Քարի վրա եւ հիշողության մեջ դաջված

1988 թվականի նոյեմբերին մեր դասղեկ Ելենա Զախարովնան մեզ մեկ օրով Լենինական տարավ: Այդ ժամանակ Երեւանում ջրծաղիկի բռնկում էր եղել եւ քանի որ բոլորս մի քանի ժամ նույն ավտոբուսում էինք մնացել, վերադառնալուց հետո դասարանի մեծ մասը հիվանդացավ:

Դեկտեմբերի 7-ին դպրոցում էինք, երբ երկրաշարժ եղավ: Երբ տուն եկա, մամային զանգեց ընկերուհին, ում բարեկամներն ապրում էին Սպիտակում եւ փոխանցեց նրանց խոսքերը. «Սպիտակն այլեւս չկա»: Մեր տանն էր հորաքրոջս ամուսինը: Լավ հիշում եմ, թե ինչպես ջղայնացավ. «Ինչպե՞ս կարող է նման բան լինել, ինչո՞ւ են մարդիկ պանիկա տարածում»:

Առաջին կադրերը Լենինականից եւ Սպիտակից տեսանք երեկոյան, «Վրեմյա» ծրագրով: 12 տարեկան էի, բայց հասկանում էի, որ սարսափելի ողբերգություն է եղել այն քաղաքում, որտեղ մենք ընդամենը մեկ ամիս առաջ էինք գնացել:

Շուտով մեր դասարանում հայտնվեց գեղեցիկ կապուտաչյա Աստղիկը՝ նրան Սպիտակում հանել էին փլատակների տակից: Մեր դպրոցում երկար չմնաց, բայց նրա դեմքը շատ լավ եմ հիշում առ այսօր:

1988-ին, իհարկե, չէի կարող պատկերացնել, որ 2009-ին կսկսենք «Հայաստանը շնորհակալ է ռոքին» նախագիծը, որի արգասիքը կդառնա Գյումրիում նոր երաժշտական դպրոցի կառուցումը: Իմ ընկեր Ջոն Դին, որը 1989-ին նախաձեռնել էր «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագիծը, 1990 թվականին առաջին անգամ գալով Հայաստան, Սպիտակում տեսել էր այս գերեզմանաքարը:



Ծնողներ էին՝ իրենց որդու հետ: Ջոնն ինձ ասում էր, որ այդ պատկերը հաճախ է վերհիշել տարիների ընթացքում: 2013 թվականի սեպտեմբերին, Գյումրիում դպրոցի բացումից հետո, եկանք Սպիտակ ու Ջոնն ասաց, որ ցանկանում է ծաղիկներ դնել այդ գերեզմանաքարին:

Գերեզմանատանը մեզ մոտեցավ մի երիտասարդ կին եւ հարցրեց Ջոնին. «Ներեցեք, ինչո՞ւ եք հենց այստեղ ծաղիկներ դնում»: Ջոնն ասաց, որ տասնամյակներ առաջ տեսել է քարի վրա դաջված այս մարդկանց  դեմքերը եւ դրանք իր համար ոգեշնչման աղբյուր են եղել: Աղջիկն ասաց. «Իմ ընտանիքն է. ծնողներս են եւ եղբայրս»: Նրանք Ջոնի հետ գրկախառնվեցին՝ արցունքները կուլ տալով:

Մի քանի տարի անց Ջոնին խնդրեցի վերհիշել իր եւ Deep Purple-ի երգիչ Իեն Գիլանի այցը Սպիտակ 1990 թվականին: Մի հատված մեջբերեմ այդ հուշերից.

«Հանդիպեցինք տարեց մի կնոջ, որը ապրում էր ընդամենը մեկ սենյակից բաղկացած ժամանակավոր տնակում: Ներս մտնելով՝ տեսանք նրա հարազատների լուսանկարերով պատված պատը: Մատնացույց անելով նկարները՝ նա լաց եղավ: Թարգմանիչն ասաց, որ նրանք բոլորը մահացել են: Նա մեզ հետ խոսում էր մի լեզվով, որը մենք չէինք հասկանում, սակայն մեզ թարգմանություն հարկավոր չէր: Նրա ձայնն ու հեկեկանքը բացատրում էին ամեն ինչ: Կյանքի մայրամուտին նա կորցրել էր ամբողջ ընտանիքը: Իենը նուրբ գրկեց նրան: Նա նայում էր կնոջ աչքերին ու ոչինչ չէր ասում: Դա նույնիսկ պետք էլ չէր: Ես բռնեցի նրա ձեռքերը, եւ նա գլուխն իմ ուսին դրեց: Զգացի նրա արցունքներն իմ պարանոցին: Ես ընդամենը 27 տարեկան էի եւ նախկինում երբեւէ չէի զգացել անծանոթ մարդու այսպիսի վիշտ: Վիշտը համակեց սենյակը…
   
Ապա Իենն ու ես տեսանք մի բան, ինչն ավելի ցնցեց մեզ: Գնացինք ժամանակավոր կացարանում տեղակայված դպրոց եւ մտանք «որբերի դասարան»: Պարզվեց, որ երեխաներից շատերը կորցրել են իրենց ընտանիքները: Մայրերին, հայրերին, եղբայրներին, քույրերին, տատիկներին, պապիկներին: Երեխաների աչքերն ինձ այնպես ցնցեցին, որ մինչ օրս չեմ կարող այդ օրվա մասին բարձրաձայն խոսել: Ես գիտակցում էի, որ հնարավոր չէ մեղմել այդ երեխաների վիշտը: Դա սղոցում էր իմ հոգին այն ժամանակ, եւ հիշելով այդ հանդիպման մասին՝ այն կեղեքում է հոգիս նաեւ այսօր»:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։

Читайте на 123ru.net