Новости по-русски

«Արեցինք այն, ինչը մեր պարտքն էր», ասել է Սերժ Սարգսյանը

«Արեցինք այն, ինչը մեր պարտքն էր», ասել է Սերժ Սարգսյանը

Սերժ Սարգսյանն այդ մասին ասել է այսօր՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստը:

«Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը նախանշել եւ իրականացրել է միջոցառումների հսկայական շարք ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Այդ միջոցառումների աշխարհագրության, ընդգրկուն ծավալի եւ որակի մասին, կարծում եմ, կարիք չկա մեկ անգամ եւս խոսելու:

Իմ գնահատականը հետեւյալն է. մենք՝ որպես պետություն եւ որպես աշխարհասփյուռ հայություն, պատվով հանձնեցինք այս քննությունը: Մենք պատշաճ մակարդակով եւ իրապես բարձր հնչեղությամբ տեղ հասցրեցինք մեր ուղերձը: Նաեւ աշխարհին ներկայացանք որպես վերածնված եւ մեծ ներուժ ունեցող ազգ, որ քայլում է քաղաքակրթությանը համընթաց: Համաշխարհային հանրությունը վկան եղավ հայության արժանապատիվ ու բացառիկ միասնական կեցվածքին: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացն արձանագրեց նոր՝ ավելի բարձր մակարդակ:

Դա հնարավոր եղավ Հայաստանի Հանրապետության եւ համայն հայության ուժերի եւ հնարավորությունների համախմբման շնորհիվ: Մենք բոլորս միասին մեր գործով վերահաստատեցինք այն հավերժական ճշմարտությունը, որ հայերի միասնականությունը կարող է լուծել շատ բարդ խնդիրներ: Իսկ եթե բոլորս համախմբենք, մենք որեւէ անլուծելի խնդիր չենք կարող ունենալ:

Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր իրենց մասնակցությունը բերեցին այդ կարեւոր գործին: Անձամբ ես այնպիսի տպավորություն ունեմ, որ աշխարհում չգտնվեց մի հայ, որ անմասն մնար այս միջոցառումներին սատարելուց՝ լինի բարերար կամ արվեստագետ, նվիրատու կամ լրագրող, ցուցարար կամ դիվանագետ, կամավոր կամ պաշտոնյա, գիտնական կամ հոգեւորական: Մենք արեցինք այն, ինչը մեր պարտքն էր: Եվ անելու ենք այնքան, քանի դեռ մենք մեր պարտքերը չենք վերադարձրել մեր Սուրբ նահատակների հիշատակի առջեւ», - ասել է ՀՀ նախագահը:

Читайте на 123ru.net