ՌԴ-ն առաջարկել է ԱՊՀ տարածքում հրաժարվել դոլարից
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրինագիծ է մտցրել Պետդումա, որը ենթադրում է ԱՊՀ տարածքում դոլարից հրաժարում:
Ինչպես հաղորդում է Vestifinance.ru-ն, այս օրինագիծը նշանակում է միասնական ֆինանսական շուկայի ստեղծում Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ ԱՊՀ մյուս պետությունների միջեւ:
ՌԴ նախագահի կայքում հրապարակված «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ինտեգրված արժութային շուկայի ձեւավորման ոլորտում համագործակցության մասին» հաղորդագրության համաձայն՝ կստեղծվի մեխանիզմ, որը թույլ կտա հրաժարվել դոլարից եւ եվրոյից՝ որպես հաշվարկներում օգտագործվող միջանկյալ արժույթից:
Եվրասիական տնտեսական միության շրջանակում երկրներն արդեն քննարկել են ազգային արժույթներին անցնելու հնարավորությունը: ՌԴ-ի, Հայաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի միջեւ պայմանավորվածության համաձայն՝ փոխհաշվարկներում միայն ազգային արժույթների օգտագործմանն անցնելը պետք է տեղի ունենա 2025-2030 թթ.:
Համանման առաջարկ է պարունակում ԵՏՄ անդամ պետությունների կողմից 2014թ. դեկտեմբերին հաստատված նախագծում:
Ներկայում ԵՏՄ երկրների միջեւ փոխադարձ հաշվարկների 50%-ը կատարվում է դոլարով եւ եվրոյով: Նախագծով առաջարկվում է ԵՏՄ տարածքում ընդհանրապես հրաժարվել դոլարի եւ եվրոյի օգտագործումից: