Новости по-русски

ՀՀ նախագահը պատժիչ գործողություններ է խոստացել Բաքվին

Այս մասին ՀՀ նախագահն ասել է առավոտյան մեկնարկած եւ Կառավարության ընդունելությունների տանը շարունակվող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստի օրակարգի հարցերի քննարկման ընթացքում:

«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի նախօրեին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական խաղարար ջանքերի ընթացքում Ադրբեջանը ողջ աշխարհի աչքի առջեւ, իր անպատժելիությանը վստահ, միջազգային բազմաթիվ դերակատարների կողմից հակամարտության մեջ ներգրավված կողմերի գործողությունների միջեւ հավասարության նշան դնելու պրակտիկայից ոգեւորված, հերթական անգամ լկտիաբար խախտեց հրադադարի պահպանման՝ իր իսկ ստանձնած պարտավորությունները։ Հրադադարի խախտման արդյունքում ցավալի կորուստներ ունեցանք. զոհվեցին 4 հայ երիտասարդներ` սեփական հայրենիքի անդորրը հսկող մեր զինվորները, զինվորներ, ովքեր անմիջական վտանգից շատ հեռու էին եւ առաջին գծից 5 կմ հեռավորության վրա զբաղված էին իրենց առօրյա գործունեությամբ: Իսկ մեկ օր առաջ էլ իրենց տանը, իրենց այգում, իրենց սիրելիների աչքի առջեւ զոհվեցին խաղաղ աշխատանքով իրենց ընտանիքի հոգսերը հոգացող երեք կին՝ մայր, քույր, դուստր։

Նրանք զոհվեցին, որովհետեւ մի ամբողջ աշխարհ չի կարողանում Ադրբեջանին հասկացնել, որ մարդկային կյանքի, արյան, զրկանքների ու կտտանքների, սեփական քաղաքացիների ձայնը բանտերում խեղդելու ճանապարհը չի տանում դեպի խաղաղություն, չի տանում դեպի բարօրություն, չի տանում դեպի կայունություն եւ անվտանգություն։ Ինչպես բազմիցս ապացուցել է մարդկության ժամանակակից պատմությունը, Ադրբեջանի իշխանությունների որդեգրած ուղին, մարդկության դեմ հանցագործությունների ուղին կա՛մ հասցնում է միջազգային պատժի, կա՛մ տանում է դեպի համբերության բաժակը մինչեւ վերջ լցված սեփական ժողովրդի կանգնեցրած կառափնարան»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Նախագահի խոսքով` հակամարտության խաղաղ կարգավորման ուղուց շեղվելով` Ադրբեջանն օր օրի շեղվում է նաեւ միջազգային իրավունքի այլ սկզբունքների ճանապարհից։

«Մենք հետեւողականորեն բացահայտելու, հայտնաբերելու եւ հետապնդելու ենք նման հանցագործությունների յուրաքանչյուր մեղավորի՝ հրաման կատարող շարքայինից, մինչեւ նման հրաման արձակող հրամանատարություն։ Եթե այլընտրանք չլինի, ուրեմն հենց մենք ենք լինելու մարդկության պատժիչ սուրը այս հանցագործությունները կատարողների նկատմամբ։ Մենք ենք լինելու, քանի դեռ քաղաքակիրթ աշխարհը ավելի գործուն մեխանիզմ չի կարողանում գտնել։

Երբ մենք ասում ենք, որ պատերազմից վախենում ենք, բայց կռվելուց չենք վախենում, դատարկ խոսքեր չեն: Հայաստանը, իսկ երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է, երկրագնդի ամենառազմականացված տարածքներից են: Գիտեք, որ դեռ մեր պապերն են ասել՝ կռվի մեջ փլավ չեն բաժանում: Եվ պարտադրված հրադադարի ավելի քան 20 տարվա ընթացքում, որը, Բաքվի իշխանավորների կամոք, այդպես էլ հնարավոր չեղավ վերածել խաղաղության, մենք ամեն ինչ արել ենք ՝ խուսափելու համար նոր առճակատումից: Այժմ էլ անելու ենք ու դրա մեջ պատժիչ գործողություններն էլ են մտնում, որպեսզի հակառակորդը չմտածի, թե մարսեց իր լկտի պահվածքը:

Մենք կստիպենք, վստահաբար կստիպենք Ադրբեջանի կառավարությանը հաշվետու լինել իր ժողովրդին՝ նրան պատճառած նորանոր տառապանքների համար: Առայժմ այսքանը»,- եզրափակել է ՀՀ նախագահը:

Читайте на 123ru.net