Համանախագահները կոչ են անում վերջ դնել բռնությանը. Ուորլիք
![Համանախագահները կոչ են անում վերջ դնել բռնությանը. Ուորլիք](http://gdb.rferl.org/33E36BF8-41F4-444B-AB78-D108E6092461_w800_h450.jpg)
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտնել է, որ համանախագահները հայ և ադրբեջանցի պաշտոնյաների հետ շփումների մեջ են՝ բռնության նոր դեպքերի առնչությամբ։
«Մենք կոչ ենք անում վերջ դնել հարձակումներին և վրեժխնդրությանը»,- «Թվիթեր»-ում գրել է ամերիկացի համանախագահը։
Այսօր հակառակորդի կրակոցներից Տավուշի մարզում երեք խաղաղ բնակիչ է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը կոչ է արել ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի լարմանն ուղղված քայլերից և գործուն միջոցներ ձեռնարկել իրավիճակի կայունացման ուղղությամբ:
«Հայաստանի Հանրապետության հետ սահմանամերձ ադրբեջանական ազգաբնակչությանը կոչ ենք անում այսուհետ խուսափել սեփական զինված ուժերի համար վահան հանդիսանալուց: Սահմանագոտում իրավիճակը կայունացնելու և ադրբեջանական զինված ուժերին զսպելու նպատակով ՀՀ զինված ուժերը դիմելու են համարժեք գործողությունների, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ասված է ՊՆ-ի հայտարարությունում: