Новости по-русски

ՉԺՀ վարչապետը վերահաստատել է Չինաստանի հետաքրքրվածությունը Իրան-Հայաստան երկաթուղու հարցում

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 22-ին Պեկինում հանդիպում է ունեցել ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Կեցյանի հետ: 


Կառավարության տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Ընդգծելով, որ տնտեսական ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ՝ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ այցը նոր լիցք կհաղորդի հայ - չինական կապերի ամրապնդմանը և տնտեսական համագործակցության ընդլայնմանը։


Երկու երկրների վարչապետները կարևորել են ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, տրանսպորտի, քիմիական արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, գիտության, կրթության, մշակույթի, քաղավիացիայի ոլորտներում հետագա համագործակցության խորացումը, համատեղ կոնկրետ ծրագրերի իրականացումը: Այս համատեքստում կարևոր է համարվել Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ - չինական համատեղ հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը: 


Վարչապետ Աբրահամյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին տարիներին երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններն առաջընթաց են արձանագրել, և զգալի աճել է ապրանքաշրջանառությունը (ավելի քան կես միլիարդ դոլար): ՉԺՀ վարչապետ Լի Կեցյանը իր հերթին ընդգծել է, որ բոլոր ոլորտներում՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և թե՛ հումանիտար, առկա է արդյունավետ գործակցություն, և Չինաստանը պատրաստ է խորացնելու և ամրապնդելու դրանք։  


Հայաստանի և Չինաստանի վարչապետները մանրամասն քննարկել են Իրան - Հայաստան երկաթուղու, Հյուսիս - Հարավ ճանապարհային միջանցքի կառուցման ներդրումային ծրագրերը: Չինաստանի վարչապետը վերահաստատել է չինական կողմի հետաքրքրվածությունը այս հարցում: Նա պատրաստակամություն է հայտնել համատեղ ծրագրեր իրականացնել Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման, արդյունաբերության, հումանիտար և այլ ոլորտներում: ՉԺՀ վարչապետը տեղեկացրել է, որ Չինաստանում ուսանող հայ երիտասարդների կրթաթոշակը հաջորդ տարվանից կբարձրացվի:


Հանդիպման վերջում Հովիկ Աբրահամյանը Չինաստանի վարչապետին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան. հրավերը սիրով ընդունվել է:


 

Читайте на 123ru.net