Новости по-русски

Հայաստանը Սիրիայից ընդունել է ավելի քան 16 հազար փախստական. Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Մինչ օրս Հայաստանը Սիրիայից ընդունել է ավելի քան 16 հազար փախստական, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով ՄԱԿ գլխավոր վեհաժողովի 70–րդ նստաշրջանում։

«Այսօր մենք ականատեսն ենք Մերձավոր Արևելքում տեղի ունեցող անմարդկային դաժանությունների: Կրոնական անհանդուրժողականությունը հանգեցրել է անդառնալի հետևանքների: Մենք ամենաուղղակի կերպով ենք զգում տեղի ունեցող վայրագությունները, քանզի դրանց հետևանքով ոչ միայն ոչնչացվում են հայկական հոգևոր և մշակութային ժառանգության նմուշները, այլև սպանվում և փախստական են դառնում Իրաքում և Սիրիայում բնակվող բազմաթիվ հայեր: Սիրիացի ժողովրդի համար ծանր ժամանակաշրջանում դժվարությունները կիսում է նաև դարերով այդ տարածքներում ապրող հայությունը»,– ասել է Սարգսյանը։

Նրա խոսքով` հայկական կողմն ուժերի ներածին չափով փորձում է օժանդակել փախստականներին։«Մինչ օրս Հայաստանն ընդունել է ավելի քան 16 հազար փախստական Սիրիայից: Նրանց ընդունման թվով Հայաստանն առաջիններից մեկն է Եվրոպայում»,– ասել է Հայաստանի նախագահը:

Սիրիայում 2011թ.–ի մարտից շարունակվում է զինված հակամարտությունը, որի հետևանքով, ՄԱԿ–ի տվյալներով, մահացել է շուրջ 100 հազար մարդ։ Կառավարական զորքերին հակազդում են գրոհայինների ջոկատները, որոնք պատկանում են տարբեր զինված խմբավորումների։

Մինչև ներքին հակամարտության սկսվելը Սիրիայում բնակվել է ավելի քան 100 հազար հայ, նրանց մեծ մասը հաստատվել է հյուսիսում (Հալեպ նահանգ) և հյուսիս–արևելքում (էլ Հասակե նահանգ)։ Դամասկոսում ապրել և աշխատել է ավելի քան 7 հազար հայ։ Սիրիական ճգնաժամի սկսվելուց հետո շուրջ 90 հազար հայեր լքել են արաբական հանրապետությունը։-0-

Читайте на 123ru.net