Հայաստանի նոր ատոմակայանը ամերիկյան կլինի, ակնարկել է ԱՄՆ դեսպանը

ԱՄՆ դեսպանության կայքում այսօր հրապարակվել է դեսպանի ելույթը, որը նա ունեցել էր դեկտեմբերի 8-ին՝ Հայ-ամերիկյան առեւտրի պալատի (AmCham) նիստում:

Քրիստինա Քվինն ասել է, որ այսօր «ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները առավել խորն ու ամուր են, քան երբեւէ մեր պատմության ընթացքում»:

«Համարձակ եւ ստեղծագործ դիվանագիտության միջոցով մեր վարչակազմերին հաջողվել է առաջ տանել այն խնդիրների լուծումը, որոնք տասնամյակներ շարունակ խոչընդոտել են առաջընթացին։ Այդ առաջընթացը օգուտ կբերի Կենտրոնական Ասիայից մինչեւ Արեւմտյան Եվրոպա գտնվող երկրներին, սակայն ամենամեծ օգուտը ստանալու է Հայաստանը», - ասել է դեսպանը:

Քրիստինա Քվինն ասել է, որ օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեք հուշագիր են ստորագրել, «որոնցից յուրաքանչյուրը տեսլական է սահմանում մեր երկկողմ հարաբերությունների եւ Հայաստանի՝ որպես տարածաշրջանային առաջնորդի դերի համար»։

«Ուրախ եմ տեղեկացնել, որ մենք արդեն զգալի առաջընթաց ենք գրանցում այս հուշագրերի իրականացման հարցում։

Առաջին հուշագիրը հաստատում է համապարփակ գործընկերություն էներգետիկ անվտանգության ոլորտում։ Նպատակն է բարձրացնել Հայաստանի էներգետիկ կայունությունը՝ արդիականացնելով եւ ընդլայնելով էներգիայի արտադրությունը։ 
Հայաստանի էներգետիկ անվտանգության հիմնական ասպեկտներից մեկը քաղաքացիական նշանակության միջուկային կարողություններն են։ Հենց այդ նպատակով ԱՄՆ-ը եւ Հայաստանը այժմ բանակցում են «123 համաձայնագրի» շուրջ, որը թույլ կտա ԱՄՆ-ին քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ արտահանել Հայաստան։

Այս համաձայնագիրը կհեշտացնի համագործակցությունը, քանի որ Հայաստանը ցանկանում է անցում կատարել Մեծամորի միջուկային ռեակտորից դեպի ժամանակակից, ճկուն համակարգ։ ԱՄՆ-ի առաջատարությունը ժամանակակից միջուկային էներգետիկայի արդյունաբերության ոլորտում բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում Հայաստանին՝ ապահովելու իր միջուկային անվտանգությունը եւ էներգետիկ անկախությունը ապագայում», - ասել է Քրիստինա Քվինը:

Читайте на сайте