսինքն, ով ունի ՍՊԸ կամ այլ տեսակի կազմակերպություն բացելու հնարավորություն, կարող է մարդուն պատանդի կարգավիճակում պահե՞լ», – Epress.am-ին ասել է Գասպարյանը։ 

Նոյեմբերի 27-ից ի վեր ամեն օր տարբեր ժամերի Եվրոպլաստի աշխատակիցները գալիս են Օֆիկի մոտ։ Ասում են, որ ի վերջո պետք է դուրս գա՝ համոզում են ինքնակամ հեռանալ։ Կնոջ խոսքերով՝ մի անգամ եկել են ոստիկանության ուղեկցությամբ։ Քննիչը հարցաքննել է Օֆիկին՝ Եվրոպլաստի աշխատակիցների ներկայությամբ։ Նրա թոռանն ու փաստաբանին ներս չեն թողել, համոզել են ինքնակամ հեռանալու փաստաթուղթ ստորագրել։

Դեկտեմբերի 3-ին Օֆիկ Ղազարյանը դիմում է ներկայացրել ոստիկանություն։ Պահանջել է անվավեր ճանաչել ստորագրված փաստաթուղթը, քանի որ այն կնքվել է «վախի մթնոլորում»՝ առանց փաստաբանի ներկայության։ Բացի այդ, առավոտից անջատել են տնակի հոսանքը։

The post 71-ամյա կնոջը փորձում են վռնդել իր տնից first appeared on Epress.am.

Читайте на 123ru.net