ՌԴ-ում կպատժեն ռուսերեն չիմացող երեխաներին․ մեկնաբանություններ

Միգրանտների երեխաները, որոնք բավարարաչափ լավ չեն տիրապետում ռուսաց լեզվին, Ռուսաստանում կզրկվեն կրթության իրավունքից՝ որոշել է Պետդուման։ Նոր օրենքը դեռ պետք է հաստատվի Դաշնային խորհրդի և ստորագրվի նախագահի կողմից։ Այն ուժի մեջ կմնտնի 2025-ի ապրիլի մեկից։

Ընդունելությունից առաջ միգրանտների երեխաներին կստիպեն լեզվի թեստ հանձնել։ Ծնողները պարտավոր են լինելու փաստաթղթեր ներկայացնել, որոնք հավաստում են իրենց՝ Ռուսաստանում գտնվելու օրինականությունը։

Պետդումայի ակտիվն այսկերպ նախատեսում է պայքարել անօրինական միգրացիայի դեմ։ Գործնականում՝ զրկում է երեխաներին կրթության սահմանադրական իրավունքից։ Միգրանտները, որոնց դեպորտացիա է սպառնում, կանխատեսելիորեն խուսափելու են երեխաներին դպրոց տալուց։

Ավելին՝ նոր կարգավորումը հակասում է «Կրթության մասին» դաշնային օրենքին, համաձայն որի կրթության իրավունքը Ռուսաստանում երաշխավորվում է անկախ սեռից, ռասայից, ազգությունից, լեզվից, ծագումից, համոզմունքներից, <․․․> և այլ հանգամանքներից։

Այս հակասության մասին խոսվում է նույնիսկ Ռուսաստանի կառավարության պաշտոնական մեկնաբանության մեջ։ Չնայած գործադիրը հաստատել է օրինագիծը, կից դիտարկումներում նշվել է, որ արգելքը «ոչ ամբողջությամբ է համապատասխանում» կրթության մասին օրենքին (ըստ որի արտասահմանցիները ունեն նույն կրթական իրավունքները, ինչ ռուսաստանցիները), ուստի հարկավոր է սահմանել դպրոց հաճախելու իրավունքից զրկված «անչափահաս օտարերկրացիների իրավական կարգավիճակը»։

Կառավարության դիտարկումներից հետո օրինագիծը փոփոխությունների չի ենթարկվել, ընդունվել է ամբողջությամբ և գրեթե միաձայն (դեմ է քվեարկել ընդամենը մեկ պատգամավոր)։

Ըստ նոր օրենքի՝ թեստավորումը լինելու է անվճար։ Չափանիշները կմշակի կրթության նախարարությունը, գնահատման կարգն ու նվազագույն անհրաժեշտ բալերի թիվը կորոշի Ռոսօբրնադզորը։

Օրենքի ընդունումից հետո էլ հայտնի չէ՝ լեզվի տիրապետության ինչ մակարդակն է համարվելու բավարար։ Հայտնի է միայն, որ քննությունից կտրված երեխաների ընդունելությունը դպրոց կարգելվի։

Ավելի վաղ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել էր, թե ՆԳՆ և կրթության նախարարության տվյալներով՝ անցած կրթական տարվա ընթացքում ռուսաստանյան դպրոցներում միգրանտների ավելի քան 200 հազար երեխա է սովորել, նրանց մոտ իբրև թե «դժվարություններ են ծագել կրթական ծրագրի յուրացման, հասակակիցների և ուսուցիչների հետ շփման մեջ»։ Պետդուման ընտրողական մոնիթորինգ է իրականացրել և հաղորդել, թե կրթական տարվա սկզբի տվյալներով՝ ռուսաց լեզվի իմացության հետ խնդիրներ ունեն միգրանտ աշակերտների մոտ 41 տոկոսը։

Epress.am-ը մեկնաբանություն է խնդրել Հայաստանից Ռուսաստան գնացած աշխատանքային միգրանտներից․

— Նախքան Ռուսաստան տեղափոխվելը երեխուն տարել էինք մասնավոր պարապմունքների։ Առանձնապես ոչ մի օգուտ դա չէր տվել։ Եկավ, տարանք դպրոց, ռուսերեն ոչ հասկանում էր, ոչ էլ խոսում։ Տեղում սովորեց։ Երեխաները շատ արագ են լեզու սովորում, հատկապես երբ այլընտրանքներ չունեն։ Մի կես տարի թեթևակի հետ էր ընկել մնացած առարկաներից, կամաց-կամաց լրացրեց։

— Ես գնացել եմ դպրոց Մոսկվայում։ Ռուսերեն չգիտեի։ Դասերից հետո մնում էի, փողով պարապում էինք դասատուի հետ։ Բայց սովորել եմ ոչ թե մասնավոր պարապմունքների շնորհիվ, այլ որովհետև բնական միջավայրում էի հայտնվել։ Մի քանի ամսվա մեջ սկսեցի խոսել։

Էս օրենքը կամ իզոլացման է տանելու, կամ ընտանիքների մասնատման։ Այսինքն՝ կգան, երեխեքը կմնան տանը, չեն սովորի, չեն ադապտացվի։ Եթե դպրոց չի գնում, չի շփվում հասակակիցների հետ, ո՞նց է լեզու յուրացնելու։ Ռեպետիտորի մոտ պարապելը արդյունավետ չի, գումարած՝ ոչ բոլորը փող ունեն։ Երևի ծնողները կգան աշխատելու, երեխաներին կթողնեն Հայաստանում։ Կամ մենակ տղամարդիկ կգան։ Եթե առաջ խոպանից հետո արտագաղթ էր լինում, հիմա մենակ խոպանը կմնա։

— Շատ բան կախված է նրանից, թե ոնց է սահմանվելու նվազագույն շեմը։ Մի բան է, եթե անցողիկ շեմը պրիվետ-պակայի մակարդակի դնեն, ուրիշ բան, եթե նորմալ խոսել-գրել պահանջեն։ Երեխաները ուղղակի դուրս են մնալու կրթությունից։ Որոշ ծնողներ դրա հետ կհաշտվեն ու դպրոց չեն տանի երեխուն, որոշները՝ երեխաներին ու կանանց հետ կուղարկեն իրենց երկիր։

— Կաշառակերության նոր առիթ է։ Փող կտաս՝ թեստը ավտոմատ կհանձնվի։

The post ՌԴ-ում կպատժեն ռուսերեն չիմացող երեխաներին․ մեկնաբանություններ first appeared on Epress.am.

Читайте на 123ru.net