Նամակ Երեւանից. Այս քաղաքը շատ փոքր է միմյանց նեղացնելու համար
«Կինո Մոսկվա»-ի հրապարակից քիչ հեռու՝ Աբովյան փողոցի սրճարաններից մեկում, պատուհանի սեղանի մոտ նստած զույգը լուռ հայացքներ կփոխանակի։ Խոշոր, սեւ աղջկական աչուկներն արցունքի փայլով կլցվեն ամեն անգամ, երբ կհիշի, թե ինչպես երիտասարդը խոստումը չպահեց ու չզանգեց նախորդ երեկո։ Նա հուզված կփորձի բառեր գտնել, նկարագրել, թե ինչպես էր պատրաստվել, հագել ամենահատուկ զգեստը ու սպասում էր զանգին։ Սեւահեր երիտասարդը գլխիկոր կնստի ու աչքերը կթաքցնի պատուհանից բացվող տեսարանում։ «Ա՜խ, եթե հնարավոր լիներ հիմա ուղղակի վեր կենալ ու գնալ», մտածում է նա։
Մատուցողը կփորձի մոտենալ հերթական թեյի բաժինն առաջարկելու, բայց դրանից սեղանի շուրջ մթնոլորտը չի ջերմանա։ Աղջիկը ձեռք չի տա պատվիրած սուրճի բաժակին, իսկ երիտասարդը կշարունակի լռել, մինչեւ Անիի նյարդերը վերջնականապես տեղի կտան։
Սպասարկող անձնակազմը շունչները պահած կսպասեն տեսնելու, թե ինչպես է ավարտվում երեւանյան հերթական սիրային դրաման։ Իսկ դրաման կավարտվի այնպես, ինչպես ավարտվում են Երեւանում ծնվող ու հաճախ առանց լուրջ պատճառի ընդհատվող քսանականների սերերը։
«Ես քեզ համար էդպես էլ կարեւոր չդարձա» արտահայտությամբ Անին կվերցնի պայուսակը ու լացը խեղդելով կլքի սրճարանը։ Նա այլեւս երբեք չի ցանկանա վերադառնալ այստեղ, ամեն անգամ կշրջանցի այս փողոցը, միայն թե չհիշի ու չառերեսվի իր պարտության «վկաներին»։ Երիտասարդն էլ հաստատ այլեւս չի գա այս սրճարան, որ չհանդիպի աշխատողների դատապարտող հայացքներին ու լուռ հանդիմանությանը։
Մինչ Անին սառած մատներով «Yerevan Girlz» անունով չատում (գրավոր հաղորդագրությունների խումբ) հեռախոսով կգրի ընկերուհիներին «ձեր կարիքն ունեմ աղջիկներ, լավ չեմ», Կասկադում երեխաների հետ զբոսնելիս կհանդիպեն տարիներ առաջ «մի գդալ մեղրի» պատճառով միմյանց հրաժեշտ տված Սարգիսն ու Արփին։ Արփին կփորձի փախցնել հայացքը, եթե հնարավոր լիներ անգամ թաքնվել մոտակա ծառի հետեւում, բայց իր հնգամյա աղջկա ինքնագլորը չափից առաջ կընկնի ու փախուստի ծրագիրը կտապալվի՝ դեռ չծնված։ Չնայած Արփին կփորձի թաքցնել հուզմունքը, Սարգիսը կանցնի իր տղայի հետ ու առանց հիշաչարության կկանչի.
