Պաշտոնապես բացվել է Դիլիջանի կենտրոնական դպրոցը
Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, դպրոցի բացմանը մասնակցել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Բացումը կատարել են «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր եւ «Այբ կրթական հանգույց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ տեր Մեսրոպ քահանա Արամյանը եւ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Դիլիջանի կենտրոնական դպրոցը ստեղծվել է 2013թ., «Այբ» կրթական հիմնադրամի կողմից` ՀՀ կենտրոնական բանկի հետ համագործակցության արդյունքում: Այն հիմնական դպրոց է՝ նախատեսված 1-9-րդ դասարանի մինչեւ 160 աշակերտի համար:
Պատասխանատուների հավաստմամբ՝ դպրոցն ամբողջությամբ սինխրոնացված է Երեւանի «Այբ» տարրական եւ միջին դպրոցների հետ: «Այբ» կրթական հիմնադրամը պատասխանատու է դպրոցի կառավարման եւ «Այբ»-ի չափանիշներին համապատասխան ուսումնական բովանդակության վերահսկողության համար:
Դպրոցի շենքի կառուցումը եւ գործունեությունն ամբողջությամբ ֆինանսավորվում է ՀՀ ԿԲ-ի կողմից:
Դիլիջանի կենտրոնական դպրոցի տարածքում է տեղակայված նաեւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության արդյունքում ստեղծված ֆաբլաբը՝ գիտարդյունաբերական լաբորատորիան:
Ներկայում դպրոցում սովորող 119 աշակերտների ավելի քան 80%-ը եւ դպրոցի աշխատակիցների 24%-ը Դիլիջան քաղաքից են, իսկ 22%-ը Երեւանից Դիլիջան է տեղափոխվել ընտանիքով, աշխատակիցների 13%-ը Հայաստանի այլ մարզերից է, մնացած աշխատակիցները համատեղում են աշխատանքը Երեւանում եւ Դիլիջանում: