Новости по-русски

Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանն արդեն ունի Օլիմպիական երկու ուղեգիր

Հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարում մեր երկիրն արդեն ապահովել է Օլիմպիական երկու ուղեգիր:

Մինչեւ 66 կգ քաշային կարգում հիանալի է ելույթ ունեցել Միհրան Հարությունյանը: Հայ մարզիկը որակավորման փուլից մինչեւ կիսաեզրափակիչ տոնել է տպավորիչ հաղթանակներ 9:0, 4:3, 9:0, 6:0, 4:1, 10:1 հաշիվներով, իսկ ահա կիսաեզրափակչում` հաղթելով 4:0 հաշվով, մրցավարների միջամտությամբ գոտեմարտն ավարտել է 4:4 հաշվով, ու նա չի կարողացել անցնել եզրափակիչ:

Բրոնզե մեդալի համար պայքարում Հարությունյանը հանդիպել է Ռուսաստանը ներկայացնող Արտյոմ Սուրկովին: Այստեղ առաջին մրցափուլում Հարությունյանը զիջել է 2:0 հաշվով, իսկ երկրորդում, չնայած վնասվածքին, նա երկու միավորանոց հիանալի գլորում է կատարել: Մրցավարների որոշմամբ ռուս մարզիկին տրվել է եւս երկու միավոր, ու Հարությունյանը բավարարվել է միայն Օլիմպիական ուղեգրով:

Մինչեւ 75 կգ քաշային Աշխարհի 2014 թվականի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը եւս իրավունք է նվաճել մասնակցելու Ռիոյում կայանալիք Օլիմպիադային: Ջուլֆալակյանը պարտվել է առաջին գոտեմարտում, սակայն նրա մրցակից Ռոման Վլասովը դուրս է եկել եզրափակիչ, ինչից հետո էլ հայ ըմբիշը պայքարել է սփոփիչ գոտեմարտերում, տարել երկու հաղթանակ, սակայն չի կարողացել պայքարել բրոնզե մեդալի համար:

Մեր երրորդ ըմբիշ Արթուր Ալեքսանյանը երկրորդ տարին անընդմեջ եզրափակչում է: Նրա ելույթը կսկսվի մի քանի րոպե անց:

Читайте на 123ru.net