- Արփի՛, այդ դո՞ւ ես։
Արփին չլսելու կտա, ինչպես տարիներ առաջ չլսելու տվեց ներքին ձայնը, որը դրդում էր զանգել Սարգիսին։ Նա խորը շունչ կքաշի՝ մտքում բարկանալով Սարգիսի վրա․«նույն բարին ու միամիտն է, ինչպես միշտ եղել է։ Ու՜Ֆ»։
Ու մինչ Արփին կփորձի հասկանալ՝ ինչ կատարվեց իր հետ, մեր վերեւի հերոսուհուն՝ Անիին, ամուր կգրկեն ընկերուհիները՝ գոտեպնդելով «նա քեզ երբեք էլ արժանի չէր» խոսքերով, որոնցից Անին ոչ թե կհանգստանա, այլ էլ ավելի բարձր կարտասվի։
Ընկերները փողոցում կփորձեն տաքսի գտնել։ Նրանց ընդառաջ կգա Անիի սիրո պատմությունից էլ ավելի անհույս վիճակում գտնվող, կիսաջարդ «Opel»-ը։ Դժկամությամբ, բայց այլ ելք չգտնելով, աղջիկները արագ կխցկվեն մեքենայի մեջ՝ «Անին թող մեջտեղում նստի» բղավելով՝ կարծես այդ «մեջտեղը» ինչ-որ հատուկ կարգավիճակ կամ սփոփանք էր տալու նրան։
Պապիկի տարիքի վարորդը կշրջվի ու կտեսնի Անիի կարմրած աչքերը ու ասպետականության մեծ դրսեւորմամբ կառաջարկի մի բուռ էժանագին կոնֆետ, որոնք օգնում են նրան դիմանալ քաղաքի երթեւեկության խառնաշփոթին։
Կանցնեն ամիսներ, գուցե տարիներ, բայց անհերքելի է, որ մի օր Անին անպայման դեմ առ դեմ կհանդիպի սրճարանի երիտասարդին, ինչպես Կասկադում հանդիպեցին Արփին ու Սարգիսը։ Ի՞նչ կզգա Անին, կցանկանա՞ արդյոք նայել նրա աչքերի մեջ, թե կուզի թաքնվել արեւային ակնոցի կամ շարֆի թվացյալ պաշտպանության տակ։ Դժվար է ասել, բայց հստակ է մի բան. Երեւանը շատ փոքր է միմյանց նեղացնելու եւ միամտաբար կարծելու, թե այլեւս չեք հանդիպի։
Նույն օրը Հյուսիսային պողոտայի նստարանին կնստի երեսուննանց կինը՝ ոտքերը անհանգիստ տպտպացնելով գետնին։ Նա նյարդային շարժումներով մե՛կ կնայի ժամացույցին, մե՛կ հեռախոսին։ Ձեռքին բռնած ծաղիկները գնել էր այն հավատով, որ դրանք կցրեն ընկերուհու հետ երկար ամիսների անհասկանալի գժտությունը։ Թիկունքին մեկը մեղմիկ կթմթմբացնի ձեռքով։ Երկու ընկերուհիները շփոթմունքից կգրկեն իրար՝ փորձելով մի ձեռքով բռնել սահող պայուսակը, ընկնող գլխարկը ու ծաղիկները։
- «Ես քեզ կարոտել էի։ Կներես, որ անսպասելի կորել էի։ Դժվար շրջան էր», - կասի նրանցից մեկը։ Իսկ մյուսն ավելի ամուր կգրկի՝ նշան տալով, թե կարիք չկա որեւէ բան բացատրելու։
Երեւանը շատ փոքր է միմյանց նեղացնելու համար։ Ամեն անգամ, երբ փորձեք շրջանցել ինչ-որ մի փողոց, սրճարան, պուրակ, արահետ, շքամուտք, հիշելու եք կոկորդը խեղդող խոսակցությունը կամ ինչն ավելի վատ է՝ լռությունը։ Հիշելու եք ընկերոջ, սիրած աղջկա կամ տղայի հայացքի թախիծը, աջ ու ձախ վազող աչքերը, մազերի հետ անհանգիստ խաղալը, հիշելու եք հենց այդ նույն րոպեն՝ լի ճնշող ծանրությամբ, ու ցանկանալու եք փախչել, անէանալ։ Բայց քանի դեռ ապրում եք Երեւանում, ֆիզիկական փախուստը չի կարող հեռու ու մշտական լինել։
Երեւանը շատ փոքր քաղաք է միմյանց նեղացնելու համար։ Երեւանում ժամանակը չափազանց թանկ է երկար գժտված մնալու համար։
Հ․Գ․ Անգամ ամենաբարկացած պահերին կամուրջներն այրող խոսքեր մի ասեք։
Քո Երեւան
07.12. 2024