Թոշակը սահմանում են ի վնաս թոշակառուի. հարյուրավոր դատեր Սոցապի դեմ
63-ամյա Մկրտիչ Վարդանյանին որոշել են տարիքային կենսաթոշակի ուղարկել 65 տարեկանից, ոչ թե 63-ից և տալ հասանելիքից քիչ թոշակ։ Միասնական սոցիալական ծառայությունը նրա ստաժը հաշվարկել է 10 տարուց քիչ։ Վարդանյանը մեկն է հարյուրավոր տարեցներից, ով ստիպված է դիմել վարչական դատարան, վարձել փաստաբան, գտնել հին աշխատանքային ընկերներին և լուսանկարներ՝ ապացուցելու համար, որ ունի ավելի մեծ ստաժ։
«Եթե մինչև 10 տարվա ստաժ ունես, ըստ կենսաթոշակների մասին օրենքի 9-րդ կետի՝ թոշակի անցնում ես 65 տարեկանից ու ստանում ես չնչին գումար։ Իմը մոտ 13 տարի քիչ են հաշվարկել։ Մի քանի պատճառաբանություն են բերում․ աշխատանքային գրքույկում կնիքը մաշված է, մյուս աշխատատեղից սոցվճարներ անելու մասին տվյալներ արխիվում չկան։ 82-87 թվերին աշխատել եմ Սիսիանի միջտնտեսային շին-վերանորոգման ձեռնարկությունում, դրանից հետո ընկերությունը վերանվանվել է։ Հիմա գտել եմ գլխավոր հաշվապահին, խնդրել եմ գա դատարան՝ հաստատելու, որ ես աշխատել եմ այնտեղ այդ թվերին։ Տեսնենք ինչ կորոշի դատարանը», – Epress.am-ին ասել է Մկրտիչ Վարդանյանը։
«Պետության պատասխանն այն է, որ ստաժի ապացույցներ բազայում չենք կարողանում գտնել։ Բայց դա չպիտի ազդի քաղաքացու իրավունքների վրա, դա վատ վարչարարության հետևանք է, որից չպիտի տուժի թոշակառուն», – Epress.am-ի հետ զրույցում ասել է փաստաբան Մանուշ Եսայանը, ով ներկայացնում է կենսաթոշակի վերահաշվարկ պահանջող երեք հայցվորների։
Երեք թոշակառուների ստաժը մոտ 10 տարով քիչ է հաշվարկվել։ Նրանք պահանջում են վերանայել ՄՍԾ-ի որոշումը։ Երեք հայցվորներն էլ ապրել ու աշխտել են Լեռնային Ղարաբաղում, թոշակի տարքի են հասել տեղահանությունից հետո։
Կենսաթոշակի վերահաշվարկի պահանջով, ըստ Դատական տեղեկատվական համակարգի, Վարչական դատարանում կա առնվազն 301 բողոքարկում։
Աշխատողների ստաժերի վերաբերյալ փաստերը «կորել են»՝ հիմնականում 90-ականներին, բայց ոչ միայն։ 1989-1993 թվականներին սոցիալական վճարների ֆոնդեր չկային։ Այդ թվերի ստաժը հաշվարկում են ազգային արխիվի տվյալների հիման վրա։ Բայց մյուս տարիների համար բարդ է ստաժը հաստատել։
«Շատ կոպերատիվներ փակվել են, կինքները միշտ չի, որ հանձնել են, գործատուները մահացել են կամ շատ մեծ են, որ վկայություն տան։ Որոշ կազմակերպություններ էլ վերանվանվել են, օրինակ՝ Լենինականի թիվ 1 մանվածքաբանական ֆաբրիկան այժմ կոչվում է Գյումրու ֆարբրիա։ Այդ դեպքում պետք է փաստաթուղթ Արդարադատության նախարարությունից, որ դա նույն ֆաբրիկան է», – Epress.am-ի հետ զրույցում ասել է փաստաբան Գայանե Գևորգյանը։
Ըստ նրա՝ նման գործերով հայցերը քննելիս անգամ դատավորներն են բողոքում, որ Սոցապը չունի ներքին բողոքարկման կարգ և տարեց մարդիկ մի քանի հազար դրամ ավել թոշակ ստանալու համար ստիպված են ընկնել դատական քաշքշուքների մեջ, փաստաբան վարձել, թղթեր տանել-բերել։ Նման գործերն, ըստ փաստաբանի, հիմնականում հաջողության են հասնում և կենսաթոշակը վերահաշվարկվում է։ Սակայն կենսաթոշակը բարձրանում է վճռի հրապարակումից հետո և կորցված գումարները չեն վճարվում։
«Մի գործով մենք ստիպված եղանք հայցից հրաժարվել, քանի որ բոլոր գերատեսչություններից մերժում ստացանք, որովհետև երկու վկա չկարողացանք գտնել․ բոլորը մահացել էին։ Մարդը աշխատել էր ճակընդեղի արտում։ Ուներ մի խմբակային նկար՝ կոլեկտիվով։ Այդ նկարում ինքը երիտասարդ էր, դատարանը չէր կարողանում նույնականացնել», – պատմել է Գայանե Գևորգյանը։
Պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային ծառայությունների ճյուղային արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը կարծում է, որ պետությունը պետք է քաղաքական որոշում կայացնի և ընդունի մինչև 2000 թվականը եղած աշխատանքային գրքույկները։ Դրանից հետոյվա տվյալները արդեն թվայնացված են։
«Որոշումները պիտի մարդու համար կայացվեն, ոչ թե ֆինանսական հաշվարկների։ Քաղաքացին էլ ասում է՝ ինձնից հազար դրամ թոշակս գողանում են։ Ու չկա հաշվարկ՝ էդ հազար դրամ քիչ թոշակը ոնց կարող է անդրադառնալ թոշակառուի կյանքի, առողջության վրա», – նշել է Անահիտ Ասատրյանը։
The post Թոշակը սահմանում են ի վնաս թոշակառուի. հարյուրավոր դատեր Սոցապի դեմ first appeared on Epress.am.