Новости по-русски

ՀՀ վարչապետ. Լեռնային Ղարաբաղի խնդիրը կապ չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի հետ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղի խնդիրը կապ չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի հետ ։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Իրականում սահմանազատման հանձնաժողովը որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ, որովհետև ինչպես ասացի, մենք Ադրբեջանի հետ հաղորդակցության տարբեր հարթություններ ունենք, որոնցից մեկը սահմանազատման աշխատանքներին է վերաբերում», – հայտարարել է նա։

ՀՀ վարչապետը նշել է, որ սահմանի անվտանգության հարցը նույնպես այս հանձնաժողովի մանդատի ներքո է, որովհետև «մենք պետք է պահպանենք կայունություն և անվտանգություն ամբողջ սահմանի երկայնքով»։

Փաշինյանի խոսքով, երկրորդ հարթությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն է։

«Կա ևս մեկ հարթություն, որը տարածաշրջանային, տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների բացման մասին է։ Բայց իհարկե, ամենահրատապ հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև և տարածաշրջանային խաղաղության համար Լեռնային Ղարաբաղի հարցն է», – ընդգծել է նա։

Պատասխանելով լրագրողի այն հարթին, որ «Ռուսաստանն ավելի շատ աջակցում է Ադրբեջանին այս գործընթացում»` ՀՀ վարչապետն ընդգծել է, որ «Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է, բայց Ռուսաստանը շատ մտերիմ պետություն է նաև Ադրբեջանի համար»։

«Եվ այս պարագայում մենք տեսնում ենք Ռուսատսնի դերը որպես եռակողմ հայտարարության երաշխավոր (2020թ.–ի նոյեմբերի 9–ի հայտարարության), որը, ինչպես նշեցի, ստորագրվել է երեք կողմերի միջև», – նշել է ՀՀ վարչապետը։–0–

Читайте на 123ru.net