Новости по-русски

Բաքուն չի ուզում լսել միջազգային հանրությանը, ասել է Նալբանդյանը

Բաքուն չի ուզում լսել միջազգային հանրությանը, ասել է Նալբանդյանը

Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը՝ չներկայացնելով Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման որեւէ մանրամասներ:

Հաղորդագրության մեջ ասված է.

«Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված խայտառակ իրավիճակից եւ այդ առթիվ միջազգային հանրության՝ օր օրի ուժգնացող քննադատությունից ուշադրությունը շեղելու նպատակով Արցախի հետ շփման գծում եւ Հայաստանի հետ սահմանին իրադրության սրումը լի է անկանխատեսելի բացասական հետեւանքներով։ Այս սադրանքներով Բաքուն ի ցույց է դնում իր արհամարհական վերաբերմունքը ինչպես մարդկային կյանքի, այնպես էլ՝ իր կողմից ստանձնած պարտավորությունների նկատմամբ»։

Անդրադառնալով սեպտեմբերի 25-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությանը՝ Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Ադրբեջանն է, որ շարունակաբար մերժում է իրավիճակի կայունացման, վստահության ամրապնդմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները ու, հետեւաբար, պարզ է՝ ում է ուղղված հայտարարության մեջ առկա ուղերձը: Տպավորություն է ստեղծվում, որ Բաքուն միտումնավոր չի ուզում լսել, թե ինչ է միջնորդ երկրների միջոցով ասում միջազգային հանրությունը: Բոլորին ամեն ինչում մեղադրում են, ձեւացնում են, թե կարգավորում են ուզում, բայց իրականում՝ հակառակն են անում»։

Նա կարեւորեց, որ համանախագահները վերահաստատում են այն առաջարկությունը, ինչի վերաբերյալ բազմիցս իրենց համաձայնությունն են տվել Հայաստանը եւ Արցախը՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը։ Այն թույլ կտա առավել հստակ կերպով մատնանշել հրադադարի խախտման եւ միջադեպերի պատասխանատու կողմին։

«Ադրբեջանը հրաժարվում է, քանի որ ցանկանում է ձեռքերն ազատ պահել, միջազգային հանրության վերահսկողությունից դուրս գտնվելով՝ շարունակել իր սադրանքները շփման գծում եւ սահմանին»,- ասաց Հայաստանի արտգործնախարարը։

«Բաքուն մերժում է ոչ միայն վստահության ամրապնդմանն ուղղված եռանախագահների նախաձեռնությունները, այլեւ հրաժարվում է միջնորդների կողմից արված հիմնախնդրի կարգավորմանն ուղղված առաջարկություններից, որոնք հրապարակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հինգ հայտարարություններում. նույնիսկ մերժում է դրանց մասին որեւէ հիշատակում, ինչը կրկին անգամ հստակ երեւաց ԵՄ Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին»,- ընդգծեց Էդվարդ Նալբանդյանը։

Համանախագահները, խորը մտահոգություն հայտնելով իրադրության կտրուկ լարման կապակցությամբ, շեշտեցին, որ իրավիճակի հետագա սրումն անթույլատրելի է։

Читайте на 123ru.net