ՀՀ-ն կոչ է արել կանխել գրոհայինների ներհոսքը Մերձավոր Արեւելք
Այս մասին ՀՀ ԱԳՆ ղեկավարն ասել է Փարիզում՝ Մերձավոր Արեւելքում կրոնական եւ ազգային փոքրամասնությունների դեմ բռնությունների կանխարգելմանը նվիրված միջազգային համաժողովին:
«Սիրիայում եւ Իրաքում ահաբեկչական ուժերի կողմից հետապնդվող էթնիկ եւ կրոնական խմբերի պաշտպանությունը պահանջում է գործողությունների համադրում եւ համակողմանի աջակցություն, այդ թվում՝ հումանիտար օգնության տրամադրում ինչպես փախստականներին, այնպես էլ՝ այն վտանգված համայնքներին, որոնք ահաբեկիչների թիրախ են դարձել։ Միջազգային աջակցությունը չպետք է տարանջատվի առաջնային եւ երկրորդական ուղղությունների եւ պետք է տրամադրվի բոլոր տուժածներին»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը:
Նա պատահական չի համարել, որ ահաբեկչական խմբավորումները պատերազմ են վարում այս տարածաշրջանի ժողովուրդների մշակութային ժառանգության դեմ:
«Բազմաթիվ իսլամական սրբավայրերի, հնամյա Պալմիրայի եւ Նիմրուդի մշակութային կոթողների ավերումը, Հայոց ցեղասպանության զոհերի մասունքներն ամփոփող Դեյր էլ Զորի Սրբոց նահատակաց եկեղեցու պայթեցումը եւ նմանօրինակ այլ վայրագությունները քաղաքակրթության դեմ գործված հանցանքներ են»,- ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:
Էդվարդ Նալբանդյանը կոչ է արել անհապաղ կերպով մշակել մեխանիզմներ՝ զրկելու ահաբեկիչներին միջոցներից, ֆինանսական աղբյուրներից եւ խոչընդոտելով օտարերկրյա գրոհայինների ներհոսքը: