Новости по-русски

ՀՀ նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից նախազգուշացրել է Ադրբեջանին

ՀՀ նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից նախազգուշացրել է Ադրբեջանին

ՀՀ նախագահն այդ մասին ասել է սեպտեմբերի 29-ին Նյու Յորքում՝ հանդես գալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին:

«Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականության արդյունքում այսօր ոչ միայն էական առաջընթաց չկա խնդրի կարգավորման բանակցային գործընթացում, այլեւ արձանագրվել է լարվածության աճի միտում: Նավթի վրա կառուցված տնտեսության սասանման պայմաններում հասունացող ժողովրդական ցասումը խեղդելու համար այդ երկրի բռնակալ ռեժիմը խայտառակ ճնշումները գործիք է դարձրել, ինչը, սակայն, այլեւս անբավարար է համարում: Հիմա նրան սեփական հասարակության ուշադրությունը շեղող պատկերներ են պետք:

Ադրբեջանը, ի լրումն տարատեսակ սադրիչ գործողությունների, արդեն սկսել է կիրառել խոշոր տրամաչափի հրետանի՝ կրակի տակ պահելով ինչպես Հայաստանի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանամերձ շրջանների խաղաղ բնակավայրերը: Ընդամենը մի քանի օր առաջ Հայաստանի սահմանամերձ գոտում ադրբեջանական ռմբահարման զոհ դարձան երեք կին՝ իրենց տանը, իրենց այգում խաղաղ աշխատող հայ կանայք: Հարց՝ կա՞ որեւէ բանական արարած, ով կարող է որեւէ չխեղված տրամաբանություն ցույց տալ նման վայրագության մեջ: Մեզ համար արդեն ակնհայտ է՝ Ադրբեջանի ղեկավարությունը անդառնալիորեն կորցրել է ոչ միայն իրականության զգացողությունը, այլեւ մարդկային բոլոր նորմերը:

ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ 5 հայտարարություններն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը լիովին արհամարհող Ադրբեջանի՝ նման ագրեսիվ քաղաքականության շարունակվելու դեպքում Հայաստանին այլ ընտրություն չի մնում. մենք կիրականացնեք անհրաժեշտ իրավական եւ ռազմաքաղաքական քայլերը՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունն ու խաղաղ զարգացումը:

Թեեւ բոլորի համար էլ վաղուց ակնհայտ է, թե որ կողմն է հրահրում հրադադարի խախտումները, նշեմ մի քանի փաստ:

Տարօրինակ չէ՞ արդյոք, որ Ադրբեջանը տարիներ շարունակ համառորեն հրաժարվում է դիպուկահարներին հետ քաշելու եւ հրադադարի խախտումների մեխանիզմ ստեղծելու՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկից: Հարց է առաջանում՝ ինչի՞ց է վախենում Ադրբեջանը:

Տարօրինակ չէ՞, որ Ադրբեջանում հյուրընկալված Եվրոպական խաղերի ընթացքում, երբ նրանց անհրաժեշտ էր կայունության պատկեր, գրեթե ոչ մի կրակոց չի հնչել սահմանին, մինչդեռ խաղերից անմիջապես հետո, դրանք լայնորեն վերսկսվեցին: Չեմ ակնկալում, որ հավատաք որեւէ կողմի պնդումներին, ընդամենն ակնկալում եմ, որ ապավինեք տրամաբանությանը:

Տարօրինակ չէ՞, որ 21-րդ դարում մեր հարեւանն ամեն օր, առանց հոգնելու, հպարտանում է սպառազինությունների գերկուտակմամբ եւ ռազմական բյուջեի բազմապատկմամբ, որ համառորեն շարունակում է հանդես գալ պատերազմը վերսկսելու սպառնալիքով, ընդ որում դա անում է պետության ղեկավարի մակարդակով:

Կարծում եմ՝ այժմ բոլորի համար է ակնհայտ, թե ինչու էր Հայաստանը տարիներ շարունակ հետեւողականորեն հորդորում միջազգային հանրությանը ոչ թե ընդհանրական, այլ հասցեական հայտարարություններ անել հրադադարի խախտումների վերաբերյալ: Մենք պետք է հասկանանք, որ խաղաղությանը եւ անվտանգությանը սպառնացող նախանշանները քողարկելու փորձերը կարող են աղետալի հետեւանքներ ունենալ», - ասել է Սերժ Սարգսյանը:

Читайте на 123ru.net