Новости по-русски

Սարգսյան. մենք իրավական և ռազմաքաղաքական քայլեր կիրականացնենք` Հայաստանի և ԼՂՀ անվտանգությունն ապահովելու համար

Սարգսյան. մենք իրավական և ռազմաքաղաքական քայլեր կիրականացնենք` Հայաստանի և ԼՂՀ անվտանգությունն ապահովելու համար

Հայկական կողմն անհրաժեշտ իրավական և ռազմաքաղաքական քայլերը կձեռնարկի` Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունն ապահովելու համար Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության շարունակության դեպքում, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 70–րդ նստաշրջանում։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական կողմն անհրաժեշտ իրավական և ռազմաքաղաքական քայլերը կձեռնարկի` Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունն ապահովելու համար Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության շարունակության դեպքում, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 70–րդ նստաշրջանում։

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ կարևորագույն խնդիրներից մեկը մեր տարածաշրջանում: Նա նշել է, որ Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականության արդյունքում այսօր ոչ միայն էական առաջընթաց չկա խնդրի կարգավորման բանակցային գործընթացում, այլև արձանագրվել է լարվածության աճի միտում:

«Նավթի վրա կառուցված տնտեսության սասանման պայմաններում հասունացող ժողովրդական ցասումը խեղդելու համար այդ երկրի բռնակալ ռեժիմը խայտառակ ճնշումները գործիք է դարձրել, ինչը, սակայն, այլևս անբավարար է համարում։ Հիմա նրան սեփական հասարակության ուշադրությունը շեղող պատկերներ են պետք շփմանշարուն գծից»,– ասել է Սարգսյանը։

Նա վեհաժողովի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանը, ի լրումն տարատեսակ սադրիչ գործողությունների, արդեն սկսել է կիրառել խոշոր տրամաչափի հրետանի՝ կրակի տակ պահելով ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանամերձ շրջանների խաղաղ բնակավայրերը:

«Ընդամենը մի քանի օր առաջ Հայաստանի սահմանամերձ գոտում ադրբեջանական ռմբահարման զոհ դարձան երեք կին՝ իրենց տանը, իրենց այգում խաղաղ աշխատող հայ կանայք: Հարց՝ կա՞ որևէ բանական արարած, ով կարող է որևէ չխեղված տրամաբանություն ցույց տալ նման վայրագության մեջ: Մեզ համար արդեն ակնհայտ է՝ Ադրբեջանի ղեկավարությունը անդառնալիորեն կորցրել է ոչ միայն իրականության զգացողությունը, այլև մարդկային բոլոր նորմերը»,– ասել է Սարգսյանը:

Սեպտեմբերի 25-ին ղարաբաղյան ուժերի ուղղությամբ հրթիռահրետանային հարվածի հետևանքով զոհվել է ԼՂՀ պաշտպանության բանակի չորս զինծառայող։ Նախօրեին Հայաստանի հյուսիսային բնակավայրերի ադրբեջանի կողմից հասցված կրակոցների պատճառով  մահացել են երեք խաղաղ բնակիչներ։ Կրակոցների ժամանակ Ադրբեջանի ԶՈւ–ն օգտագործում է հրետանի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ականանետեր և նռնականետեր։

«ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների համատեղ 5 հայտարարություններն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը լիովին արհամարհող Ադրբեջանի՝ նման ագրեսիվ քաղաքականության շարունակվելու դեպքում Հայաստանին այլ ընտրություն չի մնում. մենք կիրականացնեք անհրաժեշտ իրավական և ռազմաքաղաքական քայլերը՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունն ու խաղաղ զարգացումը»,– նշել է նախագահը:

Նա ընդգծել է, որ թեև բոլորի համար էլ վաղուց ակնհայտ է, թե որ կողմն է հրահրում հրադադարի խախտումները, պետք է նշել սոսկ մի քանի փաստ:

«Տարօրինակ չէ՞ արդյոք, որ Ադրբեջանը տարիներ շարունակ համառորեն հրաժարվում է դիպուկահարներին հետ քաշելու և հրադադարի խախտումների մեխանիզմ ստեղծելու՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկից: Հարց է առաջանում՝ ինչի՞ց է վախենում Ադրբեջանը:

Տարօրինակ չէ՞, որ Ադրբեջանում հյուրընկալված Եվրոպական խաղերի ընթացքում, երբ նրանց անհրաժեշտ էր կայունության պատկեր, գրեթե ոչ մի կրակոց չի հնչել սահմանին, մինչդեռ խաղերից անմիջապես հետո, դրանք լայնորեն վերսկսվեցին»,– ասել է Սերժ Սարգսյանը:

«Չեմ ակնկալում, որ հավատաք որևէ կողմի պնդումներին, ընդամենն ակնկալում եմ, որ ապավինեք տրամաբանությանը: Տարօրինակ չէ՞, որ 21-րդ դարում մեր հարևանն ամեն օր, առանց հոգնելու, հպարտանում է սպառազինությունների գերկուտակմամբ և ռազմական բյուջեի բազմապատկմամբ, որ համառորեն շարունակում է հանդես գալ պատերազմը վերսկսելու սպառնալիքով, ընդ որում դա անում է պետության ղեկավարի մակարդակով.– նշել է նախագահը:

«Կարծում եմ՝ այժմ բոլորի համար է ակնհայտ, թե ինչու էր Հայաստանը տարիներ շարունակ հետևողականորեն հորդորում միջազգային հանրությանը ոչ թե ընդհանրական, այլ հասցեական հայտարարություններ անել հրադադարի խախտումների վերաբերյալ: Մենք պետք է հասկանանք, որ խաղաղությանը և անվտանգությանը սպառնացող նախանշանները քողարկելու փորձերը կարող են աղետալի հետևանքներ ունենալ»,– հավելել է Հայաստանի նախագահը:-0-


Читайте на 123ru.net