Новости по-русски

«Շանթ 2015». ՀՀ ԶՈՒ-ն կբերվի բարձր մարտական պատրաստվածության

«Շանթ 2015». ՀՀ ԶՈՒ-ն կբերվի բարձր մարտական պատրաստվածության

Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը՝ նշելով, որ զորավարժության հիմնական նպատակն է պարզել պետության ներուժը հնարավոր պատերազմի ժամանակ:

Նա հիշեցրել է, որ զորավարժությունը պլանային է եւ որեւէ կապ չունի վերջին օրերի սահմանային լարվածության հետ:

«Զորավարժության անցկացումը հաստատվել է դեռեւս 2014թ. նոյեմբերին՝ ՀՀ նախագահի կողմից։  Ընդգրկում է պետական մարմինները եւ բանակային կորպուսներից մեկը։ Զորավարժության առաջին փուլում ընդգրկվել են պետական կառավարման բոլոր մարմինները, որոնք ունեն զորահավաքային պատրաստության խնդիրներ։ Նման մասշտաբի զորավարժություն առաջին անգամ է իրականացվում, որում ընդգրկված են հանրապետության բոլոր գերատեսչությունները: Նրանց աշխատանքին գնահատական տալը դեռ վաղ է, սակայն հետագայում արդյունքները կամփոփվեն»,- ասել է Մովսես Հակոբյանը:

Հիշեցնենք, որ զորավարժությունն անցկացվելու է սեպտեմբերի 3-ից 6-ը։

Զորավարժության այսօրվա սցենարի համաձայն՝ ՀՀ պետական պատկերասրահում կազմակերպվել է տարհանում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում հավելյալ մահճակալներ են տեղադրվել, որտեղ, ըստ սցենարի, պետք է տեղավորվեն տարհանված քաղաքացիները։ Ռազմական դրության հետ կապված՝ ՀՀ կապի կառավարման համակարգի որոշ հատվածներ անցել են ՀՀ ԶՈւ ղեկավարման տակ։ Ամբողջությամբ տարհանվել է Մատենադարանի աշխատակազմն ու ունեցվածքը։

Արտաշատի քաղաքային հիվանդանոցում տեղադրվել է 50 լրացուցիչ մահճակալ՝ տարհանման գործողությունների նախապատրաստման աշխատանքների շրջանակում։ Ժամը 18:00-ից սկսած՝ Հանրապետության հրապարակում ձեւավորվելու է ավտոշարասյուն, որը դեռեւս հայտնի չէ, թե ինչ հրաման է ստանալու, իսկ 2:00-ից մինչեւ լուսաբաց Ավան վարչական շրջանում հայտարարվելու է պարեկային ժամ։

Զորավարժության սցենարով փորձարկվում է նաեւ ԱԳՆ գործունեությունը, որով պարզ կդառնա, թե ինչ միջոցառումների պետք է դիմի գերատեսչությունը, որպեսզի նվազեցնի լարվածությունը։ Արտգործնախարարության առջեւ դրված է նաեւ հետեւյալ խնդիրը՝ ի՞նչ անել, եթե ՀԱՊԿ գործընկերից մեկը (բայց ոչ Ռուսաստանը) չկատարի իր պարտականությունները։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության այսօր հրավիրած արտահերթ նիստում որոշել է լրիվ մարտական պատրաստվածության բերել երկրի զինված ուժերը։

Ըստ զորավարժության սցենարի՝ զինված ուժերն ունեն 65 օրվա պահուստ բոլոր նյութական միջոցների համար, իսկ որոշ նյութական միջոցների համար՝ ավելի շատ։

Читайте на 123ru.net