Վիգեն Սարգսյանը խոսել է «Ավրորա» մրցանակի մասին
Հանդես գալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստում, Վիգեն Սարգսյանն ասել է.
«Ոգեկոչման մեր ծրագրի երկրորդ հիմնասյունը Երախտագիտությունն է: Այս ուղղությամբ եւս կատարել ենք լուրջ եւ հետեւողական աշխատանք: Մենք ավելի լավ ենք սկսել հասկանալ ցեղասպանության օրերին մեր ժողովրդին ձեռք մեկնած սխրանքը, քաղաքացիական խիզախությունը, նրանց բացառիկ ներդրումը հայապահպանության գործում: Ձեւավորվել է մեծ տեղեկույթ, որը հիմք է տալիս մեր հետագա քայլերի եւ աշխատանքի համար:
Այս ուղղությամբ մեր հետագա անելիքներից երկու առանցքային ծրագիր եմ ուզում առանձնացնել: Առաջինը «100 կյանք» ծրագրի շրջանակներում Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Ավրորա» մրցանակն է: Այն ուղղված է լինելու մարդասիրական, մարդակենտրոն ծրագրեր իրականացրած անհատներին:
Ընտրության գործընթացից մինչեւ պարգեւատրման արարողություն այդ ողջ ծրագիրը միտված է Հայաստանը միջազգային ուշադրության կենտրոնում պահելու, վերապրելու մեր պատմությունն աշխարհին ուղղակիորեն եւ անուղղակի պատմելու խնդրին: Մենք պայմանավորվել ենք, որ պարգեւատրման արարողությունը, որին մասնակցելու են եւ դափնեկիրները, եւ ընտրող հանձնախումբը, եւ ծրագրի խորհրդի անդամները, որոնք բոլորն էլ միջազգային մեծ հեղինակություն վայելող անհատներ են, կկայանա Երեւանում 2016թ. ապրիլի 24-ին: Դա հնարավորություն կտա մի կողմից ներգրավել այս հյուրերին Երեւանում անցկացվող Գլոբալ համաժողովի աշխատանքներին, մյուս կողմից` ապահովել նրանց մասնակցությունն ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումներին»:
Վիգեն Սարգսյանը խոսել է նաեւ Էդուարդո Էռնեկյանի նախաձեռնության մասին, որը հանդիսանում է Ռաուլ Վալենբերգի հիմնադրամի համանախագահը:
«Առաջիկա օրերին ի պատիվ ՀՀ նախագահի հիմնադրամը կազմակերպում է մի մեծ միջոցառում Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսում` մեծարելու համար Օսմանյան կայսրությունում Միացյալ Նահանգների դեսպան Հենրի Մորգենթաուին: Նրան հետմահու շնորհվելու է Վալենբերգ հիմնադրամի Ոսկե մեդալը: Այս ծրագիրը եւս շարունակական է, եւ հիմնադրամը մտադիր է աշխատանք կատարել` հայտնաբերելու համար ցեղասպանության տարիներին հայերին օգնության ձեռք մեկնած թուրքերի պատմությունները», - ասել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը: