Ադրբեջանում կալանավորել են ընդդիմադիր Meydan TV-ի 6 լրագրողների

Դեկտեմբերի 6-ին բերման ենթարկված Meydan TV-ի լրագրողներին 4 ամսով կալանավորելու վճիռ են կայացրել։ Նրանց գործով քննությունը շարունակվում է։ 

Դատական նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ին Բաքվի Խաթայի թաղամասային դատարանում։ 

Meydan TV-ի լրագրողներ Ռամին Դեկոյին (Ջաբրայիլզադե), Այնուր Էլգյունեշին (Գանբարովա), Այզել Ումուդովային, Այթաջ Թափդիգին (Ահմադովա), Խայալա Ագաևային և Նաթիգ Ջավադլիին բերման են ենթարկել դեկտեմբերի 6-ին։ Մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 206.3.2 հոդվածով (մաքսանենգություն մի խումբ մարդկանց կողմից՝ նախնական պայմանավորվածությամբ)։

Ձերբակալվածների մեծ մասի տանը խուզարկություն են իրականացրել, առգրավել են սարքավորումներն ու այլ անձնական իրեր։

Դատարանը 4 ամսով կալանավորելու վճիռ է կայացրել նաև լրագրող, ակտիվիստ Ուլվի Թահիրովի նկատմամբ։ Նա բերման էր ենթարկվել նույն օրը, Meydan TV-ի աշխատակից չէ։  

Meydan TV-ի ղեկավարությունը հայտարարություն է տարածել, որում  ոստիկանության առաջադրած մեղադրանքը որակում են որպես անհիմն, լրագրողների կալանավորումը՝ ապօրինի։ Լրատվականի գլխավոր գրասենյակը վաղուց գտնվում է Բեռլինում։ Ադրբեջանում հետապնդումների պատճառով խմբագրության գործունեությունը հնարավոր է ապահովել միայն արտերկրից։

2023-ի նոյեմբերից ի վեր Ադրբեջանում տասնյակ լրագրողների ու ակտիվիստների են ձերբակալել, հիմնականում՝ մաքսանենգության մեղադրանքով։ Տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները գրեթե բոլորին ճանաչել են որպես քաղբանտարկյալ և պահանջում են ազատ արձակել։ 

— ադրբեջանական Abzas Media-ի լրագրողների նկատմամբ հետապնդումների մասին ավելի մանրամասն՝ այստեղ
— ձերբակալված ակտիվիստների ու գիտնականների մասին՝ այստեղ

The post Ադրբեջանում կալանավորել են ընդդիմադիր Meydan TV-ի 6 լրագրողների first appeared on Epress.am.

Читайте на 123ru.net