Լավրովն ու Միրզոյանը անկեղծ քննարկում են ունեցել
«Երկկողմանի հարցերի շուրջ վաղուց այսքան մանրամասն բանակցություններ չենք վարել: Միմյանց տեսնում էինք տարբեր միջոցառումների շրջանակում, սակայն երկար ժամանակ չէինք կարողանում մանրամասն, մանրակրկիտ քննարկել մեր հարաբերությունների օրակարգային հարցերի ողջ շրջանակը։ Եվ ես շատ ուրախ եմ, որ մենք այսօր հաղթահարեցինք այդ դադարը։
Ուզում եմ հատկապես ընդգծել, որ բանակցությունները կայացել են Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարների պայմանավորվածությամբ եւ եղել են շատ ինտենսիվ ու արդյունավետ»,- ՏԱՍՍ-ը մեջբերում է Լավրովի խոսքերը։
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարն ասել է, որ իրենք անկեղծ քննարկել են երկկողմ հարաբերությունների գրեթե ողջ սպեկտրը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հարցեր։ «Եվ մի շարք հարցերի շուրջ մեզ հաջողվեց հասնել փոխընդունելի հանգուցալուծումների»,- նշել է Լավրովը։
Արարատ Միրզոյանն իր հերթին Լավրովի հետ հանդիպումը որակել է «անկեղծ եւ կառուցողական»։