Վանաձորում բացվել է ազգային դրամի պատմության ցուցահանդես
Վանաձորում սեպտեմբերի 23-ին բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» ցուցահանդեսը:
Ինչպես նշել են ՀՀ Կենտրոնական բանկում, ցուցահանդեսը Լոռու մարզի բնակիչներին ներկայացնելու է ազգային դրամի ու դրամաշրջանառության պատմությունը, ինչպես նաեւ ԿԲ գործունեությունը:
Ցուցահանդեսը կտեւի մինչեւ հոկտեմբերի 1-ը: Մարզի իշխանությունների աջակցությամբ կկազմակերպվեն դպրոցականների այցելություններ ցուցահանդես:
«Երեւանի դպրոցականներն այցելում են Կենտրոնական բանկ եւ ծանոթանում են բանկի գործունեությանն էքսկուրսիաների միջոցով: ԿԲ այս նախաձեռնության նպատակն է նմանատիպ հնարավորություններ ընձեռել նաեւ մարզերի աշակերտների եւ բնակիչների համար»,- ասված է հաղորդագրությունում:
Ազգային դրամի պատմության վերաբերյալ ցուցահանդեսը ՀՀ ԿԲ-ն առաջին անգամ բացել է Վանաձորում 2005թ.:
Ազգային դրամի պատմության ցուցահանդեսներ ԿԲ նախաձեռնությամբ կազմակերպվել են նաեւ Ստեփանակերտում, Իջեւանում, Եղեգնաձորում, Գյումրիում, Գավառում, Աշտարակում, Արտաշատում, Հրազդանում եւ Արմավիրում:
Կարող եք ծանոթանալ նաեւ ԿԲ այցելուների կենտրոնի մասին մեր պատրաստած շարքի 1-ին եւ 2-րդ մասերին: