NEDRA. նոր սարսափ ժանրի խաղ հայ մշակողից

Inmates խաղի հեղինակ, գեյմ դիզայներ Դավիթ Անդրեասյանը մշակել է նոր սարսափ ժանրի խաղ NEDRA-ն, որը պատմվածքահեն արկածային խաղ է` հարուստ մթնոլորտային գործողություններով եւ գոյատեւման պայքարով։

Itel.am-ի հետ զրույցում Դավիթ Անդրեասյանը պատմել է, որ խաղը ստեղծել է միայնակ, պահանջվել է 5 տարի:

Խաղի գործողությունները զարգանում են խորհրդային ժամանակաշրջանում Անտարկտիդայում գտնվող լքված գիտահետազոտական կայանում։ Արթուր անունով գլխավոր հերոսը պետք է ուսումնասիրի շրջակայքը, բացահայտի կայանում թաքնված առեղծվածները, միաժամանակ կռվի հարձակվող զոմբիների ու այլմոլորակայինների դեմ, նաեւ գոյատեւման պայքար մղի՝ պահպանելով մարմնի ճիշտ ջերմաստիճանը։

«Խաղն ունի աննկատ գործելու (stealth) մեխանիկա, որը կապված է մարմնի ջերմաստիճանի հետ։ Գործողությունները տեղի են ունենում սառը միջավայրում (-65-ից -80 աստիճան), հրեշները խաղացողին նկատում են միայն այն դեպքում, երբ նրա մարմնի ջերմաստիճանը նորմալ է, իսկ երբ խաղացողը հիպոթերմիայի շեմին է, չեն նկատում։ Պետք է պահել ջերմային ճիշտ հավասարակշռություն, որ նաեւ սառցամահ չլինի։ Բացի այդ, Արթուրը պետք է փնտրի զինամթերք ու տարբեր գործիքներ, որոնք կօգնեն նրան հաղթահարել ամեն անկյունում սպասող մարտահրավերները»,- նշել է հեղինակը։

Դավիթի խոսքով՝ սա միակ խաղարկային առանձնահատկությունը չէ եւ խաղացողներին կգրավի նաեւ սյուժեի զարգացումները՝ ապահովելով հետաքրքիր փորձառություն։

«Խաղը հասանելի կլինի Steam հարթակում 2025 թվականի երկրորդ եռամսյակում։ Պլանավորում եմ աստիճանաբար այլ հարթակներում նույնպես ներկայացնել»,- ասել է Դավիթը։

Խաղի թիզերը կարող եք դիտել տեսանյութում.

Читайте на 123ru.net